Երբ մարդ արարածը կորցնում է ապրելու ունակությունը` մահվան դեմ պայքարում է անցյալից կուտակած իմունիտետի եւ բժշկական միջամտության հաշվին:
Իսկ երբ Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացին կորցնում է ապրելու ցանկությունը ու իրեն սովորական մարդ չի համարում, այդ՝ պայմանական ասած՝ «սովորական» հիվանդ մարդը կամաց-կամաց մարում է: Իսկ պետությունն իր տրամադրած կենսաթոշակով այդ քաղաքացու համար ընդամենը սովորական մարդ զգալու պատրանք է ապահովում: Հայաստանում սովորական մարդու պատրանքի մեջ ապրող մեր հայրենակիցներից շատերը չեն փորձում իրենք իրենց օգնել, չեն գնում բուժհիմնարկներ միայն այն «պատճառով», որ այդ բուժհիմնարկների առաքելությունը սովորական մարդկանց բուժօգնություն ցուցաբերելն է: Մեր երկրում հարյուրավոր մեծահասակներ, սոցիալապես խոցելի խմբեր գամվում են անկողնուն եւ չեն դիմում առողջապահական հաստատություններ միայն այն պատճառով, որ ի զորու չեն բավարարել սովորական մարդկանց սպասարկելու համար չգրված գնացուցակը: Եթե որեւէ երկրում ծեր մարդուն 17.000 դրամ կենսաթոշակ տրամադրվեր, ապա այդ երկրի քաղաքացու համար այն կդիտվեր որպես վիրավորանք, կամ առնվազն` մարդու իրավունքների ոտնահարում: Մեր երկրում 17.000 դրամ կենսաթոշակ ստացող 70-ամյա Վանուշ պապն իրեն սովորական մարդ չի համարում եւ լուռ դիմադրում, պայքարում է մահվան դեմ: Կինը` տիկին Սուսաննան, պատմում է. «Կերակրափողը փակվեց, տարանք հիվանդանոց, թե` բազում կպումներ ա տվել: Ռենտգեն արեցինք, ասեցին` թոքերը ջուր են դառնում, ուղարկեցին տուն ու սենց անհույս մնաց»: Տիկին Սուսաննան ասում է, որ բժշկի նշանակած մի քանի անուն դեղերը չեն կարողանում գնել, որովհետեւ թանկ են: Վանուշ պապը հաճախ շնչահեղձ է լինում, դեղորայքի պակասի պատճառով ստիպված է լինում զգալ մահվան դառնությունն ու շարունակում է մի կերպ ապրել:
Նրանց հարսը հղի է, դիմել է «սովորական մարդկանց» սպասարկող առողջապահական հաստատություն` հղիությունը դադարեցնելու խնդրանքով, բայց գումար են ուզել: Ստիպված պետք է ծննդաբերի: Վանուշ պապի բազմանդամ ընտանիքն ապրում է Արմավիր քաղաքի Եղոյան փողոցում: Տղան չորս անչափահաս երեխա ունի, եւ շուտով հինգերորդն է ծնվելու: 34.000 դրամ ընտանեկան նպաստով չորս անչափահաս երեխաների կարիքները հոգալը ճոխություն կլիներ: Դպրոցական երեք երեխաները մեծանում են փոքրացած եւ ուրիշների տված հագուստով: Պատահում են օրեր, երբ ստիպված են լինում քաղցած գիշերել: Երեխաների հայրը մասնագիտությամբ մեխանիզատոր է, սակայն համապատասխան աշխատանք չգտնելու պատճառով «առավոտից կանգնում ա ֆայլա բազարում, որ բանվորության գործ լինի, բայց էնքան մարդ ա էնտեղ կանգնում, որ դժվար ա աշխատանք ձեռք գցել»: Ըստ տիկին Սուսաննայի` տնամերձ հողամասից չեն կարողանում բերք ստանալ միայն այն պատճառով, որ ոռոգման ջուր չունեն: Ասում է` «Մեզ մոտ ամեն տարի էլ ջուր կար, բայց էս տարի ընդհանրապես չկա: Էնքան բողոքեցինք, բայց բանի տեղ չդրեցին: Ստիպված մի երկու մարգ կանաչի եմ դրել ու խմելու ջրով եմ ջրում»: Տիկին Սուսաննան նույնպես հաճախ գամվում է անկողնուն, որովհետեւ արյան ճնշումը բարձրանում է: Ասում է, որ ամուսնու նման ինքն էլ է կախված դեղերից, իսկ երբ դեղորայքի գումար այլեւս չեն ունենում` տանջվում է: «Սուս ու փուս տառապում ենք, էլի: Հեն ա, Վանուշի համար երեկ 30.000-ի դեղ են գրել, բայց ո՞նց առնենք: Շնչառությունը բացելու դեղեր են, չենք առնում` խեղդվում, գնում ա մահվան դուռը»: Ողջ կյանքն աշխատած, մասնագիտությամբ մոտո-վարորդ Վանուշ պապը մեկ ամսվա ընթացքում անկողնային հիվանդ է դարձել, որովհետեւ մինչ այդ առողջական գանգատների համար չի համարձակվել դիմել բժշկի: Ծայրահեղ վատ վիճակում հայտնվելուց հետո նոր դիմել է, սակայն արդեն ուշ է եղել: Այս տան անդամները նույնիսկ չգիտեն Վանուշ պապի հիվանդության ախտորոշումը, որովհետեւ հիվանդին պատշաճ հետազոտության չեն ենթարկել եւ նրան համապատասխան բուժօգնություն չի ցուցաբերվել: Նրանց 37 տարեկան հարսը շուտով ստիպված ծննդաբերելու է: «Ուզում էի դադարեցնեն հղիությունը, բայց 25.000 դրամ գումար ուզեցին, որը վճարելն անհնար ա: Ստիպված պիտի ունենամ, բայց, թե ո՞նց պիտի պահենք` Աստված գիտի»,- ասում է նա: Տիկին Սուսաննան պատմում է, թե ինչպես է ամբողջ կյանքը տղամարդու նման աշխատել. «Վագոն եմ թափել, քար, ցեմենտ եմ կրել: Մեշոկներ եմ տեղափոխել, շինարարության վրա տղամարդու աշխատանք եմ կատարել: Մարդկանց համար տներ եմ կառուցել, բայց էսօր իմ ընտանիքը սովի մեջ ա ապրում: Ախր մեր ղեկավարները հասկանո՞ւմ են, որ 34.000 դրամ նպաստ ստացող մարդը 27.000-30.000-ի գազ ա վառում, ջրի, հոսանքի փող ա տալիս ու սոված նստում ա: Մենք աշխատող մարդիկ ենք, սիրում ենք աշխատել, բայց չկա գործ, տղաս ամբողջ օրը ֆայլա բազարում կանգնած ա»:
Վանուշ պապն ուզում է խոսել, բայց չի կարողանում, խեղդվում, շնչահեղձ է լինում: Վանուշ պապը կամաց-կամաց սպառում է իրեն: