Ադամանդագործների աշխատանքն իսկապես ռիսկային է

13/05/2005 Մարիամ ՎԱՐՈՍՅԱՆ

Անցյալ շաբաթ Նոր Հաճընի «Շողակն» գործարանի բանվորները գործադուլ էին
անում աշխատավարձը ցածրացնելու պատճառով: Մեր թղթակիցը եղել է տեղում,
խոսել է գործարանի թե՛ տնօրենի, թե՛ բանվորների հետ: Ու «168 Ժամը» նախորդ
համարում այս թեմայով հրապարակեց «Ադամանդագործների գործադուլը
շարունակվում է» հոդվածը, ուր ներկայացված են երկու կողմերի տեսակետները:
Մի քանի օր առաջ խմբագրություն զանգահարեց «Շողակնի» տնօրեն Սերգեյ
Գասպարյանը՝ սպառնալով դատի տալ թերթին: Նա համաձայն չէր բանվորների այն
մտքի հետ, որ ադամանդի փոշին շնչելուց բանվորների մոտ թոքերի քաղցկեղ է
առաջանում: Այս հոդվածից առաջ մեր թերթի 13-րդ համարում
ադամանդագործության վերաբերյալ եղել է եւս մի հրապարակում՝ «Արյունոտ
ադամանդ»: Այնտեղ նշված է եղել որոշ ադամանդագործների պատմությունն այն
մասին, որ դրսից ցածր որակի ադամանդ կամ ալմաստ է ներթափանցում գործարան
(ի դեպ նշված չի եղել, որ դա հենց «Շողակնն» է եղել), փոխարինվում է բարձր
որակի քարով ու դուրս հանվում: Ներկայանալ չցանկացող մեր զրուցակիցը
պատմել է, որ ադամանդի այս «ելումուտի» արդյունքում բավական գումարներ են
պտտվում, որից անմասն չեն մնում նաեւ գործարանների պատասխանատու
աշխատողները: Իսկ այս պատմությունը «Շողակնի» տնօրենը վերագրել է
անմիջապես իրեն եւ «անհիմն մեղադրանքի» համար մտածել է մեզ դատի տալ: Մենք
պատրաստակամ ընդունում ենք պարոն Գասպարյանի մարտահրավերը: Ուղղակի
ավելացնենք, որ նույն բանվորները բողոքում էին, որ իրենց աշխատանքային
պայմաններն էլ շատ վատ են, առաստաղը ցածր է, օդազտիչ համակարգի փոխարեն՝
իրենք են կուլ տալիս տաշվածքից առաջացած ամբողջ փոշին:

Ներկայացնենք, թե առողջական ինչ վնասներ կարող է պատճառել
ադամանդագործությունը, եւ անվտանգության ինչ պայմաններ պետք է ստեղծի
գործատուն այդ վտանգը նվազագույնի հասցնելու համար:

Պրոֆեսիոնալ հիվանդությունների մեծ խումբ են կազմում պնեւմոկոնյոզները,
որոնք առաջանում են տարբեր ծագման փոշիների երկարատեւ ներշնչման
հետեւանքով: Շնչառական օրգանների այս հիվանդությունների զոհ կարող են
լինել նաեւ ադամանդ մշակողները: Ադամանդափոշին, անընդհատ թափանցելով
մարդու շնչառական ուղիները, պատում է թոքերի ալվեոլները, որտեղ տեղի է
ունենում թթվածնային փոխանակությունը եւ այսպիսով դժվարացնում թթվածին
ստանալու ֆիզիոլոգիական պահանջի բավարարումը: Որպես պնեւմոկոնյոզների
բարդություն՝ ժամանակի ընթացքում կարող են զարգանալ սիրտ-թոքային
անբավարարություն, թոքաբորբ, բրոնխիալ ասթմա, ընդհուպ՝ մինչեւ թոքերի
քաղցկեղ: Տուբերկուլյոզով հիվանդանալու «շանսերը» եւս փոքր չեն, քանի որ
փոշեպատ թոքերում դժվարանում է օդափոխությունը եւ փոշու մասնիկների հետ
թոքեր են թափանցում եւ մնում այստեղ տարատեսակ ախտածին մանրէներ, այդ
թվում եւ՝ տուբերկուլյոզի հարուցիչը: Մասնագիտությունների այն տեսակները,
որոնք կապված են փոշու հետ երկարատեւ առնչվելուն, համարվում են ռիսկային:
Այս մասնագետներն աշխատանքի ընդունվելու համար պետք է ունենան գրեթե
100%-անոց առողջություն: Բացի դրանից, նրանք պարբերաբար անցնում են լուրջ
բժշկական զննումներ: Այս մասին նշված է ՀՀ Աշխատանքային օրենսգրքում,
որտեղ նաեւ հիշատակվում է աշխատանքի կազմակերպման անվտանգության
պայմանների մասին: Այս պայմաններն իր աշխատողի համար պետք է ապահովի
գործատուն: Կոնկրետ ադամանդագործության պատճառած առողջական վնասներից
խուսափելու համար ադամանդ մշակող աշխատակիցներին առաջին հերթին պետք է
ապահովել եւ պարտադրել օգտագործել հակաաէրոզոլային ռեսպիրատորներ եւ
ապահովել աշխատավայրի լիարժեք օդափոխությունը: Անվտանգության պայմանները
պահանջում են նաեւ կանխարգելիչ միջոցառումների շարք, օրինակ, կենսաբանական
միջոցների օգնությամբ օրգանիզմի ռեակտիվության բարձրացում, ինչը նպաստում
է փոշու արագ հեռացումն օրգանիզմից: Կատարվում են ուլտրամանուշակագույն
ճառագայթում, հիմնային ինհալացիաներ եւ այլն: Կարեւոր պայման է նաեւ
լիարժեք սննդի ապահովումը: