Դատապարտել են դերասանուհու սպանությունը

17/04/2008

Թուրքիայի իշխանությունները դատապարտել են Ստամբուլի մերձակայքում իտալացի դերասանուհի Ջոզեֆինա Պասկուալինո դի Մարինեոյի սպանությունը, ով հարսանեկան զգեստով «խաղաղության ուղեւորություն» էր կատարում Մերձավոր Արեւելքում: «Ես պարզապես բառեր չեմ գտնում այդ վայրագ հանցագործությունը բնութագրելու համար: Մեզ խորապես վշտացրել է խաղաղության պատվիրակի սպանությունը: Թուրք ժողովրդի անունից իմ խորը ցավակցությունն եմ հայտնում զոհվածի ընտանիքին եւ Իտալիայի ժողովրդին»,- երեկ ասել է Թուրքիայի վարչապետ Թայիբ Էրդողանը:

33-ամյա Մարինեոն, ով հայտնի է նաեւ որպես Պիպա Բաջա, Մարտի 8-ին հարսանեկան զգեստով Միլանից մեկնել էր Իսրայել՝ իր ավանդը ներդնելու Մերձավոր Արեւելքի խաղաղության ապահովման գործում: Անցնելով Սլովենիայով, Խորվաթիայով, Բոսնիայով եւ Հերցեգովինայով, Սերբիայով եւ Բուլղարիայով՝ նա մարտի 31-ին անհետացել էր Թուրքիայում, երբ Ստամբուլից մեկնել էր Գեբզե արվարձան: Զոհվածի մարմինն անցած շաբաթվա վերջին հայտնաբերվել էր Գեբզեի մերձակա անտառում: Այդ ժամանակ էլ կալանքի տակ էր վերցվել տեղի 38-ամյա բնակիչ Մուրադ Կարատաշը. նա խոստովանել է, թե բռնաբարել ու սպանել է իտալուհուն: «Ամեն ինչ տեղի ունեցավ մեկ ժամվա ընթացքում: Ես նրան նստեցրի ավտոմեքենա, բռնաբարեցի, խեղդեցի ու մարմինը թաքցրի անտառում»,- հարցաքննության ժամանակ Կարատաշի տված ցուցմունքները մեջբերել է «Ռադիկալ» թերթը: Մարինեոյի մարմինն այսօր Ստամբուլից ինքնաթիռով կփոխադրվի Միլան: