Հայաստանում կստեղծվի շարժական ինտերնետային համակարգչային կենտրոն, որի աշխատանքների իրականացման համար շուտով կհայտարարվի մրցույթ: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրել է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) տնօրեն Արեգ Գրիգորյանը, կենտրոնն իրենից ներկայացնելու է համապատասխան սրահով ավտոմեքենա` նախատեսված 6 աշակերտի եւ 1 ուսուցչի համար: Այն հագեցած կլինի ժամանակակից տեխնիկայով եւ ապահովված ինտերնետ կապով: Ավտոմեքենաները կայցելեն հանրապետության հեռավոր շրջանների դպրոցներ, որտեղ աշակերտներին կուսուցանվեն համակարգչային գիտելիքներ, իսկ ուսուցիչները կանցնեն վերապատրաստման դասընթացներ: Դասավանդման համար նախապես կրթական ծրագիրը կհաստատվի ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության կողմից: Շարժական ինտերնետային համակարգչային կենտրոնի ստեղծման ուղղությամբ ԿՏԱԿ-ը կազմակերպել է խորհրդակցություններ եւ քննարկումներ` նման աշխատանքների փորձ ունեցող կազմակերպությունների եւ մասնագետների հետ, կազմվել է կենտրոնի տեխնիկական բնութագիրը: