Սպիտակ տունը տվյալներ է հրապարակել Ջորջ եւ Լորա Բուշերի, ինչպես նաեւ՝ Ռիչարդ եւ Լին Չեյնիների եկամուտների մասին, որոնք ցույց են տալիս, որ փոխնախագահի եկամուտները երեքուկես անգամ ավելի են եղել, քան ԱՄՆ նախագահի ընտանիքի եկամուտները: 2007թ. Ջորջ եւ Լորա Բուշերի եկամուտները կազմել են 719 հազար 274 դոլար, որից նախագահն ու առաջին տիկինը վճարել են 221 հազար 635 դոլարի հարկ: Եկամուտների գումարի մեջ է մտնում Բուշի նախագահական աշխատավարձը՝ տարեկան 400.000 դոլարի չափով, ինչպես նաեւ տոկոսները մի շարք ներդրումային հիմնադրամների ավանդներից, որոնցում ԱՄՆ նախագահը եւ նրա կինն ունեն ավանդներ: 2007թ. Ռիչարդ եւ Լին Չեյնիների եկամուտները կազմել են 2 միլիոն 528 հազար 68 դոլար, որից նրանք հարկեր են վճարել 602 հազար 651 դոլարի չափով: Չեյնի ամուսինների եկամուտները բաղկացած են եղել նրա փոխնախագահական աշխատավարձից տարեկան 212 հազար 208 դոլարի չափով, ինչպես նաեւ՝ 32.500 դոլարի չափով նրա թոշակից, որ Չեյնին ստանում է որպես «Union Pacific Corporation»-ի տնօրենների խորհրդի նախկին անդամ: Լին Չեյնին նույնպես 32.000 դոլարի չափով թոշակ է ստանում՝ որպես «Reader’Digest» հանդեսի հրատարակչության տնօրենների խորհրդի անդամ: