Իշխանությունը երկու ճանապարհ ունի

11/04/2008 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Երեկ կեսօրին ՀՀ Գլխավոր դատախազության շենքի մոտ, ի պաշտպանություն նախագահական ընտրություններից հետո ձերբակալված անձանց` մի խումբ կանայք բողոքի ակցիա էին կազմակերպել:

Նրանց այցելեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանը: Հիշեցնենք, որ ապրիլի 1-ից հետո ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը Ա. Սարգսյանին եւս հրավիրել էր հարցաքննության: Նրա նկատմամբ նույնպես քր.գործ է հարուցված` նա մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասով (զանգվածային անկարգության կազմակերպում, որը զուգորդվել է սպանությամբ),

225-ի Պրիմ առաջին մասով (չարտոնված հանրահավաքների կազմակերպում եւ անցկացում) եւ 300 հոդվածով (պետական իշխանությունը յուրացնելուն ուղղված բռնի գործողությունների մեջ): «Ընդհանուր հաշվով 45 տարվա մեղադրանք ունեմ»,- մեզ հետ զրույցում ասաց նա: Հատուկ քննչական ծառայությունը Ա. Սարգսյանից ՀՀ-ից չբացակայելու ստորագրություն է վերցրել: Ա. Սարգսյանը երեկ նաեւ տեղեկացրեց. «Մի քանի օր հետո Լեւոն Տեր-Պետրոսյանը կխոսի, եւ նրա այս լռությունը բոլորովին էլ չի նշանակում, թե առաջին նախագահը չի շարունակելու սկսած պայքարը: Իսկ որ Լ. Տեր-Պետրոսյանը չի նահանջելու, դա գիտեն նաեւ իշխանությունները»: Նա պատասխանեց նաեւ մեր մի քանի հարցերին:

– Ընդդիմության գրեթե բոլոր առաջնորդները ձերբակալված են, Լ.Տեր-Պետրոսյանն էլ փաստացի տնային կալանքի մեջ է, այս դեպքում ո՞վ է առաջնորդելու պայքարը:

– Իմ խորին համոզմամբ՝ ժողովուրդն առանց լիդերների էլ պայքարելու է: Ընդ որում, պայքարը տանելու է հասարակությունը, լիդերները պարզապես հասարակության պայքարն ուղղորդում են: Իշխանությունները խելոք կլինեն, եթե լիդերներին բաց թողնեն, թույլ տան, որ նրանք առաջնորդեն: Հակառակ դեպքում՝ այդ պայքարը կլինի տարերային եւ շատ վտանգավոր: Իրենք են որոշելու` կձերբակալե՞ն բոլորիս, կնստեցնեն ու 5 տարի էլ ղեկավարե՞ն, թե՞ այլ տարբերակ կընտրեն:

– Նախագահի երդման արարողությունից հետո Սերժ Սարգսյանը ձերբակալվածների նկատմամբ համաներում կհայտարարի՞:

– Ես չեմ բացառում, որ երդման արարողությունից հետո ինձ էլ կալանավորեն: Այնպես որ, խնդիրներին ես այդ տեսանկյունից չեմ նայում: Կա հասարակություն, որը չի ընդունում այս ընտրությունների արդյունքները, եւ այն, ինչ տեղի ունեցավ, ընտրությունները խախտելու հետեւանքն էր: Ժողովուրդն իր օրինական պայքարի ձեւերը միշտ էլ կգտնի:

– Անցյալ շաբաթ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, թե օրենսդրական փոփոխությունների առաջարկություն է արել, որոնց համաձայն՝ պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն հայ ժողովրդի երկու հատվածների միջեւ սեպ խրողները: Ինչպե՞ս եք մեկնաբանում դա:

– Միանշանակ կողմ եմ: Բայց եթե օբյեկտիվ քննություն վարվի, կերեւա, թե սեպ խրողն ով է եղել եւ երբվանից է եղել:

– Ո՞վ եւ երբվանի՞ց է եղել:

– Միանշանակ` Ռոբերտ Քոչարյանն իր գալուստով:

– Անընդհատ ընդդիմության եւ իշխանությունների միջեւ երկխոսության կոչեր են հնչում, դուք երկխոսության պատրա՞ստ եք:

– Որպեսզի երկխոսություն լինի, անհրաժեշտ է, որ հայ կանանց գեղեցկության ու մայրության օրը շնորհավորվի տանը, այդ մարդիկ Դատախազության դռներին կանգնած չլինեն, եւ քաղաքական հայացքների համար իրենց ամուսիններն իրենց տներից չբացակայեն: Օդի մեջ ով էլ ասես կարող է երկխոսության կոչ անել:

– Այդ դեպքում բացառո՞ւմ եք երկխոսությունը:

– Որեւէ բան բացառելը տանում է առճակատման, ես դեմ եմ, որ Ղարաբաղի հիմնահարցում բացառենք բանակցությունները: Մարդը մտածող արարած է եւ խոսելու, արտահայտվելու հնարավորություն ունի: Իրենք այս մարդկանց նայում են որպես թշնամի: Այս դեպքում երկխոսությունն անիմաստ է:

Ա. Սարգսյանի հետ զրույցին մասնակցում էին նաեւ այլ լրատվամիջոցների թղթակիցներ.

«Հայք» – Այսքանից հետո բարեփոխումների սպասո՞ւմ եք:

– ՀՀ-ում ես միշտ բարեփոխումների սպասում եմ: Ես լավատես մարդ եմ եւ ուզում եմ, որ իմ երկիրը փոխվի: Եվ այդ փոխվելու համար մեկ միջոցը հասարակության հավատը ընտրությունների նկատմամբ վերականգնելն է: Հակառակ դեպքում ես բացառում եմ, որ կկարողանան բարեփոխումներ անել: Մի երկրում, որտեղ ժողովուրդը կորցրել է հավատն ընտրական մեխանիզմի հանդեպ, եւ որտեղ ժողովուրդը ոչ միայն չի ընդունում իր իշխանություններին, այլ մարտի 1-ի դեպքերից հետո ատում է, այդ երկրում բարեփոխումներ անել հնարավոր չէ: Հետեւաբար, այս երկրում փոփոխություններ են լինելու: Այս փոփոխությունները կարող են երկու զարգացում ունենալ. այս իշխանությունները կալանավորեն բոլորիս ու Լ.Տեր-Պետրոսյանին, ՀՀ-ն դարձնեն Հյուսիսային Կորեա: Այս դեպքում, ես կարծում եմ, որ ՀՀ ռեսուրսները 3 ամսից ավելի չեն դիմանա: Կամ էլ` անցնեն հակառակ ճանապարհով, փորձեն հասկանալ, թե ինչի՞ համար է այս պայքարը, ինչի՞ համար է ժողովուրդը իրենցից դժգոհում: Արտահերթ նախագահական ընտրություններ նշանակեն, հաղթողին շնորհավորեն ու պատվով հեռանան: Հակառակ դեպքում անպատիվ կհեռանան: Երկխոսության պետք է գնան ոչ թե մեր, այլ ժողովրդի հետ: Ես այսօր խնդիր ունեմ, որ իմ ընկերներին բաց թողնեն եւ հնարավորություն տան հանդիպել իմ ժողովրդի հետ: Հիմա դուք նայեք, թե իշխանություններն ինչ խնդիրներ ունեն, եւ դրանք ինչքան շատ են: Արդյո՞ք նրանք կարող են այդ խնդիրներն առանց մեզ լուծել: Միանշանակ` ոչ:

«Ա1+» – Ինչպե՞ս եք վերաբերվում այն փաստին, որ զոհերի քառասունքի օրն Ազատության հրապարակում զինվորական շքերթ են անելու:

– Շատ վատ եմ վերաբերվում, որ Ազատության հրապարակը վերածել են պլացի: Դա զինվորական հարթակ չէ: Եվ պատահական չէ, որ մինչեւ հիմա նման բաներ չեն եղել: Իսկ եթե անում են, ժողովրդից իրենց վախն են արտահայտում: Այդ առումով նորմալ եմ վերաբերվում: Վախեցած մարդը ցանկացած քայլի կարող է դիմել: