Հետ է վերցրել

13/04/2008

ՀՀ Ոստիկանությունը հրաժարվել է «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության առաջնորդ Պետրոս Մակեյանի վարչական հետապնդումից: Գյումրիի վարչական դատարանի դատավոր Էդուարդ Նահապետյանը երեկվա նիստում հայտնել է, որ Ոստիկանությունը դիմել էր Պ. Մակեյանին վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1 հոդվածով պատժելու խնդրանքով: Իսկ այդ հոդվածը նախատեսում է «հրապարակային միջոցառումը դադարեցնելու վերաբերյալ «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ oրենքով նախատեսված դեպքերում ընդունված որոշման պահանջները սահմանված ժամկետում չկատարելը», ինչը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով: Երեկ, սակայն, դատավորը հայտարարել է, որ Ոստիկանությունը հետ է վերցրել հայցադիմումը, ինչը նշանակում է, որ երկուշաբթի օրը Մակեյանի նկատմամբ հարուցված վարչական գործը կարճվելու է: Միաժամանակ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում Պ. Մակեյանի եւ մի շարք այլ անձանց նկատմամբ հարուցված քր.գործը, որով նրանք մեղադրվում են ընտրական հանձնաժողովի աշխատանքը խանգարելու մեջ: