Հաջող նշանակում

13/04/2008 Էդուարդ ՆԱՂԴԱԼՅԱՆ

Թեեւ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանի նշանակումը ՀՀ վարչապետի պաշտոնում սպասելի իրադարձություն էր, հանուն արդարության պետք է խոստովանել, որ հանրապետության նոր Նախագահի կադրային քաղաքականությունը նշանավորվեց բավականին լավ մեկնարկով:

Վարչապետի պաշտոնի համար այսօր ավելի լավ թեկնածու գտնելը դժվար էր: ԿԲ նախագահի պաշտոնում Տիգրան Սարգսյանն իրեն դրսեւորել էր որպես նպատակասլաց ու արդյունավետ ռեֆորմատոր, ինչի շնորհիվ Հայաստանի բանկային համակարգը որոշակիորեն դարձել էր մի ինստիտուցիոնալ օազիս, որը կտրուկ սահմանազատվում էր երկրի էկոնոմիկայի մյուս սեկտորների շարքում: Իհարկե, դա չի նշանակում, թե այդ նախագծի հաջող փորձը հնարավոր կլինի մեխանիկորեն արտածել ամբողջ երկրի վրա: Սակայն դա գլխավորը չէ, դա միայն տեխնիկական խնդիր է: Գլխավորն այստեղ նոր վարչապետի ներքին շարժառիթներն են՝ որպես ռեֆորմատոր: Շարժառիթներ, որոնք, անկասկած, լավ են արտահայտված: Առանց նման շարժառիթների անհնարին է իրականացնել որեւէ նախագիծ, առավել եւս` երկրի մակարդակով:

Այսպիսով, առաջին քայլը ճիշտ ուղղությամբ կատարված է: Բայց կադրային հաջողությունը զարգացնելու համար այժմ անհրաժեշտ է կատարել երկրորդ քայլը, ոչ պակաս կարեւոր` թույլատրել նոր վարչապետին մասնագիտական հիմքի վրա ձեւավորել նոր թիմ: Ակնհայտ է, որ կառավարության հաջողությունը կախված է կառավարության ամբողջ անձնակազմի թիմային աշխատանքից: Եվ կուսակցական-կադրային պատկերացումներն այստեղ կտրականորեն պետք է մղվեն հետին պլան:

Մենք դա արդեն անցել ենք: Էկոնոմիկայի վիճակն էլ այն չէ, որ տրամադրի բարեհաճ տրամադրության: Տնտեսական աճի բարձր տեմպերի մասին զեկույցների ժամանակն անցել է: Նույնիսկ ոչ մասնագետներին արդեն վաղուց հայտնի է, որ տնտեսական աճը զարգացման նպատակը չէ, այլ ընդամենը՝ զարգացման նպատակներին հասնելու գործիք:

Հայաստանի տնտեսության մեջ կուտակվել են բազմաթիվ համակարգային խնդիրներ, հատկապես հարկային-մաքսային բնագավառում, մրցակցության ասպարեզում, դատական համակարգում, արտահանման-ներմուծման ոլորտում եւ այլն: Շատ վատ են աշխատում շուկայական ինստիտուտները: Գործարարության եւ ստուգող մարմինների հարաբերություններն ընդունել են անտագոնիստական բնույթ, ինչն անթույլատրելի է եւ կոնտրպրոդուկտիվ: Ներկայիս ցածրորակ, տրանսֆերտային տնտեսական աճը պետք է արագորեն լրացնել որակյալ բաղադրիչներով, ինչին մինչ այժմ գործնականում ուշադրություն չէր դարձվում: Այդ հարցում մենք շատ ուշացանք, ուստի շատ հիվանդություններ ստացան տեւական, քրոնիկ ընթացք:

Թույլ տրված կոպիտ սխալների ուղղումն այսօր նրբանկատորեն անվանում են երկրորդ սերնդի բարեփոխումներ: Էությունը չէ կարեւոր: Բոլորը հասկանում են` դրանք պետք է շտապ շտկել: Ունենալով համակարգային, նախագծային մտածողություն, Տիգրան Սարգսյանը, ինչպես ոչ որեւէ այլ մեկը, հասկանում է այդ խնդիրների ողջ խորությունը: Իսկ ամենակարեւորը` նա բացարձակապես մոտիվացված է դրանք լուծելու հարցում: Եվ դա լուրջ լավատեսություն է ներշնչում: Մեզ անհրաժեշտ էր նոր մտածողությամբ վարչապետ: Մենք այն ունեցանք:

«Դելովոյ էքսպրես»