Նոր խթան արտերկրում սովորողների համար

17/04/2008 Նատաշա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից-անդամ Արթուր Իշխանյանի առաջարկած հայաստանցի ու սփյուռքահայ ուսանողների` արտասահմանում բարձրակարգ կրթություն ստանալու համար կրթաթոշակներ տրամադրելու վերաբերյալ նախագիծը դեռեւս 2007-ի աշնանն ուղարկվել էր համապատասխան գերատեսչություններ:

Նախագծի շուրջ քննարկումներ են տեղի ունեցել թե՛ Կրթության եւ գիտության նախարարությունում, թե՛ Ազգային ժողովում, թե՛ կառավարությունում: Նախագծի իրականացման սկզբունքների մշակման համար վարչապետի հանձնարարությամբ ստեղծվել էր աշխատանքային խումբ, կառավարությունը գումար էր հատկացրել, կազմվել էր փաստաթղթերի փաթեթ, որը ներկայացվել էր կառավարության հաստատմանը: Փաթեթը կառավարությունում պետք է քննարկվեր հունվարի 17-ին, սակայն ինչ-ինչ պատճառով քննարկումը հետաձգվեց: Դրան հաջորդեցին նախընտրական քարոզարշավը, նախագահական ընտրությունները, հետընտրական գործընթացները, ինչի արդյունքում նախագիծը մոռացության մատնվեց:

Ի՞նչ է իրենից ներկայացնում այդ նախագիծը: Ըստ հայաստանցի եւ սփյուռքահայ ուսանողների` արտասահմանյան առաջատար գիտաուսումնական հաստատություններում կրթություն ստանալու համար կրթաթոշակներ տրամադրելու վերաբերյալ նախագծի մշակած սկզբունքների` պետք է արտասահմանյան ուսումնական հաստատություններում սովորող հայաստանցի եւ սփյուռքահայ ուսանողներին ցուցաբերվի պետական աջակցություն` ՀՀ կառավարության կողմից անցկացվող ամենամյա կրթաթոշակային մրցույթների միջոցով: Մրցույթին մասնակցելու համար ներկայացվող հայտին կից ուսանողը պետք է երկու երաշխավորագիր ներկայացնի` տրված տվյալ ոլորտի մասնագետների կողմից, որոնք կբնութագրեն դիմորդին, նաեւ՝ կհիմնավորեն տվյալ բուհի բարձր-վարկանիշային լինելը: Մրցույթի անցկացման համար ստեղծվում է համապատասխան պետական կրթաթոշակային հիմնադրամ, որի ֆինանսական միջոցները ձեւավորվում են պետբյուջեից՝ ամենամյա հատկացումներից եւ ոչ պետական կազմակերպությունների ու առանձին անհատների նվիրաբերումներից: Ֆինանսական աջակցությունը յուրաքանչյուր ուսումնական տարվա համար տրվում է միանվագ եւ ամբողջությամբ: Տվյալ ուս. տարվա համար նախատեսված գումարի որոշ մասը չօգտագործվելու դեպքում այն ենթակա է վերադարձման: Ուսանողի կողմից հանձն առնված պարտավորությունները չկատարելու դեպքում եւս հատկացված գումարը ենթակա է վերադարձման: Բացի ֆինանսական աջակցությունից` ՀՀ քաղաքացի հանդիսացող արական սեռի ուսանողները պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում են ստանում: Մրցույթում հաղթած ուսանողների հետ կնքվում է համապատասխան պայմանագիր, իսկ յուրաքանչյուր ուսումնական տարվա ավարտից հետո ուսանողը պետք է տեղեկանք ներկայացնի իր առաջադիմության մասին, ինչպես նաեւ՝ ֆինանսական ու տեխնիկական հաշվետվություն, եւ նոր հայտ ներկայացնի` հաջորդ ուսումնական տարվա համար: Ի դեպ, ըստ կրթաթոշակի տրամադրման պայմանագրի` ուսանողը ուսումնառության ավարտից հետո պարտավոր է վերադառնալ Հայաստան եւ պայմանագրով նշված ժամկետով (2 տարի) Հայաստանում մասնագիտական աշխատանք կատարել:

Նախաձեռնության հեղինակ, ԳԱԱ թղթակից-անդամ Արթուր Իշխանյանի խոսքերով` այս նախագիծը բավական լայն արձագանք է գտել ամենատարբեր մասնագիտությունների տեր անձանց եւ բազմաթիվ շահագրգիռ կազմակերպությունների շրջանում: Նախաձեռնության դրույթներն Ա. Իշխանյանը քննարկել է ավելի քան 500 անձանց (հիմնականում՝ մասնագետների, շահագրգիռ ուսանողների ու պաշտոնյաների), ինչպես նաեւ՝ սփյուռքի ու Հայաստանի մոտ 40 կազմակերպությունների հետ. «Թեեւ սովորաբար համարյա բոլոր դրույթները սկզբնապես ակտիվ հակազդեցության էին հանդիպում, բայց ավելի խորն ուսումնասիրելուց ու քննարկելուց հետո դրանք անվերապահորեն ընդունվում էին: Շատերի համար, օրինակ, սկզբում հասկանալի չէր, թե ինչու պետք է Հայաստանի Հանրապետությունը սփյուռքահայ ուսանողներին կրթաթոշակ տրամադրի ՀՀ բյուջեի հաշվին, այն էլ՝ նման խոշոր գումարներ: Սակայն ավելի խորը ուսումնասիրությունից հետո (օրինակ, երբ հանգամանորեն դիտարկվում էր Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման հարցը, ՀՀ տնտեսության մեջ սփյուռքահայ մասնագետների ներգրավման անհրաժեշտությունը, հետո՝ այսպիսի մոտեցման դեպքում պետական կրթաթոշակային հիմնադրամում սփյուռքահայ կազմակերպությունների ներգրավման հեռանկարը, եւ, ի վերջո, արդյունքում՝ Հայաստանի քաղաքացի ուսանողներին հատկացվող կրթաթոշակների ինչպես թվաքանակի, այնպես էլ գումարի նկատելի աճը) բոլորը համաձայնում էին այս դրույթի հետ։ Մոտավորապես նույն պատկերն էր եւ նախագծի մնացյալ սկզբունքների ու մոտեցումների դեպքում: Ի դեպ, ամենատարբեր կազմակերպությունների կողմից կան նաեւ շատ գրավոր արձագանքներ, որտեղ նշված է, որ ծրագրի մշակվածության աստիճանն ուղղակի գերազանց է»,- ասում է նա եւ ավելացնում,- Հույս եմ փայփայում, որ, այնուամենայնիվ, շուտով այս՝ մեզ համար պարզապես ռազմավարակա՛ն նշանակություն ունեցող ծրագրին ընթացք կտրվի»: