Եթե ես նկարիչ լինեի… Վրձնի անկաշկանդ ու ուժգին հարվածով կտավին «կշրխկացնեի» ծանր պարկն ուսերին «ճկռած», նեղլիկ արահետով տոտիկ-տոտիկ մոտեցող 66-ամյա այս կնոջ` տիկին Ֆրիդայի պորտրետը:
Ես տիկին Ֆրիդայի պորտրետի միջոցով աշխարհին կպատմեի 21-րդ դարի Հայաստանում ապրող աղբակույտերը քչփորող տիկին ֆրիդաների մասին, ու աշխարհը հաստատ կզարմանար: Եթե ես պոետ լինեի… իմ գործերում կպատմեի «Ես ի ծնե դժբախտ եմ»` տիկին Ֆրիդայի ծանր ու դառնություններով լի պատմությունը: Ու, եթե ես պոետ լինեի, ոչ թե հորինված, այլ` իրական տիկին ֆրիդաների մասին իմ գրական գործերը կվաճառեի մեծ տպաքանակներով, որովհետեւ իմ գործերում կարտացոլեի Հայաստանում ապրող մարդկանց պատմությունն ու իրական կյանքը: Դժբախտ կյանքը:
Եթե ես ռեժիսոր լինեի… Տիկին Ֆրիդայի մասին ֆիլմ կնկարահանեի, որովհետեւ մենք բոլորս հերոսների պակաս ունենք, բայց իրական հերոսները տիկին ֆրիդաներն են:
Իսկ ես ընդամենը լրագրող եմ, որից պահանջվում է սառը դատողություն եւ օբյեկտիվություն:
Արմավիր քաղաքի 2-րդ փողոցում ապրող այս կինն ամեն օր լուսաբացը դիմավորում է աղբամաններից իրեն պիտանի բաներ գտնելու հույսով: 66-ամյա Ֆրիդա Այվազյանը բուժքույր է եղել, եւ բուժհիմնարկում 30 տարի աշխատել է որպես լաբորանտ: Տիկին Ֆրիդան բուժքույրականն է ավարտել, նորմալ կրթություն է ստացել: Հեգնանքով ասում է` «Փողոցների զիբիլանոցներից բութուլկա, երկաթ-մերկաթ եմ հավաքում, տանում-հանձնում եմ, կամ կուտակում եմ, մարդիկ գալիս-տանում են: Հացի փողը տենց եմ առնում»: Ապրում է ամուսնու` Վարուժանի եւ որդու` Սմբատի հետ: Տան երկու տղամարդիկ հաշմանդամ են, աշխատունակ չեն: Վարուժանը Պահածոների գործարանում աշխատելու տարիներին կորցրել է ոտքն ու ձեռքերը, անզգուշությամբ հաստոցի տակ է ընկել եւ անդամահատվել: Ծանր հաշմանդամությունն անդրադառնում է նաեւ Վարուժանի հոգեբանության վրա, կյանքի դառնություններից նա անընդհատ հայհոյում է: Գործարանը ժամանակին ճանաչվել է սնանկ եւ սեփականաշնորհվել է, սակայն որեւէ մեկը Վարուժանին հասցված վնասը չի փոխհատուցել: Տարեց կինը դիմել է ՀՀ նախագահին, ՀՀ վարչապետին, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ` հաշմանդամության թոշակ նշանակելու հարցում միջամտելու խնդրանքով, սակայն ոչ մի արձագանք առ այսօր չի եղել: Տիկին Ֆրիդան քմծիծաղով նետում է` «Էս աշխարհում շատ կան դժբախտ ու անապահով մարդիկ, բայց իմ նման… Հարեւանները կպատմեն իմ մասին»: Հարեւանները պատմեցին տիկին Ֆրիդայի մասին, այդ պատմությունները շատ ցավոտ են: Որդու` կամավոր Ղարաբաղում կռված 37-ամյա Սմբատի պատմությունն ուրիշ է: Մայրը պատմում է. «Սովետական բանակում գերազանց ծառայեց, ընդունվեց Համալսարան, հետո կամավոր կերպով գնաց Ղարաբաղում կռվելու»: Միակ որդու` պատերազմին մասնակցելու փաստը, բնականաբար, ծնողների համար ծանր հարված էր, սակայն ամենածանրը եղել է Սմբատի` անհայտ կորածների ցուցակում հայտնվելու փաստը: Տիկին Ֆրիդան պատմում է. «Ութ-ինը տարի հետո խաբար եկավ, թե Ռուսաստանի հոգեբուժարանում են Սմբատին գտել: Թե՞ Ռուսաստանում ա հոգեկան խանգարում ստացել, թե՞ Ղարաբաղում, մինչեւ հիմա չենք կարողանում իմանանք, բայց, ըստ երեւույթին` Ղարաբաղում»: Տիկին Ֆրիդան ընդամենը 17.000 դրամ թոշակ եւ 8000 դրամ ընտանեկան նպաստ է ստանում, որի մեծ մասը ծախսվում է երկու հաշմանդամ տղամարդկանց ծխախոտի վրա: «Զիբիլներից ժեշտ, երկաթ եմ առանձնացնում, հանձնում ու հացի փող եմ հանում: Ոչ մի բան չեմ հասցնում: Գազ չունենք, օջախ եմ վառում, մի բան եփում ու գնում եմ զիբիլներից պիտանի բան գտնելու: Էսօր էլ եմ կարտոշկա խաշել, որ հիվանդներս ուտեն: Ախր սենց ո՞նց կլինի ապրել»: Սմբատի մոտ բժիշկներն ախտորոշել են շիզոֆրենիա հիվանդությունը, սակայն նա չի համաձայնվում հիվանդանոցում բուժվել եւ թոշակավորվել, անհարմար է զգում: Տիկին Ֆրիդան ասում է, որ ամեն օր կռվում է, կռվում է բոլորի, ինքն իր հետ, ու ամբողջ գիշեր տառապում է անքնությամբ: Սմբատն ինքն իրեն չի ճանաչում, ասում է` ինքն ուրիշ մարդ է: Տիկին Ֆրիդային հարցնում եմ` «Հույս կա՞, որ վաղը լավ է լինելու»: «Չէ՛,- ասում է,- ինքներդ էլ գիտեք, որ իմ տարիքի կնոջը ոչ մի տեղ աշխատանքի չեն ընդունում, նույնիսկ հավաքարար աշխատելը բացառված է: Էնքան եմ զիբիլանոցները քրքրել, որ մատներս էլ են դեֆորմացվել: Չէ՛, վաղն ավելի լավ չի լինելու»: Ամուսինը` Վարուժանը, մանկատանն է մեծացել, ինքը` տիկին Ֆրիդան, պատերազմում հոր զոհվելուց հետո նաեւ մորն է կորցրել ու նույնպես որբացել է: «Ինչպես ասում են` դժբախտությունն ի ծնե ա»,- ասում է հինգ երեխա լույս աշխարհ բերած, իսկ այսօր՝ միայնակ մնացած այս կինը: Քմծիծաղով պատմում է` «Մի երեխուս հարեւանը տարավ իրա տուն, ձմերուկ էր կերցրել, կուտը թռավ շնչափողը, չհասցրինք հիվանդանոց` մահացավ: Մյուս` հինգ տարեկան աղջկաս գլանները վիրահատեցին, արյունահոսեց, մեկ շաբաթ հետո մահացավ: Էն մյուսն էլ կույր աղիքի վիրահատության ժամանակ նարկոզից դուրս չեկավ: Օ՜ֆ, ո՞ր մի դժբախտությունս պատմեմ, ո՞ր մեկը»: