«Human Rights Watch»-ը կոչ է անում

11/04/2008

«Ապրիլի 9-ին իր պաշտոնամուտից հետո Հայաստանի նոր նախագահ Սերժ Սարգսյանը պետք է հետաքննի անցած ամսվա բռնությունները եւ այլ վճռական քայլեր ձեռնարկի երկրում մարդու իրավունքների ոլորտում առկա ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ»,- երեկ նման կարծիք է հայտնել «Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը: Վերջինս Հայաստանի միջազգային գործընկերներին կոչ է արել օգնել Հայաստանին` կատարելու իր միջազգային պարտավորությունները եւ կանգնելու ժողովրդավարական զարգացման ճանապարհին:

«Հայաստանի նոր ղեկավարի առջեւ լուրջ մարտահրավերներ են ծառացած»,- հայտարարել է «Human Rights Watch»-ի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի գծով տնօրեն Հոլի Քարթները: «Նա պետք է վճռական քայլեր ձեռնարկի` հետաքննելու Ոստիկանության կողմից անհամարժեք ուժի գործադրումը եւ վերացնելու հավաքների ազատության սահմանափակումները: Սա Հայաստանի խաթարված իմիջը վերականգնելու հնարավորություն է, եւ Սարգսյանը չպետք է բաց թողնի այն»,- ասել է Քարթները: Հայաստանում մարդու իրավունքների հետ կապված ճգնաժամի հաղթահարման նպատակով «Human Rights Watch»-ը, մասնավորապես, առաջարկում է` հետաքննել մարտի 1-ի իրադարձությունների ընթացքում Ոստիկանության կողմից անհամարժեք ուժի գործադրման մասին պնդումները, ապահովել այդ հետաքննության համապատասխանությունը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով Հայաստանի ստանձնած պարտավորություններին, դադարեցնել կամայական ձերբակալությունները եւ բոլոր ձերբակալվածների համար երաշխավորել ընթացակարգային բոլոր իրավունքները, քննել ձերբակալությունների ժամանակ եւ Ոստիկանության բաժիններում վատ վերաբերմունքի մասին բոլոր պնդումները եւ ազատ արձակել ապօրինի ցույցերին ենթադրյալ մասնակցության համար կամայականորեն ձերբակալվածներին, վերացնել հավաքների լայնածավալ սահմանափակումները` չեղյալ համարելով հավաքների մասին օրենքում կատարված փոփոխությունները, այդ օրենքը համապատասխանեցնել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային եւ առաջնորդվել Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի ու ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի կողմից համատեղ արված առաջարկներով, դադարեցնել մամուլի եւ ընդդիմության կողմնակիցների հետապնդումները, այդ թվում՝ ձերբակալությունները, պարբերական հարցաքննությունները, աշխատանքից ազատելը եւ հարկային աուդիտը որպես ճնշման քաղաքական գործիք օգտագործելը: «Human Rights Watch»-ը գտնում է, որ ԱՄՆ-ը, Եվրամիությունը եւ Հայաստանի մյուս միջազգային գործընկերները պետք է հստակ ուղենիշներ առաջադրեն երկրի նոր ղեկավարությանը` «ձեռնարկելով վերոհիշյալ քայլերը՝ որպես ապագա համագործակցության եւ օժանդակության նախապայմաններ»: