Հարգելի պարոն նախագահ.
Այսօր ձեր պաշտոնավարման առաջին օրն է: «Ազատության» հրապարակում երդվեցիք… «Ազատության» հրապարակից մի քանի մետր հեռավորության վրա գտնվող Հյուսիսային պողոտայում, սակայն, մի խումբ մարդիկ քաղաքական զբոսանք են կատարում: Շատերն այսօր իրենց բողոքն են արտահայտում, ընդվզում են անարդարությունների դեմ՝ առանց այդ քաղաքական զբոսանքների` իրենց տներում եւ աշխատավայրերում: Ես քաղաքական զբոսանքներին չեմ մասնակցում, որովհետեւ Ձեր «ինադու» Լեւոն Տեր-Պետրոսյանին չեմ ընտրել: Երկրում տիրող անարդարությունները եւ նախընտրական Ձեր քարոզարշավը ինձ դրդեց «ինադու» նաեւ Ձեր օգտին չքվեարկել: Դուք, հավանաբար, ցանկանում եք հասկանալ քաղաքական զբոսանք կատարող մարդկանց դժգոհությունը: Հավանաբար փորձում եք հասկանալ մարտի 1-ին փողոց դուրս եկած մարդկանց զայրույթի պատճառը: Հասկանալու համար առաջարկում եմ սոցիալական զբոսանք կատարել: Առաջարկում եմ Ձեր պաշտոնավարման երկրորդ օրն անգործության մատնել նախագահի անվտանգությունը պահպանող ծառայողական շարասյունը եւ սովորական մարդկանց պես սոցիալական զբոսանք կատարել: Հյուսիսային պողոտայում քաղաքական զբոսանք կատարող մարդկանց թվում են նաեւ մայրաքաղաքի մոռացված, ծայրամասային թաղամասերում ապրող, սոցիալական ծանր կենսապայմաններից «զզված» մեր քաղաքացիները: Վարդաշենից, Մուշականից, Նոր Նորքի ծայրամասերից եկած քաղաքական զբոսանքին մասնակցող շատ քաղաքացիներ իրենց սոցիալական անարդարության բողոքն են արտահայտում: Մարդիկ ուզում են արտահայտվել, խոսել, քայլել եւ հնարավորության դեպքում՝ նաեւ բղավել:
Հարգելի պրն նախագահ, Դուք Հայաստանի Երրորդ Հանրապետության երրորդ նախագահն եք: Կարող եք միանգամայն նոր քայլ կատարել, կարող եք ինքներդ գնալ ժողովրդի մոտ: Նախագահների արարողակարգում դա գուցեեւ անընդունելի է, սակայն ժողովուրդը Ձեզ ճանաչելու-սիրելու խնդիր ունի: Ժողովուրդն ուզում է, որ Դուք իրեն հասկանաք: Իսկ Դուք ժողովրդին չեք կարող հասկանալ, քանի դեռ չեք ճանաչում Հայաստանում ապրող աղքատ ու քաղցած մարդուն: Ես չգիտեմ, թե վերջին անգամ ում եք համարել աղքատ, բայց հաստատ գիտեմ, որ Ձեր նախընտրական բուկլետում ամրագրված Աղքատության հաղթահարման ծրագիրն իրականություն չի դառնալու, որովհետեւ աղքատի խնդիրը հաղթահարելու համար պետք է աղքատությունը ճանաչել եւ պայքարել սոցիալական անարդարությունների դեմ: Ձեր պաշտոնավարման առաջիկա տարիներին աղքատությունը չի հաղթահարվելու միայն այն պատճառով, որ ձեր ենթականերն աղքատության մասին զեկույցները գրում են մակերեսային, որովհետեւ իրենք նույնպես խորապես չեն ճանաչում աղքատությունը: Ձեր ենթականերն իրենց զեկույցներում չեն պատմում սովից մահացած մանկահասակ բազմաթիվ քրիստինեների, 10.000 դրամ կենսաթոշակով լույսի գումարը չվճարած ու տարիներով խավարի մեջ ապրելով խելագարված Երջանիկ պապիկների, գերեզմանոցներում շրջող ու հոգեհանգստից մնացած փշրանքներով սնվող բազմաթիվ նվերիկների մասին:
Պարոն նախագահ, ես ձեզ հրավիրում եմ սոցիալական զբոսանքի, որովհետեւ ուզում եմ՝ աղքատությունը հաղթահարելու համար նախեւառաջ ճանաչեք աղքատությունը: Ուզում եմ, որ ազնիվ լինեք եւ խոստովանեք, որ աղքատության հաղթահարման ճանապարհին ինչ-որ բան չի ստացվում, որովհետեւ տարեցտարի աղքատների թիվը կրճատող թվեր են նկարվում, բայց իրականում աղքատ մարդկանց կենսապայմանները չեն փոխվում: Իրականում աղքատության պատճառով մարդիկ հիվանդանում, մահանում, խելագարվում ու իրենց սոցիալական դժգոհությունն արտահայտում են նաեւ քաղաքական զբոսանքին մասնակցելով:
Ես Ձեզ հրավիրում եմ սոցիալական զբոսանքի, որպեսզի կարողանաք ճանաչել Հայաստանի Հանրապետության աղքատ մարդուն, աղքատ խավին ու աղքատ հասարակությանը: Ոչինչ, որ այդ զբոսանքից հետո Ձեզ մոտ անքնության նախանշաններ ի հայտ կգան: Սոցիալական զբոսանքներից հետո անքնությունն ինձ էլ է տանջում, բայց ինձ մոտ ինչ-որ բան փոխելը ստացվում է: Ես աղքատ մարդուն ճանաչում եմ ու կարողանում եմ այնպես անել, որ մեր ընթերցողն էլ ճանաչի այդ աղքատ մարդուն: «168 Ժամ» թերթն իր ընթերցողների հետ կարողանում է հարյուրավոր աղքատների կյանքը, գոնե դրա մեկ օրը փոխել: Ուրեմն` մեր չնչին հնարավորություններով մեզ մոտ ինչ-որ բան ստացվում է: Ուրեմն` ազնիվ լինելու համար պետք է խոստովանել, որ մեր պետության մոտ ինչ-որ բան չի ստացվում: Որովհետեւ աղքատների խնդիրները հաղթահարվում են այնքանով, որքանով մեր երկրում ապրող աղքատներին մեր պետությունը ճանաչում է:
Պրն նախագահ, Դո՛ւք, ինչպեսեւ ՀՀ նախկին նախագահները համարվում եք հարուստների բարեկամը, սակայն մեր երկրի աղքատները շատ են եւ երբեք էլ որեւէ նախագահ իրեն չի համարել աղքատների բարեկամը:
Դարձե՛ք աղքատների, սովորական մարդկանց բարեկամը, որպեսզի Ձեզ չընկալեն իբրեւ թշնամու կերպար: