Առանց Օսկանյանի

11/04/2008

«Նոր նախագահը պետք է ունենա իր նոր ընտրովի նախարարը, որի հետ հանգիստ կզգա աշխատելուց: Իսկ ես եւ՛ նախագահին եմ ասել, եւ՛ նոր նախարարին կասեմ, որ Երեւանում եմ, ընդամենը մի զանգ եմ հեռու, եւ եթե իմ կարիքը կզգացվի՝ ես ամբողջությամբ պատրաստ եմ խորհուրդ տալ: Իմ ունեցած ինֆորմացիան, որը թղթի վրա չէ, իմ մտքում է, կարող եմ կիսել, որպեսզի հետագա ղեկավարությունը կարողանա արդյունավետ աշխատել, ու մենք հասնենք մեր նպատակին»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Վարդան Օսկանյանը` վստահեցնելով, որ ինքը շարունակելու է աշխատել ՀՀ նորընտիր նախագահի հետ, սակայն ոչ կառավարության կազմում: «Սկզբնական շրջանում ուզում եմ քաղաքացիական հարցերով զբաղվել: Երբ հստակ լինի` մանրամասն կխոսեմ»,- ասել է նա: Անդրադառնալով ԼՂՀ բանակցային գործընթացին, Վ. Օսկանյանն ասել է. «Բանակցություններում մեր մնալն առանց նախապայմանների պետք չէ: Եթե Ադրբեջանը ցանկանում է ուղղություններ, շեշտադրումներ փոխել, մենք էլ պետք է համապատասխան քայլեր անենք: Բայց եթե Ադրբեջանը պահպանում է իր նվիրումն այսօր առկա փաստաթղթի մեջ տեղ գտած սկզբունքների նկատմամբ, կարծում եմ` այդ ճանապարհը ճիշտ ճանապարհն է, եւ պետք է շարունակենք»: Իսկ թե ով է փոխարինելու իրեն ԱԳ նախարարի պաշտոնում, Վ. Օսկանյանը չի ասել, այլ ընդամենը ակնարկել է: «Դուք բոլորդ էլ գիտեք»,- ասել է նա` ամենայն հավանականությամբ նկատի ունենալով Ֆրանսիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Էդուարդ Նալբանդյանին, ով համարվում է այդ պաշտոնի ամենահավանական թեկնածուն: