«Հայաստանում հեղափոխությունը կսկսվի եկող տարի»

13/05/2005 Մարիամ ՎԱՐՈՍՅԱՆ, Թբիլիսի-Երեւան

Թբիլիսիում շրջում է ԱՄՆ նախագահի ուրվականը: Մայիսի 10-ին կայանալիք Ջորջ
Բուշի այցի կապակցությամբ քաղաքը կոսմետիկ վերանորոգման մեջ է: Նորոգվում
են փողոցներն ու շենքերի ճակատները, կիսակառույցներն արագ բերվում են
ավարտուն տեսքի, եւ թափթփված քաղաքն ազատվում է աղբակույտերից: Նորոգվում
են նաեւ մարդկանց մտքերն ու տրամադրությունը: Եվ նորից քննարկվում ու
վերագնահատվում են «վարդագույն» նախագահի ճիշտ ու սխալ քայլերը:
Վրաստանում կարծիք կա, որ միջազգային ինտեգրման հետ մեկտեղ երկրում
թուլանում է տարածաշրջանային քաղաքականությունը: Այսուամենայնիվ,
կոմպլիմենտներ Միխայիլ Սահակաշվիլու հասցեին ավելի հաճախ են հնչում, քան
դժգոհություններ: Վրաստանի սովորական քաղաքացին հեղափոխությունից շահեց
այն վստահությունը, որ նախկին «անձեռնմխելի անձինք», անկախ պաշտոնից,
այսօր հավասար են օրենքի առջեւ: Որպես այդպիսին, վրացի օլիգարխներից,
իբրեւ նմուշ, մնացել է միայն Բորիս Բերեզովսկու վաղեմի բարեկամ Բադրի
Պատրկացիշվիլին: Հեղափոխության արդյունք էր նաեւ ոստիկանության ինստիտուտի
վերակազմավորումը: Ոստիկաններն ու պետավտոտեսուչներն այժմ շրջում են
քաղաքում ընդհանուր «Պարեկ» անվանման տակ եւ գործում ոչ թե «նեղ
մասնագիտորեն»՝ գումար պոկում վարորդներից, այլ՝ ամերիկյան 911-ի
սկզբունքով՝ ցուցաբերում առաջին բժշկական օգնություն եւ փրկարարական
աշխատանքներ կատարում: Այս ամենը դրված է քարոզչության ամուր ռելսերի վրա:
Վրացական «Ռուսթավի-2» հեռուստաալիքով հեռարձակվում է «Պարեկ» ծրագիրը,
որը պարբերաբար ցուցադրում է պաշտոնը շահագործելու համար ձերբակալված
բարձրաստիճան այրերին: Այսպիսով, վրացական իրականությունը ձերբազատվում է
կոռուպցիայի տարրերից, ինչը ժողովրդի կարծիքով՝ Միշա Սահակաշվիլիի
ամենամեծ նվաճումներից է: «Միայն նրա համար, որ այսուհետ առանց վիզայի ես
կարող եմ մեկնել Աջարիա՝ Կոբուլետիում գտնվող իմ ամառանոցը, ես այս
նախագահից գոհ եմ»,- ասում է վրացի մի երիտասարդ: Հայաստան-Վրաստան
սահմանի հաղթահարումը եւս զգալիորեն հեշտացել է: Սահմանապահների հետ
զրույցի ժամանակ խոսակցություն եղավ այն մասին, թե եղբայրական երկրների
միջեւ գերադասելի է, որ ընդհանրապես սահման չլիներ, ինչի մասին
սահմանապահներից մեկն ասաց, թե ավելի լավ է Թուրքերի հետ սահման չլինի,
քան Վրաստանի:

Թավշյա հեղափոխությունից հետո նաեւ գների կտրուկ աճ տեղի ունեցավ:
Բարձրացան անշարժ գույքի, բենզինի, սննդամթերքի գները, իսկ աշխատավարձերն,
ինչպես վկայում են բնակիչները, մնացին նույնը: Կադրային բարեփոխումներից
հետո աճեց նաեւ գործազրկությունը: Կատարվածը վրացիներին չուրախացրեց,
բայցեւ՝ չհիասթափեցրեց, քանի որ էական տեղաշարժերն, այնուամենայնիվ,
ակնհայտ էին: ԱՄՆ նախագահի ժամանումը մեծ իրադարձություն է Վրաստանի
համար՝ Բուշին սպասում են բոլորը՝ սկսած տաքսու վարորդներից ու փողոցի
ծաղկավաճառներից, վերջացրած քաղաքական վերնախավով:

Վրաստանում, ի դեպ, անթաքույց հետաքրքրությամբ սպասում են հեղափոխությանը
Հայաստանում: Վրացի լրագրողների կանխատեսումներով, Հայաստանում
հեղափոխությունը կսկսվի եկող տարի Լեռնային Ղարաբաղից՝ նախագահական
ընտրությունների ֆոնի վրա, քանի որ նկատում են ներկայիս հայաստանյան
ընդդիմության անկենսունակությունը եւ ժողովրդի վստահությունը վայելող
քաղաքական լիդերի բացակայությունը:

Ինքնադիսկրիմինացիա

Թբիլիսիում բնակվող հայերի թիվն այսօր կազմում է Վրաստանի բնակչության
8,1%-ը: Գործում է հինգ դպրոց եւ երկու եկեղեցի՝ Սբ. Գեւորգը եւ Սբ.
Էջմիածինը: Վրաստանի հայկական թեմի իրավաբանական հարցերով ղեկավարի
օգնական Լեւոն Իսախանյանի խոսքերով, այսօր Թբիլիսիի հայերի նկատմամբ չկա
ազգային խտրականություն: Կա ինքնադիսկրիմինացիա: Տեղի հայերը, պատշաճ
մակարդակով չտիապետելով վրացերեն լեզվին, զրկվում են լավ աշխատանքի
ընդունվելու հնարավորությունից, ուստի զբաղվում են առեւտրով կամ աշխատում
են սպասարկման ոլորտում, եթե չեն լքում քաղաքը: Բացի դրանից, Լ.
Իսախանյանի խոսքերով, հայերի երեխաները ավելի հաճախ գնում են ոչ թե
հայկական կամ վրացական, այլ՝ ռուսական դպրոց: «Եթե վաղը հարց բարձրացվի
հայկական դպրոցները փակելու մասին, ապա դրա համար բոլոր հիմքերը կան,
որովհետեւ հայկական դպրոցներից մեկում այս տարի առաջին դասարան է
ընդունվել ընդամենը հինգ երեխա»:

Ինչ վերաբերում է հայկական եկեղեցիներին, ապա Վրաստանում չկա օրենք կրոնի
մասին, բոլոր եկեղեցիները գտնվում են Մշակույթի նախարարության
ենթակայության ներքո: Հայկական հինգ չգործող եկեղեցիների մասին հոգ է
տանում հայկական թեմի աշխատակազմը: Լեւոն Իսախանյանը նշեց, որ իրենց
բազմիցս սպառնացել են չգործող Սուրբ Մինաս եկեղեցում մաքրման աշխատանքներ
կատարելու ժամանակ: Անհայտ մարդիկ կոտրել են աշխատակիցներից մեկի մեքենայի
հայելին, այնուհետեւ՝ մոտակայքում ապրող մի հայ կնոջ լուսամուտի
ապակիները, որովհետեւ վերջինս օգնում էր եկեղեցում աշխատող բանվորներին: