Նորոգում են «Էրեբունին»

13/04/2008

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում ընթանում են մասնակի վերանորոգման աշխատանքներ: ՀՀ պետբյուջեով հատկացված 7 մլն դրամով վերանորոգվում են ամրոցի միջանցքը, թանգարանի սանհանգույցները, էլեկտրական գծերը, ինչպես նաեւ նախատեսվում է կառուցել նոր ջրագիծ: Արգելոց-թանգարանի տնօրեն Աշոտ Փիլիպոսյանն «Արմենպրեսին» ասել է, որ կատարվում են նաեւ ամրոցի միջնաբերդի պարսպի վերանորոգման նախագծային աշխատանքներ: Այս ամսվա վերջին կսկսվեն ամրոցի քաղաքային թաղամասի էլեկտրամագնիսական հետազոտման աշխատանքները: Ըստ նրա` մինչ օրս այդ հատվածում պեղումներ չեն կատարվել, իսկ հետազոտություններից հետո հնարավոր կլինի որոշել կատարելիք պեղումների վայրը: Վերանորոգման աշխատանքները լայնածավալ են, այդ պատճառով էլ կավարտվեն 1-2 տարվա ընթացքում: Բացի դրանից, շուտով կսկսվեն նաեւ արգելոցի բարեկարգման աշխատանքները: