«Առանց ճգնաժամի զարգացում չի լինում»,- ասում է ՀՀ նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը

13/04/2008 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

– Պրն Սարգսյան, ընդհուպ մինչեւ Ձեր նշանակման նախորդ օրը հերքում էիք Ձեր` վարչապետի պաշտոնում նշանակվելու մասին լուրերը, սակայն հիմա զբաղեցնում եք այս պաշտոնը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք դա։

– Ինձ համար էլ էր դա անսպասելի։

– Այսինքն, մինչեւ Ձեր հերքումը նույնիսկ առաջա՞րկ չէր եղել։

– Այո։

– Ընտրություններից հետո շատ էր խոսվում, որ առկա լարվածության մեղմացումը մեծապես կախված է լինելու կադրային քաղաքականությունից, մասնավորապես այն բանից, թե ովքեր կլինեն կառավարության կազմում, եւ, հատկապես ով կլինի վարչապետը։ Կարելի՞ է արդյոք Ձեր նշանակումը դիտարկել այդ համատեքստում:

– Ես հավատում եմ բոլոր այն սկզբունքներին եւ գաղափարներին, որ առաջ է քաշել հանրապետության նախագահը։ Նրա կառավարության կողմից առաջ քաշված սկզբունքային թեզերից մեկը հենց դա էր՝ կադրային քաղաքականությունն ինչպե՞ս է լինելու, մթնոլորտը ինչպե՞ս է բարեփոխելու։ Կարծում եմ՝ նախագահը գործելու է հենց այդ սկզբունքներով` ձեւավորել կառավարություն՝ կոալիցիոն համաձայնագրի շրջանակներում։ Եվ բոլոր կուսակցություններն էլ, ծանոթ լինելով նորընտիր նախագահի նախընտրական ծրագրին, պետք է ձգտեն ներկայացնել այնպիսի թեկնածուներ, որոնք կբավարարեն նախագահի սկզբունքներին։

– Մամուլում հրապարակումներ եղան, թե Դուք համաձայնել եք ստանձնել վարչապետի պաշտոնը` պայմանով, որ ինքներդ պետք է որոշեք՝ ում հետ եք աշխատելու։ Ո՞ւմ հետ եք պատկերացնում Ձեր համատեղ աշխատանքը։

– Ես ոչ մեկի առջեւ ոչ մի պայման չեմ դրել։ Եթե պայմաններ դնելու անհրաժեշտություն լիներ, ես չէի հայտնվի վարչապետի պաշտոնում։ Մենք Սերժ Սարգսյանի հետ համախոհներ ենք, իսկ դա նշանակում է, որ որեւէ պայման դնելու անհրաժեշտություն չկա։ Այն սկզբունքները եւ մոտեցումները, որ շարադրվել են նախագահի կողմից, ինձ համար ամբողջությամբ ընդունելի են։ Ես եկել եմ մեր այդ համախոհության հիմքերի վրա ղեկավարելու կառավարությունը։ Այդ իսկ առումով՝ մենք շատ բաց ենք, վստահում ենք միմյանց, մեր քննարկումները բաց են։ Սահմանափակումները եւ շրջանակները, որոնք մեզ տրված են կառավարության ձեւավորման հարցում, հանրությանը հայտնի են. դա կոալիցիոն կառավարության հրապարակված փաստաթուղթն է՝ ինչ սկզբունքների շուրջ է ձեւավորվում կոալիցիան։ Հասկանալի է, որ 4 կուսակցություններից ամեն մեկն ունեն իրենց թեկնածուները, պատկերացումները, եւ այս բանակցությունների շնորհիվ էլ ձեւավորվելու է այդ կառավարությունը։

– Մամուլում շրջանառվում են նաեւ մի քանի անուններ, ովքեր տեղ կզբաղեցնեն կառավարությունում: Որքանո՞վ են այդ լուրերն արժանահավատ։

– Երբ քննարկումներ են ընթանում, կոռեկտ չէ այդ ընթացքում ինչ-որ հայտարարություններ անելը։ Դա կկաշկանդի բանակցությունների կողմերին, հասարակությանը սխալ ազդակներ կհաղորդի եւ սխալ տրամադրություններ կստեղծի։ Դրա համար ընդամենը պետք է համբերել մի քանի օր, մինչեւ այդ բանակցությունները եւ քննարկումները ավարտվեն։ Հետո հանրությունը տեղյակ կլինի։ Բնականաբար, ամեն մի կուսակցություն առաջնորդվում է իր սկզբունքներով, եւ նրանց մոտ առաջնահերթությունները կարող են տարբեր լինել։ Արդյունքում կունենանք մի այնպիսի կառավարություն, որը պետք է բավարարի բոլորին։ Հանրությունը կարող է արդեն ըստ դրա էլ դատողություններ անել։

– Վերջին քաղաքական զարգացումներն ի՞նչ ազդեցություն են ունեցել տնտեսության վրա, եւ ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ տնտեսական զարգացումները հետագա քաղաքական գործընթացների վրա։ Եթե տնտեսական գործընթացները շեղվեն նախանշված ուղուց, այսինքն՝ կառավարությունը չկարողանա կատարել իր ծրագիրը, ի՞նչ փոփոխությունների կարող է հանգեցնել դա քաղաքական առումով։

– Ժամանակակից տնտեսագիտությունը էական նշանակություն է տալիս հասարակության տրամադրություններին, որովհետեւ հասարակության սպասումներով են ձեւավորվում տնտեսական համակարգը, շարժառիթները եւ տնտեսության կառուցվածքը։ Ինչպիսի՞ պատկերացումներ ունի հասարակությունն իր տնտեսության մասին, ապագայի մասին՝ դա էլ հենց որոշում է այսօրվա տնտեսական կացությունը։ Սպասումներն էական նշանակություն ունեն։ Վստահության մթնոլորտն ինքն այսուհետեւ տնտեսագիտական կատեգորիա է, որովհետեւ եթե հասարակության մեջ կա վստահություն, շատ ծախսեր էապես կրճատվում են, այդ թվում՝ ամենակարեւորը՝ ժամանակի ծախսը, որը էապես բարձրացնում է ապրանքի, ծառայության ինքնարժեքը, դարձնում ոչ մրցունակ։ Դրա համար հասարակությունում տիրող տրամադրությունները ստեղծում են միջավայր եւ չեն կարող չանդրադառնալ մեր տնտեսության վիճակի վրա։ Մեր խնդիրն է՝ պոզիտիվ տրամադրություններ ստեղծել, առողջ սպասումներ՝ ապագայի վերաբերյալ, համախմբել ժողովրդին այն ծրագրերի եւ գաղափարների շուրջ, որոնք առաջ է քաշել հանրապետության նախագահը, եւ որոնք արժանացել են ժողովրդի հավանությանը։ Պետք է ընդունենք, որ դրանք իսկապես հավակնոտ, բեկումնային ծրագրեր են եւ կարող են էապես բարելավել մեր կյանքը։ Կունենա՞նք արդյոք մենք հաջողություն, պայմանավորված է լինելու մեր աշխատանքով։ Պայմանավորված է լինելու ձեր (նկատի ունի ԶԼՄ-ներին.- Բ.Թ.) աշխատանքով՝ կվստահե՞ք դուք մեզ, կկարողանա՞ք համապատասխան ազդակներ հաղորդել հասարակությանը, որ մենք այն թիմն ենք, որը լծվել է այս գործին՝ հավատալով։ Եթե չենք կարողանա, ապա կտապալենք գործը։ Բայց ես համոզված եմ, որ մենք ունենք այդ կարողությունները, որ հասարակությունը տրամադրված է՝ դրական բարեփոխումներն ընկալելու։

– Նշեցիք, որ շատ կարեւոր է վստահության մթնոլորտ ստեղծելը։ Սակայն հասարակության մի ստվար հատված այդ վստահությունը չունի իշխանությունների նկատմամբ։ Որպես վարչապետ՝ ո՞րն է լինելու Ձեր առաջին քայլն այդ ուղղությամբ։

– Լուծումը շատ պարզ է։ Եթե մեր խոսքերը եւ գործերը համընկնում են, մենք ձեռք ենք բերում վստահություն, իսկ եթե դրանց մեջ կա տարբերություն, կորցնում ենք այն։

– Այսինքն՝ արմատական քայլերի անհրաժեշտություն չկա՞, եւ ընդամենը պետք է իրագործել կառավարության ծրագի՞րը։

– Իհարկե։ Եթե մենք հայտարարում ենք, որ փոփոխությունները պետք է սկսենք մեզանից, հանրությունը դա պետք է տեսնի։ Եվ մենք փոխվում ենք։

– Ժամանակին Դուք հոդված էիք հրապարակել՝ «Ինչպե՞ս անել հեղափոխություն»։ Ձեր պատկերացրած հեղափոխությունը որեւէ կապ ունի՞ Ձեր նշած փոփոխությունների հետ։

– Իհարկե։ Որովհետեւ փոփոխությունները պետք է առաջին հերթին տեղի ունենան մեր մեջ, մեր մտածողության մեջ։ Իսկ դա բավականին ցավոտ եւ բարդ գործընթաց է։

– Բայց պետք է ինչ-որ մի բան ստիպի, որ այդ փոփոխությունները լինեն։ Ի՞նչը։

– Ներքին համոզմունքը։ Առաջին հերթին գալիս է գաղափարը, դուք այդ գաղափարը մարսում եք, դա արդեն դառնում է ձեր սեփականը։ Հետագայում այն ապրոբացիայի եք ենթարկում, եւ դա արդեն դառնում է ձեր համոզմունքը։ Դրանից հետո դուք ձեր կյանքն այլ կերպ չեք պատկերացնում, քան ձեր համոզմունքներն ի կատար ածելը։ Սա է հեղափոխության ճանապարհը։

– Հետո պետք է սկսել ուրիշների՞ն համոզել։

– Այո։ Եթե դուք ձեր մեջ այդ հեղափոխությունը չեք արել, չեք կարող ուրիշի մեջ, հասարակության մեջ դա անել։ Այս գործընթացը ցավոտ է, որովհետեւ մարդիկ հակված չեն իրենց կենցաղավարությունը, ամենօրյա պահվածքը փոխել։ Բոլորն ուզում են, որ իրենց կենցաղը բարելավվի, բայց լուծումը տեսնում են ոչ թե իրենց անձի մեջ, այլ գտնում են, որ կառավարությունը պետք է ինչ-որ բաներ փոխի, որ իրենք վաղը սկսեն լավ ապրել՝ չփոխվելով։ Բայց այդպես չի լինում, մենք բոլորս միասին պետք է փոխվենք, եթե ուզում ենք ապրել նորմալ հասարակության մեջ։ Ամեն մեկն առանձին իրեն համարում է նորմալ մարդ եւ չի ուզում փոխվել, բայց միեւնույն ժամանակ՝ բոլորն ուզում են, որ փոխվի միջավայրը։

– Բայց դա բնական չէ՞, երբ մարդը մտածում է՝ թող առաջին հերթին կառավարության անդամներն իրենք փոխվեն, որ ինքն էլ տեսնի, օրինակ վերցնի։

– Ճիշտ եք ասում։ Դրա համար Սերժ Սարգսյանն իր ծրագիրը ներկայացնելիս հայտարարեց, որ մենք փոփոխությունները պետք է սկսենք մեզանից՝ մեր ներսում, մեր թիմի ներսում։ Որ մենք ինքներս դատապարտենք կաշառակերությունը, ստվերայնությունը, որ մեր շրջապատը լինեն այդպիսի կեցվածք ընդունած մարդիկ։ Եթե այդպիսին լինենք, հասարակությունը մեզ կհավատա։

– Եթե դա տեղի ունենա, որքա՞ն ժամանակ հետո հասարակությունը դրա արդյունքը շոշափելի չափով կզգա։

– Ես կցանկանայի, որ դա տեղի ունենար այսօր, այսինքն՝ որ դուք ինձ հավատայիք։ Եթե դուք ինձ հավատաք, դա արդեն առաջին քայլն է, որ հասարակությունը կհավատա, որովհետեւ այդ ազդակը կհաղորդեք ձեր ընկերներին, կոլեկտիվին, նրանք էլ մամուլի միջոցով հանրությանը կասեն՝ եկել է փոփոխությունների ժամանակը։

– Ես հավատում եմ, որ անձամբ Դուք ուզում եք՝ երկրի համար լավ լինի։ Բայց դժվարությամբ եմ հավատում, որ այն բոլոր մարդիկ, ովքեր աշխատելու են Ձեր ենթակայության տակ, նման կերպ են մտածելու, նույն նպատակն են ունենալու։

– Իմ զրուցակիցներից մեկը մի շատ հետաքրքիր դիտարկում արեց։ Ասաց՝ Կենտրոնական բանկի մարդիկ (մոտ 650 հոգի է աշխատում) կարծես բոլորն իրար նման են, մտավախություն կա, որ ճահճային մթնոլորտ է ստեղծվում։ Բայց ԿԲ-ում ձեւավորվել է համախոհների թիմ։ Եթե 650 հոգու շրջանակում այդ փոփոխությունը հնարավոր է անել՝ որ միեւնույն ձեւով ենք պատկերացնում աշխարհը, մեր արժեքային համակարգը, պատկերացումները ապագայի նկատմամբ նույնն են, ապա ինչո՞ւ չի կարելի այդ մոդելը կիրառել ավելի լայն առումով։

– Որովհետեւ եթե ԿԲ-ում Դուք մարդկանց աշխատանքի եք ընդունել՝ հաշվի առնելով գիտելիքները, պրոֆեսիոնալիզմը եւ այլ որակներ, այս դեպքում պարտավոր եք պորտֆելներ տալ 4 տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներին՝ կոալիցիոն համաձայնագրի շրջանակներում։

– Իհարկե, նախարարի պաշտոնը եւ անձը չափազանց կարեւոր են։ Բայց հենց այդ միջավայրի ձեւավորումը՝ համախմբվածությունը, միասնական ծրագրերի իրագործումը, թիմային աշխատանքը, ինքնըստինքյան փոխում է մարդկանց։ Ես վստահ եմ, որ որոշ ժամանակ անց նույն իմ զրուցակիցը կասի՝ կառավարությունում բոլորն իրար նման են։

– Իսկ ի՞նչն էր խանգարում այդ բոլոր դրական քայլերը անցած տարիների ընթացքում կատարել։

– Կարծում եմ՝ այդ հարցի պատասխանը Դուք ունեք։

– Ես միգուցե ունեմ, բայց ընթերցողներին, թերեւս, ավելի կհետաքրքրի Ձեր կարծիքը։

– Ամեն մեկն իր ուրույն պատկերացումն ունի անցյալի մասին։ Եթե մենք ուզում ենք համախմբվել, պետք է խոսենք ապագայի մասին, ոչ թե անցյալի։

– Հարցազրույցներից մեկում նշել էիք, որ ամենից շատ չեք սիրում «Ինչպիսի՞ն է լինելու փոխարժեքը» հարցը։ Հիմա՞ որն է ձեր ամենաչսիրած հարցը, կամ՝ ո՞րը կլինի։

– Կա մի խաբկանք մեր հասարակության մեջ, որ կայուն փոխարժեքը շատ լավ բան է։ Պատճառն այն է, որ մեր հասարակությունը դեռ պատրաստ չէ շուկայական տնտեսության մեջ ապրել եւ կառավարել սեփական ռիսկերը։ Ընդամենը պետք է ցանկություն ունենալ տեսնել, թե ինչ է կատարվում աշխարհում եւ ժողովրդավարական, զարգացած շուկայական տնտեսություն ունեցող երկրներում։ Ձեր աչքի առաջ կտրուկ տատանումներ են տեղի ունենում՝ եւ՛ գների, եւ արտարժութային շուկաների։ Ընդ որում, այդ տատանումները մի քանի անգամ ավելի ուժեղ են, քան նրանք, որ տեղի են ունենում ՀՀ ֆինանսական շուկայում։ Ես հասկանում եմ, որ դա ցավոտ գործընթաց է։ Բայց, միեւնույն ժամանակ, քննադատել այն, ինչ բնորոշ է շուկայական տնտեսությանը, չի կարելի։ Պետք է փորձել հասկանալ՝ ինչո՞ւ է այդպես տեղի ունենում։ Հիվանդագին, արհեստական մեկնաբանությունները մեզ ապագա չեն տանում, ետ են տանում։ Դա պետք է մեկնաբանեն մասնագետները՝ պրոֆեսիոնալ ձեւով։ Իհարկե, չպետք է բացառել, որ տարբեր քաղաքական ուժեր, տարբեր քաղաքական նպատակներ ունենալով, կարող են իրենց ուրույն մեկնաբանությունները տալ։ Բայց այն, որ շուկայական տնտեսությունը ենթադրում է, որ շուկան է հավասարակշռում իրավիճակը եւ շուկան է որոշում՝ ինչպիսին պետք է լինի արտարժույթը, դրան պետք է սովորենք։ Երկրորդը՝ եթե մեզանում կան լուրջ տատանումներ, դա ընդամենը նշանակում է, որ բացահայտվում են պրոբլեմները, որոնք առկա են մեր տնտեսական համակարգում։ Եվ շատ վտանգավոր է այդ պրոբլեմները թաքցնել, որովհետեւ որոշ ժամանակ անց պայթյուն տեղի կունենա, ինչը մենք տեսել ենք շատ երկրներում՝ դեֆոլտի ձեւով։ Մենք պետք է մեր հասարակությանը դաստիարակենք, որ մենք այլ հասարակություն ենք կառուցում, որտեղ լինելու են տատանումներ, սնանկացումներ, վերանալու են տարբեր ճյուղեր, նոր ճյուղեր են առաջանալու։ Սա զարգացման բնականոն ճանապարհ է՝ բնորոշ դեմոկրատական հասարակությանը։ Ինչքան շուտ մենք համակերպվենք այդ մտքի հետ, հասկանանք շարժիչ մեխանիզմները, այնքան հեշտ կլինի, մարդիկ այնքան ճիշտ կպլանավորեն իրենց տնտեսական կյանքը, եւ ցավոտ չեն լինի այդպիսի իրադարձությունները։ Պահանջվելու է գրագիտություն եւ կոմպետենտություն, որպեսզի մարդն ինքը կառավարի իր ռիսկերը եւ չպահանջի, որ դա անի պետությունը։ Շուկայական տնտեսությունը նշանակում է, որ տնտեսվարող սուբյեկտը պետք է պատասխանատու լինի իր գործունեության, կանխատեսումների, մենեջմենթի համար։ Իսկ պետությունը պետք է միջավայր ստեղծի, որ այդ տատանումներն օբյեկտիվ հիմքերի վրա տեղի ունենան։ Բայց այդ տատանումներից հնարավոր չէ խուսափել։

– Իսկ զարմանալի չէ՞, որ մեզ մոտ այդ տատանումները միայն մեկ ուղղությամբ են կատարվում՝ դրամը արժեւորվում է։

– Ոչ, եթե վերցնեք վերջին 18 տարին, ապա կտեսնեք` այդպես չէ։ Երբ մենք ունեինք թույլ տնտեսություն, տնտեսական անկում, ազգային արժույթը կտրուկ արժեզրկվում էր, եւ կառավարությունն արժանանում էր լուրջ քննադատության։ Երբ տնտեսությունը սկսեց վերականգնվել, աճ արձանագրել, այդ կորուստները, որ ունեցել ենք, ետ են գալիս՝ նույն արագությամբ, ինչ արագությամբ մենք կորցնում էինք։

– Ստացվում է` տատանման դեպքում մենք գործ ունենք ոչ թե պրոբլեմի, այլ դրական երեւույթի` տնտեսական աճի հետ։ Այսինքն` պետք է ուրախանա՞նք, երբ դրամն արժեւորվում է, քանի որ այդ տրամաբանությամբ՝ դա նշանակում է՝ տնտեսությունն աճում է։

– Մենք պետք է համակերպվենք, որ տնտեսական աճը ցավոտ երեւույթ է, ստեղծում է լրջագույն պրոբլեմներ։ Որքան բարձր են տնտեսական աճի տեմպերը, այնքան ցավը շատ ավելի մեծ է լինելու. ցավ ենք պատճառելու այն տնտեսվարողներին, որոնք կորցնում են իրենց մրցունակությունը, այն աշխատակիցներին, որոնք չունեն մասնագիտական կարողություններ, չեն կարողանում իրենց տեղը գտնել նոր տնտեսական համակարգում։ Մենք պետք է այդ մարդկանց հնարավորություն տանք վերապատրաստվել, աշխատել իրենց գիտելիքների վրա, որպեսզի իրենց տեղը գտնեն։ Ցանկացած հասարակությունում այդպես է՝ դա ցավոտ գործընթաց է։ Ընդհանրապես, կա այսպիսի մի տեսություն. աճը տեղի է ունենում միայն ճգնաժամերի միջոցով։ Որովհետեւ ճգնաժամի միջոցով ձերբազատվում եք այն քաշից, որը խանգարում է առաջ շարժվել, ձեռք եք բերում նոր բեռ եւ պետք է կարողանաք այդ բեռը տանել առաջ։ Ինչպես ասում են. «Առանց ճգնաժամի զարգացում չի լինում»