Վերջերս Հարկային պետական ծառայության (ՀՊԾ) ղեկավար Ֆելիքս Ցոլակյանը
նախագահին ներկայացրեց հարկային մուտքերի առաջին եռամսյակի արձանագրված
աննախադեպ ցուցանիշները: Մասնավորապես, սոցվճարների դեպքում` այն կազմում
էր 12,9 մլրդ դրամ, անցած տարվա նույն ժամանակի համեմատությամբ՝ 3,4 մլրդ
դրամով ավելի: Առաջին հայացքից այս հանգամանքն, իհարկե, ողջունելի է,
սակայն տողատակերում բավական հետաքրքիր ու վտանգավոր էջեր կան թաքնված:
Ընդհանրապես գործունեություն չծավալած կամ հաշվետվությունը զրոյական
բալանսով փակած ընկերություններն անցած տարվա դեկտեմբերին ու այս տարվա
առաջին եռամսյակին պարտադիր կերպով վճարել են սոցապվճար մեկ աշխատողի
համար:
Հարկային պետական ծառայությունից պարզաբանեցին, որ «Համաձայն
«Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ կետի՝
2005թ. հունվարի 1-ից կազմակերպությունում գլխավոր հաշվապահի
առկայությունը պարտադիր է: Այդ պարտադիր պայմանը օրենքով չի տարածվում
միայն կուսակցությունների, հասարակական ու կրոնական կազմակերպությունների,
ինչպես նաեւ՝ արհեստակցական միությունների վրա: Գլխավոր հաշվապահը կամ
գլխավոր հաշվապահի պարտականությունները համատեղող կազմակերպության
ղեկավարը պետք է լինի վարձու աշխատող, որի համար հաշվարկված ամենամսյա
աշխատավարձից պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները հաշվարկվում
են «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» ՀՀ օրենքի 5-րդ
հոդվածի 1-ին կետով սահմանված դրույքաչափերով (առնվազն 5000 դրամ)»:
Մինչդեռ գործունեություն չծավալած բազմաթիվ հասարակական
կազմակերպությունների ղեկավարներ պնդում են, որ իրենց ստիպել են վճարել
սոցապվճար մեկ աշխատողի, տվյալ դեպքում՝ գլխավոր հաշվապահի համար: Իսկ
դեկտեմբեր ամսին վճարողներին այս տարի ստիպել են արդեն երկու աշխատողի
համար վճարել՝ «Որտեղ 1, այնտեղ էլ՝ երկու» սկզբունքով:
«Մեր ընկերությունը երեք եռամսյակ ընդհանրապես չի աշխատել, աշխատելու
հույս էլ չունեմ, սակայն սոցապվճար մի հոգու համար մուծել եմ, հիմա էլ
երկու հոգու համար են ուզում,- դժգոհում էր Արաբկիրի շրջանի հարկատուներից
մեկը: -Ասում են՝ պարտադիր է, վերեւից են ասել: Նույնիսկ ուզում եմ
լուծարել իմ հիմնարկը, բայց դա էլ երկար պատմություն է»:
Իսկ Սպանդարյանի տարածքային բաժնում հիմնադրամի ղեկավարը դժգոհում էր, որ ընդհանրապես գործ չարած, ստիպված, սոցապվճար է մուծում:
«Երկու տարի է՝ այս հիմնադրամը բացել ենք, բայց ֆինանսական միջոցներ
չունենալով՝ ոչ մի գործ չենք արել,- ասում էր հիմնադրամի ղեկավարը: -Չեմ
փակել, որովհետեւ աշխատելու հույս եղել է: Մինչեւ հիմա ոչ մի դրամ չի
շարժվել մեզ մոտ: Դեկտեմբերին մի հոգու համար վճարել եմ, որովհետեւ
սպառնացել են տույժերի ենթարկել: Ամուսինս իր աշխատավարձից է տվել, ես չեմ
աշխատում: Այս եռամսյակ էլ, պարզ է, երեք ամսվա համար պիտի վճարեմ:
Փետրվարից ամուսինս չի աշխատում, հիմա արդեն չգիտեմ՝ որտեղից պիտի վճարեմ,
բայց պիտի վճարեմ, որովհետեւ կտուգանեն: Մտածում եմ՝ էս էլ վճարեմ ու
փակեմ»:
Հարկային ծառայության Արաբկիրի տարածքային բաժնի մի օպերատիվ աշխատակից
մեզ բացատրեց, որ օրենքով հիմնավորում չունեն, որ ընդհանրապես
գործունեություն չծավալած կամ եռամսյակը զրոյական բալանսով փակած
հիմնարկներն անպայման պետք է վճարեն, սակայն իրենց էլ վերեւից են
պարտադրել: Այս միտքը հաստատեց մեկ այլ հարկատու:
«Այո, օրենքով այդպիսի բան նախատեսված չէ,- բացատրեց նա: -Բայց քանի որ
մեր հաշվապահներից քչերն են օրենքներին տիրապետում, դրա համար էլ չեն
կարողանում իրենց իրավունքները պաշտպանել: Ես էլ այս եռամսյակը զրոյականով
եմ փակել ու հարկեր չեմ մուծել, իմ հաշվետվությունն էլ փոստով ժամանակին
եմ ուղարկել: Նրանք ինձ չեն կարող տուգանել, որովհետեւ ոչ մի խախտում չեմ
արել: Ի՞նչ պիտի մուծեմ, եթե չեմ աշխատել»:
Որոշեցինք ՀՊԾ-ից պարզել, թե զրոյական բալանս ունեցող կամ ընդհանրապես
գործունեություն չիրականացրած ընկերություններից պարտադիր սոցապվճարի
գանձումն ի՞նչ իրավական հիմք ունի, ու այդպիսի քանի՞ ընկերություն կա:
Երկրորդ հարցին ընդհանրապես չպատասխանեցին, իսկ առաջին հարցին շատ աղոտ
պատասխան տվեցին, որից չէր կարելի ենթադրել, որ նման դեպքերում
վճարումները պարտադիր են: «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում էլ
մենք չկարողացանք այդ պարտադրանքը գտնել ու հիշեցինք ՀՊԾ Արաբկիրի
տարածքային բաժնի հարկային խորհրդատուներից մեկի իրականությանը
համապատասխանող միտքը. «Սա պետական ռեկետ է»:
Ավելին, նույն օպերատիվ աշխատակիցը պատմեց, որ սոցապ հարկերը մինչեւ
հունիս ամիս արդեն հավաքել են: Այսինքն, պարոն Ցոլակյանի՝ նախագահին
ներկայացրած առաջին եռամսյակի հաշվետվության մեջ ներառված են եղել նաեւ
երկրո՞րդ եռամսյակի հարկերը: Իսկ երկրորդ եռամսյակի հարկային մուտքերի
հաշվետվության մեջ պարոն Ցոլակյանը ո՞ր ժամանակահատվածը պետք է ներառի:
Կարելի է եզրակացնել, որ ընկերություններն իրենց շրջանառու միջոցները
կիսամյակի կտրվածքով հատկացրել են Հարկայինին: Ինչ արած, ամեն գնով պետք է
աննախադեպ գերակատարում ցույց տալ: