Օմբուդսմենը նախազգուշացնում է

11/04/2008 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը համոզված է, որ «Ժողովներ, հանրահավաքներ, ցույցեր եւ երթեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքում մարտի 20-ին կատարված փոփոխությունները կատարվել են «հապճեպ, առանց լուրջ փորձաքննություն անցնելու»:

Այս մասին ասված է Մարդու իրավունքների պաշտպանի կողմից «Ժողովներ, հանրահավաքներ, ցույցեր եւ երթեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ երեկ տարածված հաղորդագրության մեջ: Արմեն Հարությունյանը կարծում է, որ մոտ ապագայում օրենքում որոշ նոր փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն կառաջանա: Ըստ նրա` օրենսդրական բոլոր հիմքերը եւ հնարավորությունները կան հրապարակային միջոցառումների ժամանակ օրինականության եւ հասարակական կարգի պահպանման համար, «իսկ խախտումների առանձին դրսեւորումների դեպքում` օրինականությունը վերականգնելու կամ հրապարակային միջոցառումը դադարեցնելու համար` քաոսային իրավիճակներում չհայտնվելու նպատակով»: «Կարեւոր է հաշվի առնել, որ ներկայիս բեւեռացման հիմնապատճառների վերացման համար իշխանությունների կողմից պետք է ոչ միայն կիրառվեն իրավական բնույթի միջոցներ, այլեւ մշակվի եւ իրականացվի հասարակական կյանքի ժողովրդավարացմանն ուղղված քաղաքական, տնտեսական, սոցիալական եւ մշակութային բարեփոխումների համալիր ծրագիր»: Օմբուդսմենն անդրադարձել է օրենքում ամրագրված մի շարք սահմանափակումների: Մասնավորապես` օրենքում կատարված փոփոխություններից մեկը նախատեսում է, որ հրապարակային միջոցառումների անցկացումը լիազոր մարմնի կողմից կարող է արգելվել, եթե, ըստ հավաստի տվյալների, դրանք ուղղված են սահմանադրական կարգը բռնի տապալելուն, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելուն, բռնություն կամ պատերազմ քարոզելուն, կամ կարող են հանգեցնել զանգվածային անկարգությունների եւ հանցագործությունների, պետական անվտանգության, հասարակական կարգի, հանրության առողջության ու բարոյականության խաթարման, այլոց սահմանադրական իրավունքների ու ազատությունների ոտնահարման: Ըստ Ա. Հարությունյանի, սահմանափակման նման նորմեր են ամրագրված եվրոպական մի շարք պետությունների, այդ թվում` Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռումինիայի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Հունգարիայի օրենսդրություններով, ինչպես նաեւ՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով եւ այլ միջազգային փաստաթղթերով: «Սակայն, միեւնույն ժամանակ, պետք է նշել, որ կիսում ենք ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Հավաքների ազատության հարցերով փորձագետների խորհրդի կարծիքն առ այն, որ նման հիմքերով իրավունքի սահմանափակումը թույլատրելի է միայն բռնության անխուսափելի սպառնալիքի առկայության դեպքում»,- ասված է պաշտպանի տարածած հաղորդագրության մեջ: «Խնդրո առարկա սահմանափակումներին անդրադարձել է նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը` նշելով, որ խաղաղ հավաքներ անցկացնելու ազատության արդյունավետ ապահովումը չի կարող հանգել միայն դրանց միջամտելուն ձեռնպահ մնալու պետության պարտականության: Պետության զուտ նեգատիվ դերի հայեցակարգը հակասում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածի առարկային եւ նպատակին: Այդպիսով, այդ նորմով երաշխավորված իրավունքի պահպանումը երբեմն պահանջում է պետության կողմից պոզիտիվ միջոցների կիրառում: Ինչ վերաբերում է հրապարակային միջոցառումներին, ապա Կոնվենցիան պարտավորեցնում է պետությանը նախատեսել որոշակի պաշտպանություն, որպեսզի միջոցառումները խաղաղ անցկացվեն: Ակնհայտ է, որ չնայած Կոնվենցիայի անդամ-պետությունների պարտականությունների մեջ մտնում է օրենքով թույլատրված միջոցառումների խաղաղ բնույթն ապահովելու համար բանական եւ անհրաժեշտ միջոցների կիրառումը, այնուամենայնիվ, այս իմաստով դրանք չեն կարող բացարձակ երաշխիքներ հանդիսանալ: Միշտ հնարավոր են հակընդդեմ միջոցառումներ: Ժողովրդավարական հասարակությունում հակընդդեմ միջոցառումների անցկացման իրավունքը չի կարող հավաքներ անցկացնելու իրավունքի սահմանափակման բնույթ ստանալ: Խոսելով միջոցների, այլ ոչ թե արդյունքների նկատմամբ պարտականության մասին` ակնհայտ է, որ իշխանությունները պետք է լայն հնարավորություն ունենան այդ միջոցների ընտրության հարցում»,- ընդգծում է Ա. Հարությունյանը: Մեջբերելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Հավաքների ազատության հարցերով փորձագետների խորհրդի կողմից պատրաստված «Խաղաղ հավաքների ղեկավար սկզբունքները», որտեղ, որպես հավաքների սահմանափակման հիմք նախատեսված են հասարակական կարգի, առողջության եւ բարոյականության, այլ անձանց իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը, հասարակական եւ ազգային անվտանգության ապահովումը, Ա. Հարությունյանն ընդգծում է. «Միեւնույն ժամանակ, Փորձագիտական խորհուրդը նշում է, որ մասնավորապես «հասարակական կարգ» տերմինին ներհատուկ անորոշությունը չի կարող արդարացում լինել խաղաղ հավաքների արգելման կամ հարկադիր դադարեցման համար: Ո՛չ հասարակական անկարգությունների հիպոթետիկ ռիսկը, ո՛չ էլ թշնամաբար տրամադրված հանրության առկայությունը չեն կարող խաղաղ հավաքի արգելման համար օրինական հիմք հանդիսանալ: Հավաքների անցկացման նախնական սահմանափակումները, որոնք կիրառվում են հնարավոր ոչ էական բռնության դեպքերի համար, ավելի շուտ պետք է ճանաչել ոչ համարժեք միջոց, իսկ ցանկացած բռնության առանձին դեպքերի դրսեւորումների դեմ անհրաժեշտ է պայքարել ըստ իրավախախտման փաստի` կալանքի եւ դատական կարգով պատասխանատվության ենթարկելու միջոցով, այլ ոչ թե կանխարգելիչ միջոցների ճանապարհով»: Ինչ վերաբերում է «այլ անձանց իրավունքների եւ ազատությունների պաշտպանությանը», ապա Վենետիկի Փորձագիտական խորհուրդը նշում է. «Կարգավորող մարմինը պետք է հստակ հավասարություն գտնի հավաքների ազատության կարեւորագույն իրավունքի պահպանման եւ դրա հետ հակասության մեջ մտած` հավաքների անցկացման տարածքում ապրող, աշխատող, գնումներ կատարող, առեւտուր անող կամ ձեռնարկատիրությամբ զբաղվող այլ անձանց իրավունքների միջեւ: Այդպիսով, հավաքը դադարեցնելու հասարակ փաստը կամ նույնիսկ դրան հակազդեցությունները չեն կարող այդ հավաքի վրա նախնական սահմանափակումներ դնելու պատճառ դառնալ: Հաշվի առնելով հանդուրժողականության կարեւորությունը ցանկացած ժողովրդավարական հասարակության համար` անհրաժեշտ է սահմանել թույլատրելիության բարձր սահման, որն անցնելու դեպքում միայն կարող է սահմանվել, որ այս կամ այն հանրային հավաքը զուգորդվում է այլ անձանց իրավունքների եւ ազատությունների անհիմն ոտնահարման հետ»: Նաեւ ընդգծում է. «Ցանկացած սահմանափակում, որը դրվում է հավաքների ազատության վրա, չպետք է խախտի հենց այդ իրավունքի էությունը: Որոշակի քաղաքական գաղափարախոսությանը կամ կրոնական համոզմունքներին հակվածությունը չի կարող հավաքների ազատության նկատմամբ կանխարգելիչ կամ պատժիչ սանկցիաների արդարացում լինել»: Հետեւաբար, ըստ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի` մարդու իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ դրանց սահմանափակման թույլատրելիության տեսանկյունից անընդունելի է օրենքում կատարված փոփոխություններից մեկով (հոդված 13, 6-րդ մաս) նախատեսված սահմանափակումը, ըստ որի` «Այն դեպքերում, երբ զանգվածային հրապարակային միջոցառումները վերածվել են զանգվածային անկարգությունների, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի, նոր հանցագործությունների կանխման նպատակով լիազոր մարմինը կարող է ժամանակավորապես արգելել զանգվածային հրապարակային միջոցառումների անցկացումը մինչեւ հանցագործությունների հանգամանքների եւ հանցանք կատարած անձանց բացահայտումը»: Ըստ Ա. Հարությունյանի` այդ փոփոխության արդյունքում ձեւավորվել է մի իրավիճակ, երբ արտակարգ դրությունը վերացել է, սակայն դրանով պայմանավորված սահմանափակումներից մեկը փաստացի շարունակվում է: «Ավելին, եթե ինչ-որ մեկը նման սահմանափակման կիրառման առիթ կարող է դառնալ, ապա մյուսներն ինքնաբերաբար կզրկվեն խաղաղ հավաքներ անցկացնելու սահմանադրական իրավունքի իրացման հնարավորությունից, ինչը, կարծում ենք, անթույլատրելի է եւ չի համապատասխանում Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի ոգուն եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին: Մասնավորապես, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ «Դեմոնստրացիաների ընթացքում այլ անձանց կողմից կատարված բռնության առանձին դրսեւորումների կամ այլ պատժելի արարքների արդյունքում մարդը չի զրկվում խաղաղ հավաքների ազատության իրավունքից, եթե տվյալ անձը պահպանում է խաղաղ մտադրությունը կամ վարքագիծը»,- ընդգծում է պաշտպանը` հավելելով, թե բացի այդ` օրենսդրական նշված ձեւակերպումը չի բխում նաեւ պատժի անհատականացման սկզբունքի տրամաբանությունից, քանի որ նման պարագայում սանկցիան կիրառվում է ոչ միայն իրավախախտի, այլ նաեւ նրանց նկատմամբ, ովքեր ցանկանում են օգտվել իրենց սահմանադրական իրավունքից` անցկացնել խաղաղ, առանց զենքի հավաքներ: «Ավելին, յուրաքանչյուր դեպքում իրավունքների նման սահմանափակում նախատեսելիս, հարցն անհրաժեշտ է դիտել նաեւ ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի տեսանկյունից, համաձայն որի` «Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքներն ու ազատությունները բարձրագույն արժեքներ են: Պետությունն ապահովում է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը` միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան: Պետությունը սահմանափակված է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներով եւ ազատություններով` որպես անմիջականորեն գործող իրավունք»: Նա նաեւ հիշեցնում է, որ ՀՀ սահմանադրությունը մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների ու ազատությունների (այդ թվում` խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքի) սահմանափակման 2 մեխանիզմ է նախատեսում: Մեկը՝ սովորական պայմաններում, եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում պետական անվտանգության, հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների կանխարգելման, հանրության առողջության եւ բարքերի, այլոց սահմանադրական իրավունքների եւ ազատությունների, պատվի եւ բարի համբավի պաշտպանության համար (հոդված 43): Մյուսը` ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ: Մասնավորապես, Սահմանադրության 44-րդ հոդվածում ամրագրվում է, որ մարդու եւ քաղաքացու առանձին իրավունքներ եւ ազատություններ, ….արտակարգ իրավիճակներում պարտավորություններից շեղվելու վերաբերյալ ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում կարող են օրենքով սահմանված կարգով` իրավիճակին համարժեք չափով, ժամանակավորապես սահմանափակվել ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ: Սահմանադրության 43-րդ հոդվածի 2-րդ մասն ամրագրում է, որ մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների սահմանափակումները չեն կարող գերազանցել ՀՀ միջազգային պարտավորություններով սահմանված շրջանակները: Այս առումով հարկ է նկատել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերը նշված նախադեպային նշանակություն ունեցող իրավական դիրքորոշումներով ուրվագծվել են հավաքների ընթացքում բռնության դրսեւորումների դեմ պայքարի եւ հավաքների ազատության սահմանափակման թույլատրելիության մեխանիզմները: Միեւնույն ժամանակ Ա. Հարությունյանը գտնում է, որ ճիշտ կլիներ անդրադառնալ օրենքի որոշ դրույթների, որոնցով Ոստիկանությանը լիազորություններ են վերապահվում հրապարակային միջոցառումների անցկացման ժամանակ: Ըստ օրենքի` Ոստիկանությունը պարտավոր է ապահովել զանգվածային հրապարակային միջոցառման ընթացքում oրինականությունը եւ հաuարակական կարգի պահպանումը, պարտավոր է զանգվածային հրապարակային միջոցառման անցկացման վայրից հարկադրաբար դուրս բերել այն անձանց, ովքեր կատարում են հակաoրինական արարք կամ խախտում են հաuարակական կարգը:

Հ.Գ.
Ի դեպ, ապրիլի 15-16-ին վերոնշյալ օրենքի շուրջ Երեւանում անցկացվելու են քննարկումներ, որին մասնակցելու են նաեւ միջազգային փորձագետներ: