Գալուստ Սահակյանը քաղաքականության մեջ եւ դրանից դուրս

11/04/2008 Նատաշա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Այսօր ԱԺ պատգամավոր, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) անդամ Գալուստ Սահակյանը տոնում է իր ծննդյան 60-ամյակը:

Նրա հարազատները, գործընկերներն ու ընկերները, բացի շնորհավորանքներից ու ջերմ խոսքերից, մեզ պատմեցին, թե ինչպիսին է Գալուստ Սահակյանը քաղաքականությունից դուրս, առօրյայում: Ի դեպ, քաղաքական գործիչ Գալուստ Սահակյանը նախ մանկավարժ է, ժամանակին եղել է Երեւանի թիվ 185 դպրոցի տնօրենը: Ո՞վ գիտեր, օրինակ, որ նա սաքսոֆոն է նվագում, եւ մինչ օրս սպորտով` կարատեով է զբաղվում: Նրան լավագույնս բնորոշեց որդին` Տիգրան Սահակյանը. «Որպես հայր շատ բարի է ու միաժամանակ շատ խիստ: Իր գործունեության առումով կարող եմ ասել, որ շատ պարտաճանաչ է, շատ է սիրում, երբ ամեն ինչ տեղը տեղին է` սկսած վաղ առավոտից մինչեւ աշխատանքային օրվա վերջը: Բոլորի հանդեպ շատ լավ է տրամադրված, բայց միշտ ճիշտն է ընդունում, անկախ նրանից, թե ով է` բարեկա՞մ, ծանո՞թ, թե՞ անծանոթ: Նա ճշտի կողմնակից է: Հայրս շատ է սիրում իր հայրենիքը: Ու ամեն ինչ անում է հայրենիքի համար: Շատ խորիմաստ, բանիմաց մարդ է: Նրա ամենակարեւոր հատկանիշներից մեկն էլ այն է, որ նա կարող է ճիշտ գնահատել իրավիճակն ու ճիշտ գնահատականներ տալ, երբեք չսխալվել, ինչը ցույց է տալիս կյանքն ու տարիների փորձը: Նա մանկավարժ է եղել, նաեւ` գործկոմի առաջին տեղակալ, մի ամբողջ ռայոն է ղեկավարել, հիմա էլ պատգամավոր է: Նա քաղաքականության մեջ եփված մարդ է, ով ամեն ինչ անում է քաղաքականության մեջ կայունություն պահպանելու համար»: Տիգրան Սահակյանի խոսքերով` քաղաքականությունը շատ չի ազդում իրենց ընտանիքի ու Գալուստ Սահակյանի հայրական պարտականությունների վրա. «Չնայած տանը շոշափվում է քաղաքականության թեման, առանց դրա հնարավոր չէ, բայց նա աշխատում է, որ մենք շատ չմտնենք քաղաքականության մեջ»: Տ. Սահակյանը քաղաքականությամբ զբաղվում է այնքանով, որ հայրը քաղաքականության մեջ է, բայց, ինչպես ինքն է նշում` սիրահարված չի քաղաքականությանը: Տ. Սահակյանը պատմում է, որ հայրը շատ է սիրում սպորտը. «Ամեն շաբաթ-կիրակի օրերին զբաղվում է կարատեով, ունի անձնական մարզիչ` սենսեյ Աշոտը, ում հետ 3-4 ժամ շաբաթ-կիրակի օրերին զբաղվում է իր սիրած մարզաձեւով: Շատ է սիրում շախմատ խաղալ, նարդի, սիրում է ժամանակ անցկացնել իր ընկերական շրջապատի հետ, ուտել-խմել էլ, բնականաբար, սիրում է: Հայրս շատ է սիրում գիրք կարդալ, երաժշտություն լսել: Ի դեպ, ժամանակին հայրս նաեւ երաժշտությամբ է զբաղվել, սաքսոֆոնի վրա է նվագում: Հիմա այդքան չի զբաղվում դրանով, քանի որ ժամանակ չունի, չի նվագում, բայց երբեմն շատ նեղ ընկերական շրջապատում հնարավոր է` նվագի»:

Գալուստ Սահակյանը շատ է սիրում ժամանակ անցկացնել թոռնիկների հետ, հատկապես` փոքրիկ Գալուստիկի, ով, ըստ Տ. Սահակյանի, պապիկին շատ նման է. «Վերջերս երեխայի ատամհատիկն էր, ու դրա ժամանակ քանի որ երեխաների դիմաց տարբեր իրեր են դնում, նա գիրքն ու գրիչը վերցրեց: Իսկ երբ մայրս փողն ուզում էր դնել գրպանը, մի կողմ էր շպրտում: Այնպես որ, արդեն զգացվում է, որ երեխան բարությամբ ու շատ բաներով պապիկին նման է»:

Տ. Սահակյանը հայրիկի 60-ամյակի կապակցությամբ ցանկանում է, որ նա երկար ապրի ու առողջ լինի. «Ու այն ճանապարհը, որն ինքն ընտրել է, մինչեւ վերջ առաջ տանի: Ոչ մի խոչընդոտ, ոչ մի պրովոկացիա նրան իր ճանապարհից չշեղի, քանի որ ինքը դրանով ապրում է»:

ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, շնորհավորելով Գալուստ Սահակյանի 60-ամյակը, նշեց, որ, չնայած իրենց քաղաքական տարաձայնություններին ու շատ դեպքերում` կարծր, իրարամերժ մոտեցումներին, կարծիքներին, իր բնորոշմամբ՝ Գ. Սահակյանը կարծես 30-35 տարեկան լինի. «Շատ բարի, կենսախինդ անձնավորություն է: Ու քաղաքական առումով իր մարդկային տեսակի հակապատկերն է: Եթե իր հատկանիշներն այնտեղ էլ կիրառի, շատ կշահի դրանից: Կարող եմ նրան բնութագրել իբրեւ Ազգային ժողովի աղը, ինչպիսին ժամանակին Արշակ Սադոյանն էր: Առանց նրա ԱԺ-ն դժվար է պատկերացնել: Գալուստ Սահակյանը նաեւ լրագրողների սիրելին է, հատկապես` նրա տարաբնույթ նախադասությունները լրագրողների համար նյութերի հիանալի թեմաներ են»,- ասաց նա:

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Արմեն Արզումանյանը ժամանակին սովորել է թիվ 185 դպրոցում, որի տնօրենը Գալուստ Սահակյանն էր. «Շատ լավ տնօրեն էր, մի կողմից՝ խստապահանջ, մյուս կողմից` յուրաքանչյուր նախաձեռնություն քաջալերող: Չգիտեմ, թե դրանից ավելի աշակերտները ինչ կարող են ցանկանալ: Ես անձամբ մի քանի դպրոց եմ փոխել, մի քանի տնօրենների եմ տեսել, ու կարող եմ ասել, որ Գալուստ Սահակյանն իսկապես լավ տնօրեն էր: Նա յուրաքանչյուր նախաձեռնություն քաջալերում էր: Օրինակ, ժամանակին մենք հավաքներ էինք կազմակերպում, հիշում եմ` սփյուռքի հայկական դպրոցներից եկան, մեզ մոտ մնացին: Հետո դպրոցը լավ միջոցներ ուներ, լավ մարզադահլիճներ, երաժշտական գործիքներ: Իսկ խիստ էր այնքանով, որ եթե դասերից փախնում էին, կանչում էր իր մոտ, բարկանում»:

Երբ ՀՀԿ երիտասարդ անդամ Էդուարդ Շարմազանովին խնդրեցինք մի քանի բառով բնորոշել Գալուստ Սահակյանին, նա ասաց. «Իմաստուն, հումորի մեծ զգացումով ու երիտասարդների հետ ընկերություն անելու մեծ կարողություն ունեցող մարդ»: Իսկ երբ խնդրեցինք որեւէ հետաքրքիր դեպք հիշել` նրա հետ կապված, Է. Շարմազանովը նշեց, որ պրն Սահակյանի հետ շփումը միշտ հետաքրքիր է, այնպես որ, բոլոր դեպքերն էլ հետաքրքիր են. «Նա այն եզակի անձնավորություններից է, ով շատ լուրջ արժեքային համակարգ ունի, ու մեզ համար մեծ պատիվ է, որ նրա նման ավագ ընկեր ունենք: Այն ամենում, ինչին հասել են երիտասարդ հանրապետականները, իր մեծ դերն ունի նաեւ Գալուստ Սահակյանը: 60-ամյակի կապակցությամբ նրան շնորհավորելով` ամենակարեւորը` մաղթում եմ առողջություն, երկար տարիների կյանք, որ իր թոռնիկների ու նաեւ մեր թոռնիկների հարսանիքներին քեֆ անի»:

«Ազգային ժողովրդավարական կուսակցության» ղեկավար Շավարշ Քոչարյանը նշեց, որ Գալուստ Սահակյանին կբնորոշի` հաշվի առնելով ոչ միայն նրա քաղաքական գործունեությունը. «Մենք չորս տարի նույն հանձնաժողովում ենք եղել` Կրթության, գիտության, մշակույթի, շատ արդյունավետ համագործակցել ենք, ու բազմաթիվ օրինագծեր են ընդունվել, որոնք չէին ընդունվի, եթե չլինեին Գալուստ Սահակյանի եռանդն ու ջանքերը: Ես շնորհավորում եմ նրա 60-ամյակը»:

Հանրահայտ ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը Գալուստ Սահակյանի հետ ծանոթ է դեռեւս 1992 թվականից: Ասում է, որ, եթե ոչ ամեն օր, ապա գոնե ամեն շաբաթ աշխատում են հանդիպել. «Շատ բարձր ինտելեկտուալ հատկանիշներով անձնավորություն է, շատ հոյակապ ընկեր է, մեծ հաճույքով ենք հավաքվում, շփվում»: Ինչպիսի՞ ֆուտբոլասեր է Գալուստ Սահակյանը: Խ. Հովհաննիսյանը նշում է, որ նա ֆուտբոլ սիրում է, եւ իրենք հաճախ են միասին ֆուտբոլ նայում. «Նա շատ էմոցիոնալ է երկրպագում, տարվում է խաղով:

Քանի որ նա լրիվ քաղաքականության մեջ է, նրան մաղթում եմ, առաջին հերթին, որ իր գործերում ամեն ինչ լավ լինի, եւ մեր երկիրը բարգավաճի, քանի որ դրա մեջ նա իր լուման ունի»:

Խորեն Հովհաննիսյանը Գալուստ Սահակյանի հետ կապված հետաքրքիր դեպք հիշեց. «Մի անգամ միասին նստած էինք սեղանի շուրջ, նա ասաց` շատ քիչ մարդիկ կան աշխարհում, որոնց տեսնելիս ոտքի են կանգնում: Բայց Բելգիայի հետ խաղում երբ գոլ խփեցիր, բոլորս թռանք ոտքի»:

Միանում ենք Գալուստ Սահակյանին ուղղված բոլոր շնորհավորանքներին, մաղթանքներին ու ջերմ խոսքերին: