Էլի երկխոսության մասին

13/04/2008 Նատաշա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Մի շարք հասարակական կազմակերպությունների (հ/կ) կողմից ձեւավորված «Խաղաղ Հայաստան» նախաձեռնությունն ապրիլի 7-ին անցկացրել է իր առաջին ֆորումը, որին մասնակցել են 250-ից ավելի հ/կ-ներ:

Երեկ «Տեսակետ» ակումբի հյուրերն էին նախաձեռնության անդամներից՝ «Եվրոպական ինտեգրացիա» հ/կ նախագահ Կարեն Բեքարյանը եւ Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, ովքեր անդրադարձան «Խաղաղ Հայաստանի» նպատակներին, ինչպես նաեւ՝ տեղի ունեցած ֆորումին: Կ. Բեքարյանը նշեց, որ իրենց համար «խաղաղությունն» իր մեջ անպայման ներառում է նաեւ արդարությունը: Իսկ իրենց նպատակը եղել է հասկանալը, թե քաղաքացիական հասարակությունը` ի դեմս հ/կ-ների, ստեղծված լարված իրավիճակում ինչ դերակատարում կարող է ունենալ: Ըստ նրա` վերջերս շատ է խոսվում երկխոսության մասին, սակայն պետք է հասկանալ` ո՞վ եւ ո՞ւմ հետ պետք է երկխոսության մեջ մտնի. «Մեզ չի հետաքրքրում երկխոսությունը երկու ուժերի, երկու քաղաքական բեւեռների միջեւ, որովհետեւ հարցը դուրս է դրանից: Կա էական երկխոսության խնդիր իշխանության ու սեփական հասարակության միջեւ»,- հայտարարեց Կ. Բեքարյանը: Անդրադառնալով այսօր հասարակական կյանքում հ/կ-ների ունեցած դերին, Կ. Բեքարյանը նշեց, որ չի կարելի սեփական երկրում միայն գնահատող լինել, անհրաժեշտ է նաեւ մասնակցել գործընթացներին: Ուստի «Խաղաղ Հայաստանը» փորձում է պարզել` արդյոք հնարավո՞ր է միասին ձեւավորել այն օրակարգը, որը կարող է հետագայում այդ երկխոսության հիմքը դառնալ. «Կարճաժամկետ, միջնաժամկետ ու երկարաժամկետ խնդիրներ կան լուծելու: Պետք է կարողանանք օրակարգը ձեւակերպել, ֆիքսել կարճաժամկետ խնդիրներն ու հետագայում դրանց լուծման ուղիները: Իսկ ֆորումի ընթացքում փորձեցինք ֆիքսել եւ արդեն հանրությանն ու իշխանությանը ներկայացնել այդ կարճաժամկետ, միջնաժամկետ ու երկարաժամկետ խնդիրները, որոնք էլ կարող են դառնալ հասարակություն-պետություն երկխոսության հիմքը: Ֆորումին մասնակցեց նաեւ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը»: Կարճաժամկետ լուծման համար Կ. Բեքարյանը հիշեցրեց այն վեց հիմնական կետերը, որոնք օրերս հրապարակվել էին նախաձեռնության հայտարարության մեջ: Իսկ հաջորդ շաբաթ «Խաղաղ Հայաստանը» կհրապարակի իր վերջնական ուղերձը, որում ներկայացված կլինեն նաեւ միջնաժամկետ ու երկարաժամկետ հիմնախնդիրներն ու դրանց լուծման ծրագրերը:

Բորիս Նավասարդյանն էլ նշեց, որ հիմնականում իշխանությունների մեղքով վերջին տարիներին Հայաստանում հանրային երկխոսություն չի կայանում. «Եվ մեզ համար շատ տհաճ իրավիճակ ստեղծվեց, որ, փաստորեն, մեր բոլոր գաղափարներն ու առաջարկությունները անտեսվում էին, եւ աշխատելու միակ եղանակը կոշտ բողոք ներկայացնելն էր իշխանություններին: Պարզ է, որ այն կառուցողական չի կարելի համարել ու արդյունավետ չէր կարող լինել, բայց այլ ելք մեզ ուղղակի չէին թողել: Ու քիչ հաջողությունների, այնուամենայնիվ, հենց դրա շնորհիվ եք հասել»: Անդրադառնալով «Խաղաղ Հայաստանի» վեց հիմնական հարցադրումներին, Բ. Նավասարդյանը նշեց, որ համաձայն չէ դրանցից վերջինի` հանրային խորհուրդ ձեւավորելու գաղափարի հետ, քանի որ այն, նրա կարծիքով` կարող է բերել քաղաքացիական նոմենկլատուրայի ձեւավորմանն ու հ/կ-ներ, քաղաքացիական հասարակություն հասկացությունների խեղաթյուրմանը:

Նա նշեց նաեւ, որ մի շարք հ/կ-ներ մասնակցեցին ընտրություններին` պաշտպանելով այս կամ այն թեկնածուին, չնայած օրենքով հ/կ-ներին արգելվում է զբաղվել քաղաքական գործունեությամբ: Եվ այս դեպքում, նրա կարծիքով` «Խաղաղ Հայաստանին» նման հ/կ-ների միանալը սխալ է: Նրան ի պատասխան՝ Կ. Բեքարյանը նշեց, որ «Խաղաղ Հայաստանը» մի սկզբունք ունի` չհարել որեւէ քաղաքական ուժի: Վերջինս անդրադարձավ նաեւ Հանրային հեռուստատեսության գործունեությանը: «Հանրայինն իր տեխնոլոգիաներով եղել է գրգռիչ ողջ ընտրական պայքարում ու սեւ PR-ի տեխնոլոգիայով իրականում արել է երկու թեկնածուի լիակատար PR: Եվ արդյունքում բերել է այն սրված իրավիճակին, որի ականատեսը եղանք»,- ասաց նա: