Օրինական աբսուրդներ

13/04/2008

«Lenta.ru» ինտերնետային կայքը երեկ ներկայացրել է աշխարհում գոյություն ունեցող մի շարք «անհեթեթ» օրենքներ, որոնց միլիոնավոր մարդիկ ստիպված են հետեւել: Օրինակ, օրենքով Շվեյցարիայում ժամը 22:00-ից հետո չի կարելի գուգարանի ջուրը քաշել, Թաիլանդում` տրորել թղթադրամները, իսկ Անգլիայում չի կարելի չամիչով կարկանդակ ուտել: Բրազիլական Բիրիտիբա քաղաքի քաղաքապետն արգելել է մահանալ: Ուշագրավ է, սակայն, ԱՄՆ Օհայո նահանգում ընդունված այն օրենքը, ըստ որի` կանանց արգելված է լաքապատ կոշիկ հագնել, քանի որ այդ կոշիկը կարող է արտացոլել ներքնազգեստը: ԱՄՆ մեկ այլ նահանգում էլ արգելված է 5 րոպեից շատ համբուրվելը: Իսկ Սան Ֆրանցիսկոյում չի կարելի հին ներքնազգեստով լվանալ սեփական ավտոմեքենան, կամ մեկ լոգարանակոնքում միաժամանակ երկու նորածնի լողացնել: Ի դեպ, այնտեղ չի կարելի նաեւ մեկ օրում երեք ափսե կոտրել: Իսկ Բելառուսում վարորդներին արգելված է մեքենայի դեղարկղի մեջ երեքից ավելի պահպանակ ունենալ: Հակաբեղմնավորիչների բացակայության պատճառով անողոքաբար տուգանել են ոչ միայն տղամարդկանց, այլեւ կանանց եւ քահանաներին: Իսկ Միլանում գործող օրենքի համաձայն` մարդիկ ստիպված են միշտ ժպտալ: