Միզաքարային հիվանդություններ կամ երիկամախիթ

11/04/2008 Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ

Երիկամաքարային կամ, ինչպես ընդունված է ասել, միզաքարային հիվանդությունը կապված է երիկամներում քարերի գոյացման հետ, ինչն էլ իր հերթին երիկամներում ու միզուղիներում առաջացող ախտաբանական փոփոխությունների պատճառ է հանդիսանում:

Այս հիվանդությունը կարող է սպառնալ բոլորին` հատկապես 20-50 տարեկաններին: Քարերի առաջացման հարցում որոշակի դեր կարող են ունենալ նյութափոխանակության խանգարումները` ֆոսֆորակալցիումային, թրթնջուկաթթվի, միզաթթվի, եւ այլն:

Այս հիվանդությանը բնորոշ են գոտկատեղի շրջանում բութ ցավերը, որոնք սաստկանում են հատկապես քայլելու ընթացքում: Շատ հաճախ այդ ցավերը կարող են սկսվել առանց պատճառի: Հիվանդը նման դեպքերում հաճախ է ջերմակ օգտագործում, որից հետո ցավը որոշակիորեն հանգստանում է, սակայն մաշկի այդ շրջանում կարելի է նկատել «մարմարյա» պիգմենտացիաների առաջացում: Միզաքարային հիվանդությունների ժամանակ շատ քայլելու ու ծանրաբեռնվածության դեպքում միշտ մեզի մեջ արյան տոկոս է լինում, որն, իհարկե, երեւում է միայն լաբորատոր զննման ժամանակ: Երբեմն հիվանդությունը գաղտնի է ընթանում, եւ այդ մասին հիվանդն իմանում է միայն այլ խնդրով բժշկին դիմելուց հետո: Շատ հաճախ էլ առաջին նշաններն ի հայտ են գալիս այն ժամանակ, երբ քարի չափերը բավականին մեծ են լինում:

Երիկամաքարային հվանդություններից առաջացած բարդությունն անվանում են երիկամախիթ: Այս հիվանդության ժամանակ տեղի են ունենում անսպասելի նոպաներ` գոտկատեղի շրջանում ուժեղ ցավերի տեսքով: Երբեմն ցավերի սաստկությունը կարելի է շփոթել կույր աղիի, խոլեցիստիտի կամ աղիների անանցանելիության ցավի հետ: Հաճախ ցավերն ուղեկցվում են սրտխառնոցով: Այնպես որ, ճիշտ ախտորոշելու համար անհրաժեշտ է ընդհանուր բժշկական զննում կատարել:

Հղիություն հիվանդ երիկամներով

Իրականում երիկամները հսկայական աշխատանք են կատարում: Մարդու արյունատար համակարգը պարունակում է մոտ 5,5 լիտր արյուն: Օրվա ընթացքում մարդու երիկամներով անցնում է 1700 լիտր արյուն, այսինքն` սրտով անցնող արյան մոտ քառորդ մասը: Ստացվում է, որ արյան յուրաքանչյուր կաթիլը երիկամներով անցնում է 500 անգամ, ու ամեն անգամ այն ստուգվում ու փոփոխվում է: Օրվա ընթացքում երիկամներում հավաքվում է 1-1,5 լիտր մեզ: Մեզի 96 տոկոսը ջուր է, իսկ մնացած 4 տոկոսը հիմնականում թունավոր նյութեր եւ աղեր են: Առողջ երիկամները օրգանիզմի` թունավոր նյութերից գլխավոր պաշտպանն են: Բայց այս օրգանի գործունեությունն այսքանով չի սահմանափակվում: Երիկամները նաեւ մեծ դեր ունեն արյան ճնշման կարգավորման գործում: Հղիության ընթացքում երիկամների ծանրաբեռնվածությունն ավելանում է: Հետագայում, հղիության ընթացքի հետ աճում է երիկամի հիվանդանալու հավանականությունը, հատկապես, եթե մինչ այդ կինը միզուղիների հետ կապված խնդիրներ է ունեցել: Այդ իսկ պատճառով, մինչ հղիանալը պետք է համոզվել, որ ամեն ինչ կարգին է:

Ամենատարածված երիկամային հիվանդություններից մեկը պիելոնեֆրիտն է, որի դեպքում, որպես կանոն, հղիությունը պահպանվում է: Եթե երբեմն պիելոնեֆրիտը ուղեկցվում է հիպերտոնիայով կամ երիկամային անբավարարությամբ, նման դեպքերում հղիությունը հակացուցված է: Երիկամների գործունեության խախտման պատճառով օրգանիզմում կուտակվում են թունավոր նյութեր, որոնք մահացու վտանգավոր են թե՛ երեխայի, թե՛ մոր կյանքի համար:

Սոյան եւ երիկամները

Երիկամային հիվանդությունները զարգացած երկրներում շատ մահացությունների պատճառ են հանդիսանում: Մարդու երիկամները դժվարանում են սինթեզել սպիտակուցները, հատկապես մսի, ձվի ու կաթնամթերքի տեսքով ստացած սպիտակուցները: Դա առաջացնում է օրգանիզմում սպիտակուցների մնացորդների կուտակում, որը հետագայում ազդում է երիկամների գործունեության վրա: Այդ պատճառով էլ նման հիվանդներին բուժելու համար համալիր բուժման մեջ է մտնում նաեւ ցածր տոկոսի սպիտակուցային սննդակարգը: Ցավոք, այսպիսի սննդակարգերը աչքի չեն ընկնում իրենց համեղությամբ: Սոյայի սպիտակուցի վրա հիմնված սննդակարգերը շատ օգտակար են երիկամային հիվանդների համար, այդ սպիտակուցները հեշտ են յուրացվում երիկամների կողմից, քան կենդանական սպիտակուցները: Բացի այդ, սոյայի սպիտակուցն ավելի քիչ է պարունակում այնպիսի ամինաթթու, ինչպիսին մեթիոնինն է, քան կենդանական սպիտակուցները: Մեթիոնինը վնասում է հիվանդ երիկամի արյունատար անոթները:

Կերակրացանկ երիկամներով հիվանդների համար

Կերակրացանկի սահմանափակումները շատ կարեւոր են երիկամային անբավարարության ժամանակ: Բժշկական տեղեկատուներում երիկամային հիվանդների կերակրացանկը կոչվում է՝ «բուժական սեղան համար 7»: Խիստ սննդակարգ է պահանջվում պահպանել հատկապես գլոմերուլոնեֆրիտ հիվանդության դեպքում, իսկ մնացած երիկամային հիվանդությունների ժամանակ պարզապես կերակրացանկից դուրս պետք է գան կծուն, թթուն, սուր համերն ու ալկոհոլը:

Երիկամային հիվանդությունների ժամանակ պետք է սահմանափակել սպիտակուցներով հարուստ սննդի քանակը: Սպիտակուցների ավելի քանակից առաջանում են տոքսիններ, որոնք երիկամը պետք է հասցնի վնասազերծել: Սպիտակուցային սննդի սահմանափակման աստիճանը կախված է հիվանդության աստիճանից ու բուժման մեթոդից: Երիկամային դիետայում սպիտակուցներ թույլատրվում է ստանալ ձվի, առանց ճարպի մսի եւ ձկան տեսքով: Բայց այս սննդատեսակների օգտագործման քանակին խիստ պետք է հետեւի բուժող բժիշկը: Անհրաժեշտ է այս ամենն ուտել խաշած վիճակում: Ցանկալի է օրվա ընթացքում ուտել 5-6 անգամ: Պետք է շատ քիչ աղ օգտագործել: Սննդի մեջ հանքային նյութերի բաղադրությունը` կալիում, ֆոսֆոր եւ այլն, ընտրվում է անհատականորեն: Ֆոսֆորի աղբյուր են պանիրը, կաթնաշոռը, ընկույզը, ընդեղենը, իսկ կալիում շատ են պարունակում բանանն ու չրերի տեսակները: Երիկամային հիվանդներին շատ օգտակար են հատիկավորների, մակարոնի ու կարտոֆիլի հիմքի վրա պատրաստված ուտելիքները: Շատ համարձակ կարելի է ուտել մրգեր ու հատապտուղներ` դրանք վիտամիններ են պարունակում, որոնք շատ են անհրաժեշտ երիկամներին: Կարելի է օգտագործել քիչ կարագ եւ բուսական յուղ: Համեմունքներից կարելի է օգտագործել միայն դափնու տերեւ, դարչին եւ մի քիչ տապակած սոխ: Խմիչքներից կարելի է բոլոր տեսակի հյութերն ու կիսելը, մասուրի թուրմը, ոչ թունդ թեյն ու սուրճը, ցանկալի չէ խմել կակաո ու հանքային ջուր: Կարելի է ուտել համարյա բոլոր քաղցրավենիքները` մուրաբա, ջեմ, քաղցր կերակրատեսակներ: Միայն պետք է խիստ հրաժարվել շոկոլադից: Հատկապես պետք է հրաժարվել սովորական հացից, որովհետեւ այն շատ աղ է պարունակում: Երիկամային հիվանդների համար հատուկ հաց է թխվում` առանց աղի: Արգելվում է ուտել ցանկացած բանջարեղեն մարինացված վիճակում, որովհետեւ նման սննդի մեջ աղի քանակը մեծ է: «Համար 7» սննդակարգի մեջ բեռնաթափման օրեր եւս կան:

Մրգային կամ հատապտղային օրերին օրվա մեջ 5 անգամ հիվանդին տալիս են 300 գրամական թարմ, հասած մրգեր կամ հատապտուղներ: Համապատասխան սեզոնին կարելի է ձմերուկի օր անել: Ըստ հիվանդի ցանկության՝ կարելի է մի քիչ շաքարավազ ավելացնել հատապտուղների վրա:

Բանջարեղենային օրվա ընթացքում պետք է ուտել 1,5 կիլոգրամ տարբեր բանջարեղեններ` կարելի է աղցանի տեսքով, ու մի քիչ էլ թթվասեր կամ բուսական յուղ: