Պաշտոնական սողացող գնաճ

11/04/2008 Արա ԳԱԼՈՅԱՆ

Մեր ներքին շուկայում սողացող գնաճի տվյալների ամփոփման ետեւից պաշտոնական վիճակագրությունը չի հասցնում: Վիճակագրական ծառայության ցանկացած հրապարակում արդեն ուշացած է եւ չի արտահայտում այդ պահին շուկայում գործող գները: Անցած շաբաթ սպառողը նորից տհաճ անակնկալներ արձանագրեց: Պարենային ապրանքները նորից թանկացան: Օրինակ, կարագի բոլոր տեսակներն անակնկալ թանկացան մոտ 500 դրամով: Վիճակագրությունը նոր-նոր էր արձանագրել, որ այս սննդամթերքը տարվա սկզբի համեմատ մի քանի տոկոսով թանկացել է: Եթե վստահենք պաշտոնական վիճակագրությանը, ապա նախորդ տարվա համեմատ՝ սպառման ապրանքները միջինը թանկացել են 4,8 տոկոսով, իսկ պարենային ապրանքները` 5,3 տոկոսով: Այստեղ ճիշտ ժամանակն է ուշադրություն դարձնելու այն հնարքի վրա, որ օգտագործում են վիճակագիրները: Նրանք գները համեմատում են տարբեր սանդղակներով: Որ սանդղակը ավելի փոքր ցուցանիշ է արձանագրում` դա էլ պաշտոնապես քարոզվում է: Սննդամթերքի 5,3 տոկոսանոց աճը հաշվարկված է այս տարվա սկզբի համեմատ: Բայց նախորդ տարվա նույն շրջանի համեմատ տարբերությունը շատ ավելի նկատելի է` մոտ 10 տոկոս: Սպառողն, իհարկե, միշտ զարմանում է, թե որտեղ է պաշտոնական վիճակագրությունն այդքան համեստ գներ նկատում: Նրան ծանոթ սպասարկման բոլոր կետերում եւ խանութներում դրանք ավելի «կատաղի» տեսք ունեն: Պաշտոնական շրջանակները ներքին շուկայի գների ցատկերն արտաքին ու միջազգային գործընթացներով են բացատրում: Բացատրելը՝ բացատրում են, բայց հասարակությունը չի հավատում: Կամ` չի համոզվում: Որովհետեւ համոզվելը դժվար է ու համարյա անհնար: Տեսեք, Հայաստանում վաճառվող ալյուրը մարտ ամսին պաշտոնապես թանկացել է միջինը 10 տոկոսի չափով` անցած տարվա մարտ ամսվա համեմատ: Սակայն հացամթերքի գինը նույն ժամանակահատվածում պաշտոնապես աճել է 33,3 տոկոսով: Այս անհամամասնությունն անհասկանալի է: Անցած մեկ տարվա ընթացքում գազի ու էլեկտրաէներգիայի սակագները մնացել են նույնը: Հարկային կտրուկ փոփոխություններ չեն եղել: Ալյուրի համեմատ՝ հացի 3 անգամից ավելի թանկացումը բենզինի գնաճով բացատրելն էլ ծիծաղելի կլինի, ուր մնաց, թե համոզի: Բենզինը նույն ժամանակահատվածի ընթացքում թանկացել է (15 տոկոսով): Բայց, եթե բենզինի թանկացումն ազդել է հացի ինքնարժեքի վրա եւ արտադրողին ու վաճառողին «թույլ են տվել» գինը բարձրացնել 33,3 տոկոսով, ապա նույնը պիտի կատարվեր ալյուրի հետ: Ի վերջո, ալյուրն էլ են տեղափոխում սպառողին հասցնելու համար: Նմանօրինակ անհամապատասխանությունները հասարակությանը հիմք են տալիս մտածելու, որ գնագոյացման համակարգը Հայաստանում շուկայական չէ: Որովհետեւ դա տրամաբանորեն միակ հնարավոր եզրակացությունն է: Այս դեպքում արտաքին շուկաներում ընթացող գործընթացներով բացատրվող թանկացումները դառնում են նվազ համոզիչ: Հատկապես, որ տարադրամի արժեզրկումը (կամ, եթե կուզեք` դրամի արժեւորումը) ահագին պիտի նպաստեր գների կայունացմանը: Արտերկրի շուկաներում չթանկացող ապրանքների գինը պիտի նվազեր: Հակառակի պես, Հայաստանում պաշտոնապես նվազում են միայն տեղական արտադրության մթերքների (օրինակ` կարտոֆիլի) գները: Մնացածն անշեղորեն ու հաստատուն թանկանում է: Հետաքրքիր փաստ է նաեւ այն, որ ավելի առաջանցիկ տեմպով աճում են հիմնականում պարենային ապրանքների գները: Մյուս ապրանքների պարագային գնաճի պատասխանը սպառողի կողմից կարող է լինել խնայողությունը: Նոր կոշիկ կամ աթոռ գնելու որոշումը կարելի է հետաձգել, կամ դրանք տալ նորոգելու: Մեկ այլ ապրանքատեսակից հրաժարվելով` այն կարելի է փոխել դրա ավելի էժան փոխարինողով: Բայց մսին, կաթնամթերքին եւ հատկապես հացին փոխարինող մթերք չկա: Ավելի էժանի մասին խոսելն ավելորդ է: Այդ մասին նույնիսկ պատմական վավերագրություն կա: Ֆրանսիական հեղափոխության սեմին Փարիզից Վերսալ հասավ քաղցած կանանց բազմությունն ու, ժամանակակից բառապաշարով ասած, բողոքի հանրահավաք անցկացրեց պալատի հարեւանությամբ: Աղմուկից անհանգստացած թագուհուն զեկուցեցին՝ «Կանայք բողոքում են, որ հաց չունեն»: Մարի Անտուանետի պատասխան-խորհուրդն ինքնատիպ էր` «Հաց չունեն, թող թխվածք ուտեն»: Այս պատասխանից հետո թագուհու երկրային կյանքն ավարտվեց կառափնարանի վրա: Ժամանակներն, իհարկե, փոխվել են: Միջնադարի բարբարոս մեթոդներն արդեն անցյալ են: Բայց մարդը դեռ շարունակում է հաց (ու ուրիշ մթերքներ) ուտել: Հետեւաբար, հացի խնդիրը չլուծած հասարակություններում գնաճի խնդիրը միշտ մնում է առաջնային հետաքրքրության առարկա: Որքան էլ վիճակագրական տեղեկագրերը մեղմեն դրանք: