Եվրոպան պետք է դիվերսիֆիկացնի էներգակիրների մատակարարումները, քանի որ չափազանց մեծ է նրա կախվածությունը
ՌԴ-ից կատարվող ներմուծումից: Այդ մասին Աթենքում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Մեթյու Բրայզան: «Հունաստանը բնական գազի 80 տոկոսը ստանում է միայն մեկ ընկերությունից՝ «Գազպրոմից»: Նշանակություն չունի, թե որ երկրից է այդ ընկերությունը, բայց երբ այն ապահովում է մատակարարումների 80 կամ ավելի տոկոսը, ընդունող երկիրը չի կարող առանձնապես ուժեղ դիրք ունենալ բանակցություններում: Իսկ չէ՞ որ Հունաստանն ամենակախյալ երկիրը չէ: Հարավ-արեւելյան Եվրոպայի որոշ երկրներ «Գազպրոմի» մատակարարումներից կախված են ամբողջ 100 տոկոսով»,- ասել է Բրայզան՝ Աթենքի Վուլիագմենի արվարձանում ելույթ ունենալով «Economist» հանդեսի կլոր սեղանի ժամանակ: «Բայց ես հարցնում եմ՝ եթե որեւիցե ընկերություն մենաշնորհատեր է, ինչպե՞ս կպահի իրեն: Մենատիրությունները չեն ձգտում մրցակցության մեծացման, նրանք փորձում են նվազեցնել այն եւ ընդհանրապես ազատվել դրանից»,- հավելել է ամերիկացի դիվանագետը: Նրա խոսքով, ԱՄՆ-ին այս հարցում առաջնորդում է Եվրոպայի երկրներին օգնելու ցանկությունը: «Մենք պարզապես ասում ենք. իսկ ինչո՞ւ չհամագործակցենք, որպեսզի Հունաստանին կամ Եվրոպայի ցանկացած այլ երկրի օգնենք ամրապնդելու իր դիրքերը բանակցություններում, իր հնարավորությունները պահպանելու բնական գազի գները շուկայական մեխանիզմների եւ մրցակցության միջոցով»,- ասել է Բրայզան: Նրա տեսակետով, Հարավ-արեւելյան Եվրոպայի տարածաշրջանում էներգամատակարարումների ոլորտում մրցակցությունը պետք է ելնի Ադրբեջանից: Այսպես, Հունաստանը, բացի ռուսաստանյան գազից, մտադիր է ստանալ նաեւ ադրբեջանական գազ: «Այստեղ բարդ է հասնել այն բանին, որ պահպանվեն եւ մեծացվեն առկա մատակարարումները, պահանջվում է բարդ դիվանագիտություն Թուրքիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի հետ: Անհրաժեշտ է կնքել մի ամբողջ շարք նոր սերնդի պարտավորագրեր, որոնց վրա մենք աշխատում ենք»,- ասել է ամերիկացի դիվանագետը: Բրայզան տարածաշրջանի երկրներին կոչ է արել իրագործել «Նաբուկո» գազատարի նախագիծը, որը պետք է մրցակցի Ռուսաստանի «Հարավային հոսքի» հետ: Նրա խոսքով, հեռանկարում նախագծին կարող են միանալ Ղազախստանը եւ Իրաքը: Բրայզան այն կարծիքին է, որ նախագծի իրագործումը մատակարարումների 25 տոկոս աճ կտա առաջիկա 5-8 տարիներին եւ կապահովի ներմուծման բազմատեսակացումը: Հունաստանը հայտարարում է երկրի էներգակիրների մատակարարումները բազմատեսակացնելու մտադրության մասին: Այսպես, երկիրը մասնակցում է թուրքա-հունական եւ հունա-իտալական գազատարների նախագծերին, եւ հեռանկարում մտադիր է գազ ստանալ Ադրբեջանից: Ըստ որում, Հունաստանը վերջին տարիներին կտրուկ ակտիվացրել է էներգետիկական համագործակցությունը Ռուսաստանի հետ: Այսպես, 2007թ. Ռուսաստանը, Բուլղարիան եւ Հունաստանը ստորագրել են համաձայնագիր Բուրգաս-Ալեքսանդրուպոլիս նավթամուղի կառուցման շուրջ, որով ռուսաստանյան նավթը կգնա Եվրոպայի հարավ՝ շրջանցելով Սեւ ծովի գերբեռնված նեղուցները: Նույն թվականին Հունաստանը հայտարարել է «Հարավային հոսք» գազատարի նախագծին միանալու մտադրության մասին, որով ռուսաստանյան գազը կփոխադրվի Հարավային եւ Կենտրոնական Եվրոպա: Բացի Հունաստանից, տարածաշրջանի երկրների թվում նախագծին միանալու ցանկություն են հայտնել Իտալիան, Բուլղարիան, Սերբիան: