«Էլիտար» ռեկորդ

11/04/2008

«Դուբայի աշտարակ» («Բուրջ Դուբայ») եզակի երկնաքերը, որը կառուցվում է Արաբական Միացյալ Էմիրություններում, հատել է այն ամենամեծ բարձրությունը, որին հասել են մարդու կողմից ստեղծվող կառույցները՝ հասնելով Երկրի մակերեւույթից 630 մետր մակարդակի բարձրության: Աշտարակի շինարարությունը տնօրինող «Emaar» ընկերության նախագահ Մուհամեդ ալ Աբարի խոսքով, «Բուրջ Դուբայը» գերազանցել է մարդու կողմից ստեղծված ամենաբարձր օբյեկտի՝ 45 տարի պահպանվող ռեկորդը: 1963 թվականին սահմանված ռեկորդը պատկանում էր «KVLY-TV» հեռուստակայմին Հյուսիսային Դակոտայում: Առձգիչների վրա կանգնած կայմի բարձրությունը կազմում է 628,8 մետր: Ինչպես հաղորդել է Մուհամեդ ալ Աբարը, աշտարակն արդեն ունի 160 հարկ եւ գերազանցել է հարկայնության բոլոր համաշխարհային ռեկորդները: Այն շարունակում է աճել դեպի վեր, եւ առայժմ հայտարարված չէ, թե որ բարձր կետում կանգ կառնի աշխարհի ամենաբարձր շենքի աճը:«Դուբայի աշտարակի» հանձնման ժամկետը, որը նախագծել է Միացյալ Նահանգների «Scidmore, Owings and Merill» (SOM) ընկերությունը եւ որի արժեքը շուրջ մեկ միլիարդ դոլար է, ձգձգվում է: Երկնաքերի շինարարությունը, որը կառուցում է միջազգային կոնսորցիումը՝ Հարավային Կորեայի «Սամսունգ» ընկերության գլխավորությամբ, կավարտվի եկող տարի: «Emaar»-ի նախագահը հայտարարել է, որ «Դուբայի աշտարակում» դեկտեմբերին պլանավորված Ծննդյան տոների պարահանդեսները չեն կայանա, քանի որ այնտեղ աշխատանքները կավարտվեն չորս ամիս ուշ: Բայց արդեն եկող տարվա գարնանը «Բուրջ Դուբայը» կգերազանցի բարձրայնության բոլոր համաշխարհային ռեկորդները, ներառյալ՝ ամենաբարձր բնակելի հարկը, հարկաբաժինների ամենամեծ մակերեսը, ամենաբարձր սայրաձողը եւ այս ոլորտի այլ նվաճումներ: Այն շատ հետ կթողնի ներկայիս բարձունքային ռեկորդակրին՝ Թայվանի Տայբեյում (ՉԺՀ) գտնող 101-հարկանի ռեկորդակրին, որը 2003 թվականի հոկտեմբերին 508 մետր բարձրության վրա հանեց իր 60-մետրանոց սայրաձողը, եւ երկար ժամանակ կպահպանի աշխարհի առաջնությունը: Ըստ զանգվածային լրատվամիջոցների տեղեկությունների՝ Դուբայի խոշորագույն կառույցի վրա աշխատում է 5 հազար մասնագետ ամբողջ աշխարհից: Շենքի կառուցման համար կպահանջվի 330 հազար խորանարդ մետր ցեմենտ 39 հազար մետրական տոննա ամրանային պողպատի օգտագործմամբ: Համաշխարհային ռեկորդակրի երեսպատման համար կպահանջվի ավելի քան 140 հազար քառակուսի մետր ապակի: