Երգչախմբային արվեստը, որը ծաղկում էր ապրում խորհրդային տարիներին, անկախ Հայաստանի դպրոցական հաստատություններից իսպառ վերանում է։ Հիմա շատ քիչ դպրոցներ ունեն երգող պատանիների խմբակներ։ Մինչդեռ ինչպես նկատեց Երգչախմբային արվեստի միջազգային ֆեդերացիայի քարտուղար Ժան Կլոդ Ուիլքենսը՝ երգչախումբը ամենամասսայական ու մատչելի արվեստի ճյուղերից է, որը մեծ ֆինանսական ներդրումներ չի պահանջում, փոխարենը սովորեցնում է երեխաներին երգել ու շփվել կոլեկտիվի անդամների հետ։ «Աշխարհում երգչախմբերում երգող ավելի քան 30 մլն մարդ կա։ Սկանդինավյան երկրներում, օրինակ, երգում է ամեն չորրորդ քաղաքացին։ Խորը սոցիալական ֆենոմեն է, որի զարգացման մակարդակը հուշում է նաեւ երկրի զարգացման մասին»,- նկատեց նա։ Իսկ մասնագետ Սոնյա Գրայները ներկայացրեց հետազոտություններ, որոնք ապացուցում են, որ երգող երեխան ավելի առողջ է ու ավելի լավ է սովորում, քան չերգող երեխան։
Երգչախմբային արվեստը խթանելու, զարգացնելու ու քարոզելու համար ապրիլի 11-ից մայիսի 11-ը կանցկացվի «Երգող Հայաստան» մանկապատանեկան մրցույթը, որին կմասնակցեն Ջավախքի, Արցախի, Հայաստանի մարզերի ու մայրաքաղաքի 113 կոլեկտիվներ։ Մրցույթը երկու փուլ կունենա, իսկ հաղթողները դրամական պարգեւների ու հուշանվերների կարժանանան։ Արտասահմանյան մասնագետները նշում են. «Մենք գիտենք, որ Հայաստանում շատ մանկական երգչախմբեր փակվեցին, սակայն Հայաստանը շատ լավ երգչախմբային կրթական «դպրոց» ունի, որը պետք է խթանել այնպես, ինչպես յուղելով ու վառելանյութ մատակարարելով կարելի է աշխատեցնել շարժիչը»։
Հաջորդ տարի Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ կանցկացվի երգչախմբային արվեստի միջազգային փառատոն, որը նվիրված կլինի Կոմիտասի 140-ամյակին։ Իսկ մինչ այդ կկազմակերպվեն վարպետության դասեր, եւ հանրապետության բոլոր երգչախմբերը կստանան մասնագիտական գրականություն։ Սակայն մասնագետների կարիք կա։ «Ի՞նչ արած, մեր մասնագետները չեն ուզում մարզեր գնալ»,- նկատեց «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի ղեկավար Տիգրան Հեքեքյանը։ Նա նշեց նաեւ, որ մեծ ցանկություն ունի Հայաստան հրավիրել լավագույն երգիչների հավաքականը, որը կազմված է 80 երկրների ներկայացուցիչներից եւ որն աշխարհի միասնության յուրահատուկ սիմվոլն է։