Մեր հարցին, թե ինչո՞ւ չեն լուսաբանվել, օրինակ, «Հանրապետություն»
կուսակցության համագումարն ու «ՆԺ» կուսակցության Սեւանի դեպքերը,
«Արմենիա» հեռուստաընկերության լրատվական ծառայության ղեկավար Գագիկ
Մկրտչյանը պատասխանեց. «Սեւանի դեպքերից բանավոր ինֆորմացիա ենք ունեցել
մենք, դրա համար հաղորդել ենք միայն Դատախազության տարածած
հաղորդագրությունը: «Հանրապետության» համագումարով ֆիզիկապես չէինք կարող
զբաղվել, որովհետեւ ծանրաբեռնված էինք Ապրիլի 24-ի միջոցառումներով:
Հաղորդումներ, ֆիլմեր էինք պատրաստում, եւ մեր երեխեքը ամեն օր այցելում
էին 4-5 ականատեսի, իսկ նրանք, գիտեք, տատիկներ ու պապիկներ են, ու ամեն
մեկի հետ 4-5 ժամ աշխատել են,- ասաց Գ. Մկրտչյանը՝ հավելելով,- այդ օրերին
մեր գերնպատակը 1915 թվի դեպքերն ըստ արժանվույն լուսաբանելն էր, իսկ
ընդդիմության միջոցառումների լուսաբանումը, կարելի է ասել, թողել էինք մեր
կոլեգաներին՝ մյուս հեռուստաընկերություններին: Ասեմ, որ մենք ապրիլի 24-ի
հաղորդումներից շա՜տ-շա՜տ-շա՜տ լավ արձագանքներ ունենք, ու շնորհիվ մեր
այդ աշխատանքի՝ «Associated Press»-ը մեր լոգոյով էր տալիս այդ
միջոցառումները: Իսկ ես բնույթով շատ նացիոնալիստ մարդ եմ»: Ինչո՞վ է
մեղավոր ընդդիմության միջոցառումներին հետեւող հեռուստադիտողը, որը չի
կարողանում «Արմենիայի» եթերի միջոցով տեղեկանալ, թե ինչ է այդ օրը
կատարվել երկրում՝ մեր հարցին Գ. Մկրտչյանը պատասխանեց. «Այս դեպքում, ոչ
թե հեռուստադիտողի կարծիքը չի հաշվի առնվել, այլ գերխնդիրն է ուրիշ եղել:
Իհարկե, դա էլ է կարեւոր, բայց մեզ համար կարեւորը մեր դարավոր թշնամու
դեմ մի բան անելն էր: Գերապատվության խնդիր էր»: Այսուհետ, ըստ Գ.
Մկրտչյանի, ընդդիմության միջոցառումները կշարունակվեն լուսաբանվել այնպես,
ինչպես նախկինում. «Նորմալ կլուսաբանենք, ինչպես միշտ,- ասաց նա՝
անդրադառնալով իր «Իրականում» հաղորդաշարին։- Իմ հաղորդումների ժամանակ ես
միշտ ընդդիմությանը հրավիրում եմ, օրինակ, Արշակ Սադոյանին, Վիկտոր
Դալլաքյանին»: Մեր «Իսկ ինչո՞ւ Արամ Սարգսյանին կամ Ստեփան Դեմիրճյանին
չեք հրավիրում» հարցին ի պատասխան, հաղորդման հեղինակ Գ. Մկրտչյանն ասաց.
«Ճիշտ է, ես նրանց չեմ հրավիրել, դա երեւի ավելի շատ հաղորդման ֆորմատի
խնդիր է, ես չեմ սիրում եթերում կռիվ անել»: «Ինչի Ա. Սարգսյանն ու Ս.
Դեմիրճյանը կռվարա՞ր են, որպես այդպիսին ավելի շատ հայտնի է Ա. Սադոյանը».
հաջորդող մեր այս հարցին Գ. Մկրտչյանն արձագանքեց. «Ես կոնկրետ իրենց
համար չէի դա ասում: Միգուցե ես չեմ այնքան ուշադիր եղել, որ հրավիրեմ:
Ուղղակի մեկ ամիս է, ես անցել եմ միայն ցեղասպանության թեմային»: