«Շրջանավարտների եւ կարիերայի կենտրոնի գործունեության հիմնական նպատակն է՝ նպաստել աշխատաշուկայում ԵՊՀ շրջանավարտների եւ ուսանողների մրցունակության զարգացմանը, զարգացնել շրջանավարտների եւ ուսանողների աշխատանքային հմտությունները»,- մեզ հետ զրույցում ասաց կենտրոնի տնօրեն Քրիստինե Վարդանյանը:
Շրջանավարտների եւ կարիերայի կենտրոնը ստեղծվել է 2006թ. հունիսի 1-ին` ԵՊՀ գիտական խորհրդի որոշման համաձայն: Այս կենտրոնում կարող են գրանցվել միայն ԵՊՀ բակալավրիատի եւ մագիստրատուրայի շրջանավարտները, ինչպես նաեւ՝ ուսանողները: «Մինչեւ հիմա կենտրոնում գրանցված է մոտ 8000 շրջանավարտ, որոնք ոչ միայն այս տարվա շրջանավարտներն են, այլեւ ուսանողներ, ովքեր աշխատանք են փնտրում: Բայց այլ բուհերից ուսանողներ չեն կարող գրանցվել կենտրոնում»,- պարզաբանեց Ք. Վարդանյանը:
Անցյալ տարվա տվյալներով՝ աշխատանքի է տեղավորվել մոտ 500 շրջանավարտ: «Հաճախ լինում են դեպքեր, երբ, օրինակ, ուսանողը մասնագիտությամբ տնտեսագետ է, բայց նաեւ լավ տիրապետում է համակարգչային տարբեր ծրագրերի: Եվ չի բացառվում, որ աշխատանքի առաջարկը լինի հենց վերջինի կողմից»:
Կենտրոնը սերտորեն համագործակցում է այլ բուհերի նմանատիպ կառույցների, Հայաստանում գործող տեղական եւ միջազգային կազմակերպությունների, ինչպես նաեւ «ԵՊՀ Շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության հետ: «Կենտրոնի ստեղծման առաջին տարում մենք դիմում էինք տարբեր կազմակերպությունների, որոնց հետ կամաց-կամաց կապ ենք հաստատել: Այժմ մեզ հետ համագործակցող կազմակերպությունների թիվը մեծ է: Հիմա կան կազմակերպություններ, որոնք իմանում են կենտրոնի մասին, դիմում են մեզ, հայտ են ներկայացնում, մենք էլ սիրով համագործակցում ենք»: Կազմակերպությունների ներկայացրած հայտը տեղադրվում է Պետհամալսարանի էլեկտրոնային կայքում` «աշխատանք ես փնտրում, որոնիր այստեղ» բաժնում: «Բազայում եղած դիմումների հիման վրա մենք ընտրում ենք համապատասխան թեկնածուներին, ներկայացնում տվյալ կազմակերպությանը: Վերջինս էլ կատարում է վերջնական ընտրությունը»: Այս կենտրոնի շնորհիվ տարեկան գրեթե 500 ուսանող ապահովվում է աշխատանքով: