Սահմանափակ օգտագործման քաղաք

11/04/2008 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Յուրաքանչյուր քաղաք իր բրենդը կամ էլ յուրահատուկ իմիջն ունի, որով կարողանում է գրավիչ դառնալ հյուրերի համար ու հպարտության զգացում առաջացնել այդ քաղաքում բնակվող մարդկանց սրտում:

Սեփական բնակավայրի մասին դրական կարծիքը, որը ձեւավորվում է հասարակության մեջ, հսկայական խթան է քաղաքի զարգացման համար: Մենք ապրում ենք մեր քաղաքում ու այն համարում մերը, անկրկնելին, գեղեցիկը: Երեւանի ֆենոմենը կայանում է նրանում, որ մենք մեր քաղաքը մեր տունն ենք համարում ու, թեեւ միշտ չենք պահպանում քաղաքից օգտվելու կուլտուրան, սակայն վստահ ենք, որ այն նման է մեզ. նույնքան էմոցիոնալ ու խառնաշփոթ է, որքան մենք ինքներս ենք: Նույնիսկ բնական երեւույթ դարձած փողոցային խցանումներն ու երթեւեկության կանոնների բացակայությունն ենք պատրաստ արդարացնել: Դե, չենք սիրում օրենքներով ապրել, ապրում ենք այնպես, ինչպես ստացվում է: Դա է մեր բրենդը, որը քաղաքը ներկայացնում է որպես շատերի համար անհասկանալի «ստորջրյա» ռիթմով ապրող մի էակ, որը, սակայն, շատ կենսունակ ու «կենդանի» է: Վարորդները կանգնում են՝ որտեղ ուզում են, հետիոտնը անցնում է փողոցը` որտեղից ուզում է, բայց, միեւնույն է, քաղաքը շարունակում է «շնչել», մենք էլ այդ քաղաքի հետ ենք շնչում: Նսեմացվում է մեր ինքնասիրությունը, երբ երթուղային տաքսու մեջ քսանից ավելի մարդ է լցվում, մտածում ենք` դե, ոչինչ, մարդիկ տուն են շտապում, իսկ տրանսպորտ չկա: Փորձում ենք ըմբռնումով մոտենալ խնդրին ու չվնասել քաղաքի յուրատեսակ մշակույթը: Նսեմացվում է մեր հպարտությունը, երբ պարզվում է, որ հանրապետության նախագահի ինագուրացիայի արարողությունը մեզ համար տոն լինել չի կարող (թեեւ մենք շատ ենք ուզում մեզ իրոք հպարտ ու հուզված զգալ այդ օրը` տեսնելով նորընտիր նախագահի երդումը), քանի որ քաղաքում տեղաշարժվելու սահմանափակումներ են մտցվել: Եվ հանրապետության քաղաքացիները պետք է շրջանցեն ու հեռու մնան քաղաքի «սրտից»` Օպերայի հրապարակից, քանի որ այդպես է կարգադրվել: Ըմբռնում ենք այդ պահի թելադրանքը: Սակայն մի բան չի ստացվում ըմբռնել, ինչո՞ւ մարդիկ չեն կարող տնից դուրս գալ այն ժամին, երբ ուզում են, եւ վերադառնալ այն ժամին, երբ իրենց հարմար է: Մանավանդ, երբ իրենք քաղաքականությունից շատ հեռու եւ օրինապաշտ քաղաքացիներ են եւ քաղաքից «օգտվելու» մշակույթին են տիրապետում, չեն աղտոտում, չեն բացականչում, փողոցում լաց չեն լինում, պարան չեն թռնում ու չեն սադրում անօրինական հավաքներ անելու, պարզապես տուն են գնում:

Երեկ` ապրիլի 9-ին, ոստիկանները թույլ չէին տալիս Թումանյան, Տերյան կամ Սայաթ-Նովա փողոցների վրա գտնվող տան բակերը մտնել, ասելով` «Ժամը 16-ից հետո կարող եք գնալ»: Նման խոսքերից հետո սեփական քաղաքի մասին ունեցած պատրանքը միանգամից փշրվում է` նույնիսկ ամենաիշխանամետ քաղաքացիների մոտ: Փաստորեն, չես կարող տուն գնալ՝ երբ ցանկանում ես, քեզ պիտի ասեն, թե երբ կարող ես գնալ: Տուն տանող բոլոր մատույցները քաղաքում օրենք հաստատողները փակել էին: Եվ տուն-քաղաքի գաղափարն արգելափակված էր:

Ի դեպ, թեեւ Կրթության նախարարությունը տեղեկացրել էր, որ ոչ մի ուսումնական հաստատություն դասերն ընդհատելու հրահանգ չի ստացել, եւ դպրոցական կյանքը պիտի սովորականի նման շարունակվի, սակայն Օպերայի եւ բալետի թատրոնի մոտակայքում գտնվող Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցում դեռ ապրիլի 8-ին հայտնել էին, որ ՀՀ նախագահի երդմնակալության օրը դասեր չեն լինելու: Նախարարության հրահանգը խախտելը թեեւ օրինական չէ, սակայն շատ բնական է (ի դեպ, այդ պարադոքսը մեր օրերի օրինաչափությունն է դարձել, ասում ենք մի բան, սակայն տեղի է ունենում մեկ այլ բան), քանի որ դեպի դպրոց տանող Տերյան ու Սայաթ-Նովա փողոցները փակ էին, իսկ փողոցների մատույցները հսկող ոստիկանները չափազանց աչալուրջ էին. նրանք աշակերտներին թույլ չէին տա դպրոցին մոտենալ: Իսկ կենտրոնական այլ դպրոցների ուսուցիչները պարզապես ծնողներին խնդրել էին երեխաներին դպրոց չբերել: Ամեն դեպքում, դա ցանկալի չէր լինի ու կարող էր մարդկային անցանկալի կուտակումներ առաջացնել: Աշակերտների ծնողներն ըմբռնումով էին մոտեցել խնդրին երեխաներին դպրոց չէին ուղարկել: Այդ տոնական ռիթմը (իսկ նոր նախագահի երդմնակալությունը պետք է տոն համարել) խախտողները մայրաքաղաքի բնականոն ռիթմով ապրող մարդիկ էին, որոնց դժբախտությունը կայանում էր նրանում, որ իրենք քաղաքի կենտրոնում են ապրում, սովորում կամ աշխատում:

Ոստիկանները վստահեցնում էին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, որ փողոցներում քայլել չի կարելի, ու խիստ զեկուցում էին ռացիաներով. «Փողոցը մաքրված է քաղաքացիներից»: Կարծես թե քաղաքի կենսառիթմը հենց քաղաքացիներն են խափանում, եւ միակ կարեւոր բանը քաղաքացիներից փողոցները «մաքրելն» է:

Եվ միայն մեկ ոստիկան, վերջիվերջո, թույլ տվեց անցնել տան բակ, սակայն պայման դրեց. «Արագ անցեք ժապավենի տակով, կարծես թե ես չեմ տեսել»: Չցանկանալով գաղտագողի օգտվել սեփական քաղաքից եւ հրաժարվելով կռացած անցնել ժապավենակապ փողոցը, մարդը կարող էր այդպես էլ տուն չհասնել: Շատերը չհասան: Քաղաքի եւ քաղաքացու փոխհարաբերությունները «փչանում են» կայծակնային արագությամբ: Ապրիլի 9-ին քաղաքի ռիթմից դուրս շպրտված մարդիկ բնավ էլ իրենց քաղաքի մասնիկները զգալ չէին կարող: Այո, կիսակռացած ենք երթեւեկում տրանսպորտում, կռացած էլ պետք է տուն գնանք: Եթե ըմբռնում ու ընդունում ենք կռացած ապրելու մշակույթը, ապա կռացած էլ շնչելու ենք:

Բոլորիս մոտ մի պատրանք կա. մենք մտածում ենք, որ մեր քաղաքը մեզ է պատկանում, եւ մենք քաղաքի շրջապտույտի մի մասնիկն ենք: Թերեւս դա է ամենացայտուն հայրենասիրությունը, քանի որ ամենօրյա անխախտ պրոցեսի երաշխիքի վրա է հիմնված: Ապրելու, տեղաշարժվելու, զբոսնելու ու ազատ զգալու ունակությունը կասկածի տակ է դրվել դեռ մեկ ամիս առաջ: Եվ հիմա արդեն անհեթեթ դրսեւորումներ է ստանում:

Երեկ քաղաքը կաթվածահար էր եղել: Պատճառը տոնն էր: