Իրանի Իսլամական Հանրապետության Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարի տեղակալ Հոսեյն Ֆագիհիանը երեկ հայտարարել է, որ մինչեւ 2009թ. մարտ ամիսը Իրանում կկառուցվի ուրանի հանքանյութի վերամշակման եւս մեկ գործարան: «Երկրորդ գործարանը կաշխատի Եզդի նահանգի Արդաքան քաղաքում»,- ասել է նա:
Ֆագիհիանի խոսքով, այդ ձեռնարկության շահագործմամբ Իրանում վերջնականապես կլուծվի միջուկային արդյունաբերության՝ «դեղին քեյկի» (փոշի) պահանջմունքի ապահովման հարցը, որը վերամշակվում-դարձվում է ուրանի գազակերպ հեքսաֆտորիդ, որն անհրաժեշտ է ուրանի հարստացման նպատակով ցենտրիֆուգները բեռնելու համար: Ներկայումս երկրում գործում է Սպահանի (Սպահանի կենտրոնական նահանգ) ուրանի հանքանյութի վերամշակման միջուկային կենտրոնը՝ 120.000 քառ. մետր մակերեսով:
Գործարանում կատարվում են ուրանի հանքանյութից «դեղին քեյկի» ստացման աշխատանքներ: Ըստ Իրանի իշխանությունների վերջին տվյալների՝ Սպահանի կենտրոնում վերջին տարիներին արտադրվել է շուրջ 360 տոննա ուրանի հեքսաֆտորիդ:
Ցենտրիֆուգներում ուրանի հարստացման աշխատանքներն իրականացվում են Նաթանզի գործարանում: