Նոր լարվածություն

17/04/2008

Երեկ ռուսական «Նեզավիսիմայա գազետան» հրապարակել է մի տեղեկություն, ըստ որի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շուտով հրամանագիր է ստորագրելու, որը տարբեր նախարարություններին եւ գերատեսչություններին հնարավորություն կտա ներկայացուցչություններ բացել Աբխազիայում եւ Հարավային Օսիայում: Թերթի տեղեկություններով, Ռուսաստանի Արտգործնախարարությունը նաեւ խորհուրդ է տվել Պուտինին ճանաչել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը երկու դեպքում՝ եթե սկսվի ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության իրական գործընթացը կամ Թբիլիսին ռազմական ագրեսիա սկսի չճանաչված հանրապետությունների դեմ: «Նեզավիսիմայա գազետան», սակայն, կանխատեսում է, որ խոսքը հյուպատոսություններ բացելու մասին չէ: Ամենայն հավանականությամբ, կհայտարարվի, որ ներկայացուցչությունները զբաղվելու են «Ռուսաստանի քաղաքացիների իրավունքների պաշտպանությամբ»: