«Այս փուլում չեմ կարծում, որ մեր երկրի համար քաղաքական վիճակի առնչությամբ կարող են խիստ գնահատականներ լինել»,- «Ա1+»-ին տված հարցազրույցում ԵԽ ԽՎ-ում Հայաստանի հարցով սպասվող քննարկումից առաջ ասել է ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը` հավելելով, թե գնահատականներ կարող են լինել այն երեւույթների հետ կապված, որոնք տեղ գտան մեր հանրապետությունում: «Իհարկե, ցանկալի կլիներ, որ իշխանություններն անեին ամեն ինչ, որ այս զանգվածային անկարգությունները տեղի չունենային, բայց մյուս կողմից էլ պետք է գնահատել` ելնելով նրանից, թե իրո՞ք արվել է այն հնարավորը, ինչ պետք էր անել այդ իրավիճակում: Իմ կարծիքով՝ այո, որովհետեւ, վերջին հաշվով, լինում են իրավիճակներ, երբ դու չես կարողանում կանխատեսել եւ վիճակը վերահսկել: Այս իմաստով, նույնիսկ գնահատականներն են իրարարամերժ. մի դեպքում լսում ես, որ պետք է միջամտությունը լիներ ավելի վաղ, մի դեպքում էլ, թե՝ դրանք խաղաղ հանրահավաքներ էին եւ եղել է անհարկի միջամտություն: Երբ հանցագործության հիմքերը կպարզվեն, այդ ժամանակ կարելի կլինի ճիշտ գնահատական տալ»,- ասել է Գ. Դանիելյանը: Հարցին էլ, թե` ազատ, արդար ընտրություններ անցկացնելու կամ ընտրությունների արդյունքների վերահաշվարկի պահանջները բռնության կոչե՞րն են, նա պատասխանել է. «Բացարձակապես ոչ: Արդար ընտրություններ պահանջելու համար հետապնդվող չկա»: «Ա1+»-ը նախարարից նաեւ հետաքրքրվել է, թե Ագոյի խմբի ներկայացրած առաջարկներից քանիսն են կատարվել: «Առաջարկները քննարկվել են, քննարկման արդյունքներով՝ մի մասն անհիմն են համարվել. իրենք առաջարկել են թույլատրել տեսակցություններ կալանավորվածների մերձավոր ազգականների հետ, նախ՝ այս առաջարկությունը ներկայացվել է արդարադատության նախարարին. սա գալիս է նրանից, որ այդ մարդկանց իրազեկվածությունը մեր օրենսդրության վերաբերյալ բավարար չէ. տեսակցության վերաբերյալ հարցերը քննարկում եւ որոշում է կայացնում տվյալ հիմնարկության պետը, բայց եթե նախաքննություն իրականացնող մարմինը արգելք է դնում այդ տեսակցությունների վրա, քրեական գործի շահերից ելնելով, այս դեպքում անգամ հիմնարկի պետը չի կարող իր որոշմամբ այդ տեսակցությունը թույլ տալ. երբ այս պարզաբանումը նրանց տրվեց, իրենք նույն հարցադրումը բարձրացրին նաեւ դատախազի եւ վարչապետի մոտ: Գլխավոր դատախազը քննիչների հետ 1-2 օր քննարկելուց հետո եկավ այն եզրակացության, որ հաշվի առնելով այն, որ խումբն էլ կոչ էր անում, առաջարկում էր, ինչ-որ տեղ նաեւ հումանիստական սկզբունքով էր պայմանավորված, նախաքննական մարմինները գնացին ընդառաջ եւ թույլատրեցին տեսակցություններ, բայց այս հարցում շտապելը ճիշտ չէ, եւ միշտ չէ, որ մարդու իրավունքների պաշտպանությունից է բխում նման տեսակցությունները. մենք չենք կարող հանցագործությունը թողնել չբացահայտված միայն նրա համար, որ մենք անվերապահ թույլ ենք տալիս տեսակցություն նրա ազգականների հետ: Եվ հակառակը. եթե կարողանում ենք բացահայտել հանցագործությունները եւ կանխել հետագայում այլ անձանց նկատմամբ հանցագործությունները, սրանից ավելի լավ հումանիստական քայլ կարծեմ չկա»: Գ. Դանիելյանի կարծիքով, «սա մի քայլ էր, որով տուրք տրվեց միջազգային կառույցների հանդեպ հարգանքին, եւ անսացինք նրանց կոչին»: Նա ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի, ինչպես նաեւ՝ Ագոյի խմբի հետ հանդիպումից հետո պարզել է, որ դեռեւս իրենք էլ (Ագոյի խումբն ու մարդու իրավունքների հանձնակատարը) իրենց հարցերի պատասխանները չունեն։ «Կարծես, ստացել են միակողմանի տեղեկատվություն, թվում է, թե արտակարգ դրություն հայտարարելու ժամանակ իրենց տրամադրության տակ եղել է տեղեկատվություն պաշտոնական աղբյուրներից, բայց պաշտոնական աղբյուրները նախատեսված են եղել ներքին շրջանակներում օգտագործելու համար, մինչդեռ միջազգային կառույցները ստացել են չափազանց մեծ քանակի, իմ կարծիքով, անհիմն տեղեկատվություն: Ու որպեսզի իրենք կարողանան այդ տեղեկատվությունը համադրել իրական, իրենց կատարած ուսումնասիրությունների հետ, դրա համար ժամանակ է պետք: Եթե իրենք հիմնվեին միայն ոչ պաշտոնական տեղեկատվության վրա, որը ակնհայտ անհիմն է, կան նաեւ հերյուրանքներ ամբողջ պետության հասցեին, անգամ վիճակագրությունն էր խեղաթյուրված, ապա իհարկե ցանկացած միջազգային կառույց, եթե սա հիմք ընդուներ, կարող էր բավականին խիստ բանաձեւեր ընդունել, բայց ակնհայտ է, որ իրենք պետք է փորձեին պարզել, ինչը եւ արեցին, հետագայում նաեւ մենք նրանց կուղարկենք վիճակագրական տվյալներ, վերլուծական նյութեր, իրավիճակի հետ կապված»,- ասել է Գ. Դանիելյանը: