Երեկ Օպերայի եւ բալետի թատրոնի շենքում տեղի ունեցավ ՀՀ նորընտիր նախագահ, ՀՀ Երրորդ Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի երդման արարողությունը, որին մասնակցում էին 58 երկրների եւ 12 միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: «…Այս արարողությունը տեղի է ունենում ցավալի իրադարձություններից շուրջ մեկ ամիս անց, իրադարձություններ, որոնց թողած վերքերը դեռ թարմ են: Այդ վերքերը բոլորիս ցավ ու դառնություն պատճառեցին: Այսօր ես հորդորում եմ առաջ նայել, միասնաբար փնտրել ու գտնել ապաքինման ու համախմբման ճանապարհը, վաղվա Հայաստանի զարգացման ճանապարհը»: «Մեր ժողովրդի մի մասը պաշտպանել է այլ թեկնածուների, ու ես հիմա դիմում եմ նրանց: Դուք իրավունք ունեիք քվեարկել ոչ իմ օգտին, սակայն ես իրավունք չունեմ չլինել ձեր նախագահը: Մենք չպետք է բաժանվենք, մենք չպետք է մեր ժողովրդի մի մասի ու մյուսի միջեւ անջրպետներ ստեղծենք, չպետք է անհաղորդ լինենք միմյանց մտահոգության ու ցավի նկատմամբ, չպետք է դուրս գանք փոխադարձ հասանելիության սահմանից: Եթե անգամ մեր միջեւ չհասկացվածության պատ կա, կո՛չ եմ անում, եկեք քանդենք այդ պատը»,- ասել է Սերժ Սարգսյանը: Երդման արարողությանը հաջորդել է զորահանդես, որին մասնակցել է միայն Ս. Սարգսյանը: Երեկ, գրեթե նույն ժամին` 11:00-ից մինչեւ 15:30-ը Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի մոտ հազարավոր քաղաքացիներ իրենց հարգանքի տուրքն էին մատուցում մարտի 1-ի զոհերի հիշատակին: Նրանք ծաղիկներ դրեցին, մոմ ու խունկ վառեցին: Թեեւ մոմավառության ողջ ընթացքում Ոստիկանությունը խիստ հսկողություն էր սահմանել` փորձելով մարդկանց հեռացնել արձանին հարող տարածքից, այնուամենայնիվ, որեւէ լուրջ միջադեպ տեղի չունեցավ: