HSBC-ն կորցրել է տվյալները

11/04/2008

Մեծ Բրիտանիայի HSBC խոշոր բանկը խոստովանել է այն սկավառակի կորուստը, որտեղ պահվում էին նրա 370.000 սպասարկյալների անձնական տվյալները: Ըստ HSBC-ի պաշտոնական հաղորդագրության` ցրիչի առաքած սկավառակը չորս շաբաթ առաջ անհետացել է Սաութհեմփթոն քաղաքի բանկային գրասենյակից ապահովագրական ֆիրմա տանող ճանապարհին: Սկավառակային կուտակիչը պարունակում էր բանկի սպասարկյալների անունները, ծննդյան տարեթվերը եւ տվյալներ նրանց կյանքի ապահովագրման մասին: HSBC-ն արդեն միջադեպի մասին հաղորդել է հսկիչ մարմնին՝ Ֆինանսական շուկաների վարչությանը: Եթե վարչությունը հանգի այն եզրակացության, որ բանկը խախտել է անվտանգության կանոնները, HSBC-ին սպառնում է խոշոր տուգանք: Դա Մեծ Բրիտանիայում տարբեր կազմակերպությունների եւ գերատեսչությունների կողմից գաղտնի տեղեկատվության կորստի ամենեւին էլ առաջին դեպքը չէ: Փետրվարի կեսերին հայտնի է դարձել Դադլի քաղաքի (Ուեստ Միդլանդսի կոմսություն) Russels Hal Hospital հիվանդանոցից դյուրակիր համակարգչի գողության մասին՝ 5123 հիվանդների բժշկական տվյալներով: Հունվարի վերջին հաղորդում է հայտնվել, որ Մեծ Բրիտանիայի Marks and Spencer գերշուկաների ցանցից գողացել են դյուրակիր համակարգիչը՝ 26.000 աշխատակիցների անձնական տվյալներով: Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Դես Բրաունը հունվարի 21-ին հայտարարել է, որ գերատեսչությունից գողացվել են երեք դյուրակիր համակարգիչներ՝ հազար մարդու անձնական տվյալներով: Անցյալ տարվա դեկտեմբերին հայտնի է դարձել այն մասին, որ ԱՄՆ-ի մի մասնավոր ընկերություն կորցրել է տեղեկությունները բրիտանական վարորդական իրավունքների ստացման 3 մլն թեկնածուների մասին: Դրանք գտնվել են համակարգչի կոշտ սկավառակում: Կորսված տվյալների թվում եղել են տեղեկություններ 2004թ. սեպտեմբերից մինչեւ 2007թ. ապրիլն ընկած շրջանում վարորդական իրավունքներ ստացողների հավակնորդների անունների, հասցեների եւ հեռախոսահամարների մասին: 2007թ. հոկտեմբերի վերջին երկու պետական հիմնարկությունների միջեւ ընկած ճանապարհին կորել է երկու սկավառակ, որոնք տեղեկատվություն են պարունակել 25 մլն մանկական նպաստներ ստացողների եւ նրանց բանկային հաշիվների մասին: Սկավառակների որոնման լայնընդգրկուն գործողությունը, որը հարկատուների վրա նստել է 500.000 ֆունտ ստեռլինգ, արդյունքներ չի տվել: