Ընդամենը տեխնոլոգիա, ուրիշ ոչինչ

13/04/2008 Արմեն ՍԱՐԳՍՅԱՆ

Հայաստանյան նախագահական ընտրություններից առաջ եւ հետո արմատական ընդդիմության կողմից իրականացվող գործողությունները պաշտոնական քարոզչամեքենայի եւ իշխանական վերնախավի կողմից ժամանակագրական առումով տարբեր որակավորումների եւ բնորոշումների արժանացան: «Ռեւանշիզմի եւ վրեժխնդրության», «արկածախնդիրների եւ ուրիշների ձեռքում գործիք դարձածների», «մոլորյալների եւ զոմբիացվածների», իսկ վերջերս նաեւ՝ «ներազգային ֆաշիստական» շարժում… Սա նման բնորոշումների, թերեւս, միայն փոքր մասն է, բայց այն նաեւ արտացոլում է քաղաքական եւ «էքսպերտային» շրջանակների մոտ տեղի ունեցող գործընթացների նկատմամբ եղած ընկալման որոշակի դինամիկան: Թե որքանով են նման բնորոշումները եւ դրանցից բխող որոշակի եզրակացությունները ադեկվատ եղել ստեղծված իրավիճակին եւ որքանով դրանք օգտակար եղան ծայր առած խորը համակարգային ճգնաժամը հաղթահարելու գործին, հավանաբար, քննարկման առանձին մեծ թեմա է: Բայց, որ, ի վերջո, քաղաքական եւ «էքսպերտային» դիտարկումների մտքի «էվոլյուցիոն» ընթացքը ինչ-որ մի փուլում կամ հարմար պահի պետք է որ հանգեցներ տեղի ունեցածը որպես «գունավոր հեղափոխություն» բնորոշելուն, առավել, քան կանխատեսելի էր:

Այդ հարմար պահը, ամենայն հավանականությամբ, առաջացավ Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարած այցից հետո, որի ժամանակ ՀՀ նոր նախագահը բավականին աղմկալի մի բացահայտում հրապարակավ կատարեց` Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման սկզբում հայտարարելով, որ Ռուսաստանի ղեկավարությունը ՀՀ նախագահական ընտրությունների բոլոր փուլերում աջակցում էր իշխանական թեկնածուին եւ, որ այդ աջակցությունը երբեք այդ աստիճան բացահայտ չի դրսեւորվել: Եվ, չնայած այն բանին, որ հայաստանյան եւ ռուսաստանյան որոշ շրջանակներում Սերժ Սարգսյանի նման բացահայտումից ոչ բոլորն էին, մեղմ ասած, հիացած, այնուհանդերձ, միամտություն կլիներ ենթադրել, թե նման` տասնյակ հեռուստախցիկների առջեւ կատարած կարեւորագույն հայտարարությունը կարող էր արվել առանց ամենաբարձր մակարդակով նախապես ձեռք բերված փոխադարձ համաձայնության: Այսպիսով, Մոսկվայում Ռուսաստանի եւ Հայաստանի իշխանական վերնախավերը միասին մի կողմից հստակություններ մտցրեցին հայաստանյան ընտրական գործընթացներում Ռուսաստանի իշխանությունների դերակատարություն շուրջ, եւ, միեւնույն ժամանակ, Հայաստանի նոր ղեկավարը պարզ հասկացնել տվեց աշխարհաքաղաքական այլ կենտրոններին, թե ինչ աշխարհաքաղաքական ռեսուրսով է պատրաստվում դիմակայել շարունակվող արտաքին ճնշումներին: Պատահական չէ, որ այս հստակեցմանը հետեւեցին հայաստանյան նոր իշխանական կոալիցիայի անդամ երկու կուսակցությունների ներկայացուցիչների իրար հաջորդած հայտարարությունները, առ այն, որ այն, ինչ կատարվում էր Հայաստանում, «գունավոր հեղափոխություն» իրականացնելու փորձ էր: Նախ այդ մասին հայտարարեց ԱԺ պատգամավոր, հանրապետականների խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Իսկ այնուհետեւ նրան երկրորդեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, որի պնդմամբ՝ «կար պարզ ցանկություն` արտաքին ոչ հայկական ուժերը Տեր-Պետրոսյանի միջոցով փորձում էին Հայաստանում գունավոր հեղափոխություն իրականացնել»: Ըստ նրա` «վերջին հաշվով, մի բան էր` այս երկիրը խեղճացնել, այս երկիրը դնել տկար դիրքերի մեջ»: «Խեղճ, տկար երկիրն արտաքին միջամտության համար պարարտ հող է»,- ասել է նա: Հատկանշական է, որ գրեթե նույն օրերին այդ թեմայի շուրջ ավելի քան թափանցիկ ակնարկներ արեց նաեւ այդ ժամանակ դեռ ՀՀ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը խոսեց ոչ միայն հայաստանյան իրադարձությունների «արտաքին պատվիրատուների» գոյության մասին, այլեւ պնդեց, որ Հայաստանի ներսում «կան քաղաքական ուժեր, գործիչներ, որոնք պատրաստ են այդ ծառայությունները մատուցել արտաքին ուժերին»: Ավելին, նա իր հեռուստաելույթներից մեկում ժողովրդին բաց տեքստով զգուշացնում էր` «սա ձեր խաղը չէ»: Եվ, քանի որ ենթադրվում է, որ «գունավոր հեղափոխություն» իրականացնելու «հեղինակային իրավունքը» պատկանում է միայն Արեւմուտքին (Անգլիա, Ամերիկա) կամ, ավելի ստույգ, ամերիկյան ֆինանսաքաղաքական ազդեցիկ շրջանակներին, ապա Մոսկվայում եւ Երեւանում արված վերոհիշյալ հայտարարություններից հետո բոլորի համար պարզորոշ ու հստակ ուրվագծվեց ոչ միայն «աննախադեպ աջակցություն ցուցաբերած» բարեկամի, այլեւ «գունավոր հեղափոխության փորձ կատարող», մեղմ ասած, ոչ բարեկամի կերպարը:

Այն, որ ցանկության դեպքում հայաստանյան նախընտրական եւ ետընտրական գործընթացներում կարելի է «գունավոր հեղափոխություններին» բնորոշ դրվագներ նկատել, վերլուծաբաններից եւ քաղաքագետներից շատերը (ավելի ակտիվ ռուսաստանյան վերլուծաբանները) վաղուց էին մատնանշում: Նաեւ լիովին հասկանալի ու բացատրելի է մի կողմից՝ արմատական ընդդիմության չափազանց զգույշ վերաբերմունքը եւ, մինչ վերջերս՝ իշխանության բավականին «լոյալ» վերաբերմունքը «գունավոր հեղափոխության» թեմային: Առաջինները փորձում են զերծ մնալ արտաքին` աշխարհաքաղաքական կոնկրետ կենտրոնների աջակցությամբ գործողություններ իրականացնելու մեղադրանքներից եւ աշխարհաքաղաքական հզոր հակառակորդներ ձեռք բերելու հնարավոր վտանգից: Զարմանալի չէ, որ ընտրարշավի ամբողջ ընթացքում Լեւոն Տեր-Պետրոսյանն իր հրապարակային ելույթներում եւ ռուսաստանյան մամուլին տված բազմաթիվ հարցազրույցներում հետեւողականորեն հերքում էր հետընտրական շրջանում հեղափոխություն իրականացնելու մասին տարածվող լուրերը եւ հայտարարում զուտ օրինական ճանապարհով շարժվելու մտադրությունների մասին: Ինչ վերաբերում է իշխանություններին, ապա նրանք ոչ միայն մինչ վերջերս Արեւմուտքի հետ «գլուխ դնելու» համար որեւէ աշխարհաքաղաքական եւ քաղաքական ռեսուրս չունեին, այլեւ, գուցե արդարացիորեն, կարծում էին, որ ընդդիմության զանգվածային միջոցառումների ամենաթեժ ժամանակահատվածում գործընթացները որպես «գունավոր հեղափոխություն» որակավորելը էլ ավելի կոգեւորեր Ուկրաինայի եւ Վրաստանի հեղափոխությունների հաջողված փորձը աչքի առաջ ունեցող բողոքական զանգվածներին: Բացի դրանից, դա նաեւ լրացուցիչ յուրահատուկ հզոր PR կլիներ ընդդիմության գործողությունների համար:

Ինչեւէ, հայաստանյան իրադարձություններում «գունավոր» սցենարների հնարավոր առկայության հարցն ամենայն հավանականությամբ դառնալու է մոտակա ամիսների վերլուծությունների, բանավեճերի եւ ակտիվ քննարկումների թեմաներից մեկը: Իհարկե, դժվար չէ ընդհանրություններ տեսնել հայաստանյան «շարժման» եւ Վրաստանում, Ուկրաինայում, Ղրղըզստանում, իսկ ավելի վաղ՝ նաեւ Սերբիայում տեղի ունեցած հեղափոխական զարգացումների հետ: Սակայն, ամեն դեպքում, «գունավոր հեղափոխություն» կոչվածը դա ընդամենը հստակ մշակված եւ ժամանակի ընթացքում փորձարկված քաղաքական տեխնոլոգիա է, որտեղ չկան մանրուքներ եւ որի ամեն մի մասնակից, ինչպես ասում են, գիտի իր «մանյովրը»: Բոլոր «գունավոր հեղափոխական» գործընթացներում պարտադիր առկա են եղել մի շարք կարեւորագույն գործոններ: Կարեւորագույններից մեկն այն է, որ ամենուրեք ընտրություններն ընդամենը հարմար «թատերաբեմ են» եղել գլխավոր «ներկայացումների» համար, որոնք «խաղացվել» են հստակ նախագծված քաղաքական տեխնոլոգիական սցենարով: Ընդ որում, սովորաբար ընտրությունների իրական արդյունքները հեղափոխական սցենարներ իրականացնելու համար որեւէ խոչընդոտ չեն հանդիսանում: Օրինակ, ուկրաինական «նարնջագույն հեղափոխության» ժամանակ Վիկտոր Յուշչենկոյի թիմն ի սկզբանե էր բացեիբաց նախազգուշացնում, որ իրենց կողմից ընտրությունների արդյունքները կճանաչվեն միմիայն այն դեպքում, եթե հաղթող հռչակվի իրենց թեկնածուն: Իսկ «նարնջագույն հեղափոխության շարժիչը»` Յուլյա Տիմոշենկոն, դեռեւս ուկրաինական նախագահական ընտրությունների առաջին փուլում բառացիորեն հայտարարում էր հետեւյալը. «Հետեւողականորեն պատրաստվում ենք այնպիսի զարգացումների, որ, երբ պաշտոնապես հայտարարվի իշխանական թեկնածուի հաղթանակի մասին, իսկական ապստամբությունը գլխավորենք»: Վճռական գործողություններին, բնականաբար, պետք է նախորդեր ընտրազանգվածի «ուղեղների լվացումը» եւ բաժանումը «յուրայինների» եւ «ստրուկների» … Զարմանալի չէ, որ ընտրարշավի ընթացքում ընտրողներին անընդհատ «ներարկվում էր» այն միտքը, որ «պարզապես անհնար է, որ Յուշչենկոն պարտվի», բայց, եթե պաշտոնական հաշվարկի արդյունքներում այնուհանդերձ ընդդիմության թեկնածուն պարտված համարվի, ապա դա կնշանակի, որ իշխանությունները կեղծել են ընտրության արդյունքները, եւ ժողովուրդը, բնականաբար, պետք է դուրս գա փողոց` «բեսպրեդելին» վերջ դնելու համար: Նաեւ հայաստանյան գործընթացներում «նարնջագույն երանգներ» տեսնողները հավանաբար զարմանալիորեն ծանոթ «մոտիվներ» նկատեցին ուկրաինական եւ հայաստանյան արմատական ընդդիմադիրների մարտավարություններում: Նմանություններ կարելի է տեսնել նաեւ հեղափոխական շարժումների երիտասարդական թեւերի` հարավսլավական «Օտպոռ»-ի, վրացական «Կմարա»-ի, ուկրաինական «Պորա»-ի եւ հայաստանյան «Սկսվելա»-ի միջեւ: Մասնավորապես, ամենուրեք հենց երիտասարդությունն էր հանդիսանում հեղափոխական գործընթացների շարժիչ ուժը եւ ակտիվ զանգվածային միջոցառումներում ներգրավված հիմնական կոնտինգենտը: Ի դեպ, հիմնականում հենց նրանք էին նաեւ հեղափոխության պարտադիր էլեմենտ հանդիսացող` «վրանային քաղաքների» հիմնական «բնակիչները»: Առհասարակ համարվում է, որ «գունավոր հեղափոխությունները» երիտասարդության համար իսկական տոն են, եւ պատահական չէ, որ «գունավոր հեղափոխությունների» ռեժիսորներն ամենուրեք այն բեմադրում են երիտասարդական` երգ ու պարով, տարբեր շոուներով լեցուն կառնավալների տեսքով ու ոգով…

Բնականաբար, «զուգադիպությունները» վերոնշված օրինակներով չեն ավարտվում: Սակայն ամենակարեւոր եւ ֆունդամենտալ ընդհանրությունը, որը միշտ առկա է հեղափոխական ցնցումներ վերապրած երկրներում, այն է, որ բոլոր «գունավոր հեղափոխությունները»` կկոչվեն դրանք «նարնջագույն», «վարդերի», «կակաչների», թե «երգ ու պարի» հեղափոխություններ, սովորաբար, հիմնված են լինում հասարակության մեջ եւ պետության մեջ գոյություն ունեցող իրական լուրջ հակասությունների վրա, որոնք ջրբաժան են դառնում կոռումպացված ու քրեականացված, կլանային սկզբունքով ձեւավորված իշխանության եւ փոփոխությունների եւ արդարության ձգտող հասարակության միջեւ: Եվ եթե տարիների ընթացքում խնդիրները ոչ միայն լուծում չեն ստանում, այլ ընդհակառակը՝ օր օրի սրվում են, ապա ընդդիմությունն ինչ-որ պահի իր ներքաղաքական դաշնակիցների, իսկ որոշ դեպքերում` նաեւ շահագրգիռ աշխարհաքաղաքական կենտրոնների աջակցությամբ գտնում է այն էֆեկտիվ տեխնոլոգիան, որով առկա փոքր ու մեծ ճեղքերը վերածում է հսկայական անջրպետների եւ իշխանափոխության հանգեցնող հակասությունների: Իսկ «գունավոր հեղափոխությունն» ընդամենը այդպիսի արդյունավետ տեխնոլոգիաներից մեկն է, ոչ ավելին…