Ատելության ամբողջ արսենալը

13/05/2005 Տիգրան ՊԱՍԿԵՒԻՉՅԱՆ

Հայոց ցեղասպանության 90-ամյակի նշանավորումը միավորեց հայ ժողովրդին։ Սա
ուրախալի կլիներ, եթե չլիներ տխուր, եւ հիանալի կլիներ, եթե հիմնված լիներ
սիրո վրա։ Մեկուկես միլիոն մոմ, մեկուկես միլիոն ծաղիկ, մեկուկես միլիոն
մարդ… կարծես խորհրդային «լավագույն» ավանդույթներով պլան դրված լիներ մեր
ժողովրդի վրա՝ ի Հայաստան եւ ի Սփյուռս աշխարհի։ Սա իհարկե չի նշանակում,
թե ժողովուրդն ինքնակամ ու ինքնաբուխ չէր գնում Ծիծեռնակաբերդ։

Բազմահազարանոց զանգվածների ինքնակամ երթը պայմանավորված էր զանգվածային
լրատվության միջոցների քրտնաջան աշխատանքով։ Աշխատանք, որ մեկ ու միակ
նպատակ ուներ՝ բորբոքել վրեժ, քինախնդրություն եւ ատելություն։ Հիմա չեմ
հիշում, թե ով է ասել, վատ միտք չէ. «Ատելությունը գուցե զենք է, բայց ոչ
լավագույնը»։ Գուցե, իհարկե, այդ զենքը պետք գար այն պահին, երբ
տարածաշրջանի ամենամարտունակ բանակդ կազմ ու պատրաստ Թուրքիո սահմանի մոտ
կանգնած պատրաստվեր «ՎՈՐՔ ոՐՏրՏՍ»-ի դեպի հայոց անիրավված Հայրենիքը։
Գուցե դա պետք լիներ ստալինյան 100 գրամ օղու նման, որ տեսադաշտը
մշուշելով խիզախության շավիղներ է բացում։ Բայց զորքը, որն իր հաղթական
քայլարշավով պիտի արտահաներ այդ ատելությունը, կանգնած չէ սահմանի մոտ, եւ
խոսք անգամ չկա հարձակման մասին։

Ուրեմն, եթե այդպես է, այդ ատելությունը, վրեժն ու քինախնդրությունը մնում
է ներսում՝ երկրի սահմանների ներսում, ամեն ընտանիքի ներսում, ամեն մարդու
ներսում։ Եվ հարց է առաջանում. արժե՞ր մեծ, շատ մեծ քայլերթ
կազմակերպելու, միլիոնուկես մոմ վառելու կամ միլիոնուկես ծաղիկ տեղադրելու
համար այդքան ատելություն ներարկել մի ժողովրդի մեջ, որն առանց այդ էլ
սիրուց ու ներումից զրկված լինելու հազար ու մի պատճառ ունի։ Կամ արժե՞ր
այդքան սին հույսեր ներարկել մի ժողովրդի, որն առանց այդ էլ չի
պատկերացնում հույսի բովանդակալի ներսը։

Այս օրերին հաճախ եմ լսում խոսակցություններ, թե իբր բան չմնաց, «մեկ
խնդիր պիտ լուծվի շուտով», եւ թուրքերը ՍՈՍ ՎՈսպվՖՍՌռ կվերադարձնեն մեր
հողերն ու մի քանի միլիարդ փոխհատուցումն էլ հետը։ Ո՞վ է այս հույսի
հեղինակը։ Լեհաստանի սե՞յմը, որ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը,
Գերմանիայի կանցլե՞րը, ով կեսբերան ներում է խնդրել Գերմանիայի
մասնակցության համար, եվրոպացի գիտնականներն ու քաղաքական գործիչնե՞րը,
ովքեր մասնակցելով երեւանյան համաժողովին` դատապարտում էին թուրքերի
ոճրագործությունը, թե՞ հենց թուրք գիտնականներն ու հասարակական
գործիչներն, ովքեր՝ գալով այստեղ, թուք ու մուր էին շաղ տալիս իրենց
պետության ու կառավարության վրա։ Վերջինն, իհարկե, լավ է, բայց ավելի լավ
կլիներ, եթե ուսանելի օրինակ դառնար հայ հասարակության համար։

Այն, որ թուրքերը դարասկզբին հայերի նկատմամբ ցեղասպանություն են
իրականացրել, ոչ ոք չի քննարկում։ Կարծում եմ, նույնիսկ թուրքերն արդեն
չեն քննարկում այդ փաստը, բայց նմանվելով մեր
իշխանամետ-կառուցողականներին՝ լռում են՝ սեփական երկրի ու ազգի ամոթը
պարտակելով «անմեղ» անգիտության մեջ։ Միջազգային ճանաչում ունեցող մի
թուրք գրող՝ Օրհան Պամուքը, մի մեդալ ավել ստանալու մասին մտածելու
փոխարեն, գերադասում է իր ազգը տեսնել մաքրված՝ պատմությունն ու ներկան
աղճատող այս վերքից։ Մեր պատկերացմամբ՝ նա դավաճան է, մեր պատկերացմամբ՝
նա թուրք կոչվելու իրավունք չունի։ Եվ այստեղ է, որ մեր պատկերացումն ու
թուրքերի պատկերացումն, ի հեճուկս հարաճուն ատելության, համընկնում են։
Թուրքերն էլ Պամուքին դատում են մեր պես՝ այրում են նրա գրքերը՝ չմտածելով
անգամ, որ ժամանակակից աշխարհն իրենց գուցե նույն այս Պամուքով է ճանաչում։

Տասնութ-տասնինը տարի առաջ, երբ Վարդգես Պետրոսյանը գրեց «Կրակե շապիկ»
վեպը, նույն ճակատագրին արժանացավ, չնայած որ խորհրդային ժամանակներ էին,
եւ ինքն էլ, ոչ ավել, ոչ պակաս, Գրողների միության նախագահն էր։ Հայհոյում
էին նրան աջ ու ձախ, այրում «Կրակե շապիկը», ինչ է թե՝ համարձակվել էր իր
վեպում թուրքի դրական կերպար կերտել։ Ատելությունն էր այդ մարդկանց
շարժիչը։

Երբ լուսահոգի Ռաֆայել Իշխանյանը գրեց իր «Երրորդ ուժի բացառման օրենքը»,
ամեն կողմից հարվածներ ստացավ։ Նրան ազգադավ էին համարում նրանք, ում
համար միակ ճշմարտությունն ատելությունն էր, ում համար միակ սերը չունեցած
Հայրենիքի պաշտամունքն էր։ Մարդը համարձակվել էր ասել, որ կատարվածի մեջ
մենք էլ մեր բաժին մեղքն ունենք, եւ մեր քաղելիք դասն այդ մեղքն է եւ ոչ
թե կույր ատելությունը։

Երրորդ ուժի բացառման օրենքն ատելության բացառման օրենքն է։ Եթե Թուրքիան
քո հարեւանն է, եթե դու հավերժ եւ ընդմիշտ ապրելու ես նրա կողքին, ուրեմն
պիտի կարողանաս սեփական ուժերով ու միջոցներով հարաբերվել նրա հետ։ Թե չէ,
հարեւանիդ թողած, սոված թռչունի պես բերանդ բաց, սպասում ես այս կամ այն
երկրի նախագահի խոսքին, ու ամեն անգամ համոզվում, որ քեզ բավարարելու
փոխարեն՝ իրենք իրենց հարաբերություններն են կարգավորում հարեւանիդ հետ։

Ութ տարի Ամերիկայի Միացյալ Նահանգների ղեկի մոտ կանգնած Բիլ Քլինթոնն իր
պաշտոնավարման օրոք այդպես էլ չասաց «ցեղասպանություն» բառը, իսկ հիմա
ազատ մարդ է՝ հոխորտում ու պահանջում է Բուշից՝ ասել իր չասածը։ Դե, Բուշն
էլ, որ այս անգամ չէր խոստացել ոչինչ, քանի որ ամերիկահայերն անցած
ընտրություններում պաշտպանում էին Ջոն Քերրիին, քաղաքավարության
սահմաններում ցավակցեց հայ ժողովրդին՝ ասելով, թե այն իրադարձությունները,
որ հայերը «Մեծ եղեռն» են կոչում, իրենք համարում ենք մարդկային
ողբերգություն։

Բուշը, սակայն, չմոռացավ հայացքը հառել անկախ Հայաստանի խոստումնալից
ապագային, բայց սա ոչինչ է, դատարկ ու սին խոսք, եթե աշխարհի ՄԵԾԸ չի ասել
այն միակ բաղձալի բառը՝ «ցեղասպանություն», որն, ըստ մեզ, վերջ կդներ
Թուրքիայի ուրացումին, բայց վերջ կդնե՞ր մեր ատելությանը, ես չգիտեմ։