Մարտի 1-ին Ազատության հրապարակում, այնուհետեւ Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում հավաքված ցուցարարների նկատմամբ ուժի կիրառումը բացարձակապես հիմնավորված չէր:
Երեկ ՄԱԱ-ում նման կարծիք հայտնեց Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) ղեկավար Ստեփան Դեմիրճյանը: Նա նշեց, որ ընդդիմության կազմակերպած հանրահավաքները կրում էին բացառապես խաղաղ բնույթ: «Եվ այդ ընթացքում որեւէ միջադեպ չի արձանագրվել, որեւէ անկարգություն տեղի չի ունեցել: Այնպես որ, ուժի կիրառումը բացարձակապես հիմնավորված չէր,- հայտարարեց Ս. Դեմիրճյանն` ավելացնելով,- Հիմա էլ խոսում են այն մասին, թե իբր ընդդիմությունն ուզում է նոր հանրահավաքներ անցկացնել, որպեսզի հրահրի բախումներ: Դրանք բացարձակապես անհիմն պնդումներ են: Բոլոր ցույցերը եղել են խաղաղ: Այդպես էր նաեւ 2003 թվականին. խաղաղ ցույցեր, խաղաղ երթեր: Մեր ճանապարհը միշտ էլ խաղաղ է եղել»: Իսկ ի՞նչ պետք է անել՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար: Ս. Դեմիրճյանը նկատում է, որ այսօր շատ է խոսվում երկխոսության անհրաժեշտության մասին, սակայն, նրա խոսքերով՝ երկխոսության համար պետք է նպաստավոր պայմաններ ստեղծվեն: «Այդ առումով մենք առաջնահերթ խնդիր ենք համարում քաղաքական հետապնդումների դադարեցումը, բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակումը: Լարվածությունը թուլացնելուն ուղղված քայլեր են պետք: Առայժմ այդպիսի քայլեր, առարկայական, կոնկրետ քայլեր մենք չենք տեսնում»,- ասաց նա: Ի դեպ, ՀԺԿ առաջնորդը ճիշտ է համարում մտավորականների այն կոչը, որ մարտի 1-ի զոհերի քառասունքի օրը՝ ապրիլի 9-ին, իշխանությունները ձեռնպահ մնան ճոխ միջոցառումներ կազմակերպելուց: Նշելով, որ եվրոպական կառույցները պահանջում են վերանայել «Ժողովներ, երթեր, հանրահավաքներ եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքում վերջերս կատարված փոփոխությունները, Ս. Դեմիրճյանը հայտարարեց. «Բախում չի լինի, եթե իշխանությունները չգնան բախումների»: Վերջինս ընդդիմության այն եզակի լիդերներից է, ում նկատմամբ մարտի 1-ից հետո մեղադրանք չի առաջադրվել: Ս. Դեմիրճյանին մարտի 8-ին կանչել են դատախազություն եւ դրանից հետո այլեւս իրավապահ մարմինները նրան չեն անհանգստացրել: Իսկ ինչպե՞ս է պրն Դեմիրճյանը բացատրում այն, որ իրավապահներն իրեն, ի տարբերություն մյուս ընդդիմադիր լիդերներից շատերի, մեղադրանք չեն առաջադրել: ՀԺԿ ղեկավարն առաջարկեց այդ հարցն ուղղել Դատախազությանը: Ս. Դեմիրճյանը, ով մարտի 1-ին ներկա է եղել եւ ելույթ է ունեցել Մյասնիկյանի արձանի մոտ կայացած հանրահավաքի ընթացքում, նշում է, որ այն, ինչ տեղի ունեցավ Մյասնիկյանի արձանի մոտ, հետեւանք էր առավոտյան Ազատության հրապարակում խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժի գործադրման: «Այսօր իրավիճակն իսկապես լարված է, պայթյունավտանգ է: Պետք է քայլեր անել՝ այդ լարվածությունը թուլացնելու համար: Կոալիցիայի ձեւավորումն այդ հարցը չի լուծում: Ինքնախաբեությամբ պետք չէ զբաղվել, պետք է երկխոսություն սկսել ժողովրդի հետ»,- ասաց նա: Իսկ եթե մի պահ երեւակայենք, թե բոլոր քաղբանտարկյալներն ազատ են արձակվում, ընդդիմադիրների նկատմամբ հետապնդումներն էլ դադարեցվում են: Ընդդիմությունն ինչի՞ շուրջ է բանակցելու իշխանության հետ: Ո՞րն է լինելու այդ բանակցությունների օրակարգը: Այս հարցին ՀԺԿ առաջնորդը երեկ հետեւյալ կերպ պատասխանեց. «Բնականաբար պետք է ձեւավորվի հստակ օրակարգ: Եվ կարծում եմ՝ ընտրությունների արդյունքում առաջացած ճգնաժամը պետք է հանգուցալուծվի ընտրությունների միջոցով: Այսօր նաեւ առաջարկներ, պահանջներ են հնչում՝ անցկացնել խորհրդարանական արտահերթ ընտրություններ: Ես էլ եմ գտնում, որ այդ պահանջը շատ տրամաբանական հարցերից մեկը կարող է լինել, որովհետեւ խորհրդարանն ակնհայտորեն այսօր չի արտացոլում հասարակական տրամադրությունները: Բայց մինչեւ օրակարգի ձեւավորումը՝ քայլեր են պետք, որոնք կմեղմացնեն այս լարվածությունը»: Ըստ նրա, պետք է վերանայել ցույցեր, հանրահավաքներ, երթեր անցկացնելու մասին օրենքը, ինչը պահանջում են նաեւ եվրոպական կառույցները, պետք է ընդդիմության առաջ բացել հեռուստաեթերը: «Երկխոսությունն առաջին հերթին պետք է ժողովրդի հետ անել: Պետք է ձեռք բերել ժողովրդի վստահությունը: Անձերի պայմանավորվածությունը պետք չէ ներկայացնել որպես ազգային համաձայնություն. դա որեւէ կապ չունի ազգային համաձայնության հետ»,- ասաց նա: Անդրադառնալով Սահմանադրական դատարանի որոշմանը՝ Ս. Դեմիրճյանը նկատեց. «Սահմանադրական դատարանի որոշումն ընտրական գործընթացի մի մասն է, ինչն ընդունվեց արտակարգ դրության պայմաններում, ինչն ի վերջո հակասում է Սահմանադրությանը»: Նա նշեց նաեւ, թե իշխանությունների կողմից հաճախ օրինակներ են բերվում եվրոպական երկրներից, թե պետք է ընդունել պարտությունը: «Այո, պետք է սովորել ընդունել պարտությունը: Եթե պարտվում ես, մի դարձրու դա կյանքի ու մահվան խնդիր»,- իշխանություններին կոչ արեց Ս. Դեմիրճյանը: Ըստ նրա, ռեպրեսիվ մեթոդներով այս ճգնաժամը հաղթահարել պարզապես անհնար է. «Որեւէ բան ավարտված չէ»։