Զգում է նաեւ իր մեղքը

11/04/2008

ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հարցազրույց է տվել ռուսական «Ռոսիյսկայա գազետա» թերթին, որում ասել է, թե ընդունում է, որ մարտի 1-ին տեղի ունեցած ողբերգական իրադարձություններում կա նաեւ իշխանությունների մեղքը:

«Նախընտրական փուլի ամբողջ ընթացքում ես եւ իմ գործընկերները, թեկնածուները խոսում էինք սադրանքների վտանգի մասին: Սակայն մեզ չհաջողվեց կանխել դրանք, եւ քանի որ այդպես է, ապա տվյալ դեպքում կա նաեւ մեր մեղքը»,- ասել է Ս. Սարգսյանը` պատասխանելով թղթակցի հարցին, թե պատասխանատվություն զգո՞ւմ է արդյոք մարտի 1-ին տեղի ունեցածի համար: «Եվ այսօր մենք պետք է մտածենք այն մասին, որպեսզի այդ ողբերգության հետեւանքները չքանան: Իմ կարծիքով, ամենաճիշտ ճանապարհը կլինի կոալիցիայի` նոր կառավարության աշխատանքը, երբ մեր սկզբունքային քայլերից հետո ժողովուրդը կհամոզվի, որ ճիշտ ընտրություն է արել»,- հայտարարել է Ս. Սարգսյանը: «Ռոսիյսկայա գազետայի» թղթակիցը փորձել է ճշտել նաեւ նրա տեսակետը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: «Ինչպիսի՞ն եք տեսնում ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացը, հատկապես Կոսովոյում տեղի ունեցած իրադարձությունների լույսի ներքո»,- ի պատասխան այս հարցին՝

Ս. Սարգսյանը հայտարարել է. «Մեր տարածաշրջանը գտնվում է տարբեր աշխարհաքաղաքական ուժերի շահերի հատման կետում, եւ հակասություններն անխուսափելի են: Անվտանգության եւ կայուն զարգացման լավագույն ռազմավարությունը ժողովրդավարական հասարակության կառուցումն է` հիմնված ազատականության սկզբունքների վրա, միջազգային պրակտիկային համապատասխան»: Խոսելով այդ հարցում վերջին զարգացումների մասին` նա ասել է. «Ադրբեջանի դիվանագիտական կոչերը ՄԱԿ-ին եւ Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի շփման գծում վերջին ընդհարումները մտահոգություններ են հարուցում: Հայաստանը պատրաստ է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորել միայն խաղաղ ճանապարհով` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Կա ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը, եւ այն փոխելու անհրաժեշտություն չկա: Գտնում եմ, որ կարգավորման հարցը պետք է հենվի ժողովրդի` միջազգային հանրության կողմից ճանաչված ինքնորոշման իրավունքի վրա, դրա համար պետք է պայմաններ ստեղծվեն դրա իրականացման համար: Բացի այդ, պետք է ապահովվի ԼՂՀ ժողովրդի եւ սահմանների անվտանգությունը»: Ս. Սարգսյանն անդրադարձել է նաեւ հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարին։ «Հայաստանի համար դժվարին տնտեսական մեկուսացման փուլում Ռուսաստանը բարեկամաբար սատար կանգնեց մեզ: Նույնպես ռուսաստանյան կողմից մեզ աջակցություն ցուցաբերվեց մարտյան դեպքերի ժամանակ: Մեր տնտեսական հարաբերությունները սերտորեն միահյուսված են քաղաքական հայացքների, մշակութային կապերի, փոխշահավետ համագործակցության հեռանկարների հետ: Ռուսաստանյան կապիտալը այսօր ներգրավված է Հայաստանի տնտեսության տարբեր բնագավառներում: Դա էներգետիկան է, ատոմային արդյունաբերությունը, բանկային ու արդյունաբերական սեկտորները, հեռահաղորդակցությունը»,- հայտարարել է Հայաստանի նորընտիր նախագահը: