Հայաստանն` առանց վարչապետի՞

11/04/2008 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը երեկ ասուլիս էր հրավիրել՝ լրագրողներին տեղեկացնելու, իր ձեւակերպմամբ, բարի ավետիսի մասին։ ՕԵԿ-ը դարձել է համաշխարհային կուսակցական խոշոր միություններից մեկի՝ քրիստոնեաժողովրդավարական եւ ժողովրդական կուսակցությունների ինտերնացիոնալի անդամ։

Ա. Բաղդասարյանը հպարտությամբ տեղեկացրեց, որ իրենք այդ կազմակերպության մեջ ունենալու են քվեարկելու իրավունք, իսկ դա լավ է ոչ միայն ՕԵԿ-ի, այլ ընդհանրապես՝ Հայաստանի համար, քանի որ ինտերնացիոնալը խմբակցություններ ունի բոլոր այն կազմակերպություններում, որտեղ քննարկվում են կարեւոր նշանակության համաշխարհային հարցեր։ Սակայն, ինչպես ցույց տվեց ասուլիսի հետագա ընթացքը, լրագրողներին ավելի շատ հետաքրքրում էին «հողեղեն», ներքաղաքական հարցեր, որոնք այնքան էլ հաճելի չէին պրն Բաղդասարյանի ականջին։

Տհաճ հարցերից մեկը վերաբերում էր այն ընտրողների հիասթափությանը, ովքեր Ա. Բաղդասարյանին ձայն էին տվել որպես ընդդիմադիր թեկնածուի։ Ի պատասխան, ՕԵԿ նախագահը նշեց, որ այդ դժգոհությունները իրականում շատ չեն՝ հղում անելով այն հարցմանը, որի մասին ասել էր ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը։ Հիշեցնենք, որ համաձայն տկն Բիշարյանի, իրենք հարցում էին արել շուրջ 250 հազար ընտանիքների շրջանում։ Շատերն այս թիվը համարեցին Գինեսի ռեկորդների գրքին արժանի ցուցանիշ։ Մարդիկ հասցրել են մոտ 10 օրվա ընթացքում 250 հազար ընտանիքի կարծիք հարցնել։ Արթուր Բաղդասարյանն ասում է, որ հարցումն արել են՝ կիրառելով ընտրողների հետ հարաբերվելու նոր տեխնոլոգիաներ։ Իսկ այդ նոր տեխնոլոգիաների (կամ՝ կախարդական փայտիկների) համար պարտական են ամերիկյան NDI կազմակերպության հետ համագործակցությանը։ Իսկ միգուցե ճիշտ կլիներ հարցումն անել մի՞նչ կոալիցիայի անդամ դառնալու որոշում ընդունելը, թե չէ նման գործելաոճը հիշեցնում է հայտնի մուլտֆիլմի հերոս պինգվինին, որն ասում էր. «Նախ անում եմ` ինչ ուզում եմ, հետո՝ խնդրում թույլտվություն։ Այդպես ավելի հարմար է»։

Ա. Բաղդասարյանին ուղղված մյուս հարցերն էլ առանձնապես հաճելի չէին, օրինակ՝ բազմիցս շոշափված «դավաճանության» թեմայի մասին։ Մասնավորապես, ինչպե՞ս պատահեց, որ երկրի նախագահը մեկ տարի առաջ Ա. Բաղդասարյանի քայլերը բնորոշում էր որպես «դավաճանության դրսեւորում», իսկ այժմ ՕԵԿ նախագահը մաս է կազմում այդ իշխանությանը։ «Կյանքը ցույց տվեց, որ այդ արտահայտությունն իրականության հետ կապ չունի»,- ասաց ՕԵԿ նախագահը։ Շատ զարմանալի երկրում ենք ապրում. երկրի նախագահն ասում է բաներ, որոնք իրականության հետ կապ չունեն։ Զարմանալի է նաեւ այն, որ եթե շատերն այն ժամանակ հակված էին հավատալ Ա. Բաղդասարյանին, ապա այժմ իրենց համար բացահայտեցին գոնե մի կետ, որտեղ համակարծիք են Ռ. Քոչարյանի հետ։ Նա նաեւ հիշեցրեց, որ, օրինակ, Լեւոն Տեր-Պետրոսյանի հասցեին ավելի կոպիտ բաներ են ասվել՝ դավաճան, Թուրքիայի գործակալ եւ այլն։ Այս զուգահեռը հասկանալի կլիներ, եթե Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ մաս կազմեր իշխանությանը, ինչպես Ա. Բաղդասարյանը։

Իսկ պարադոքսալ չէ՞, որ ժամանակին քննադատում էիք իշխանություններին, նրանց մեղադրում հանցանքների մեջ, ասում, որ հնարավոր չէր նրանց հետ աշխատել, իսկ այժմ պատրաստ եք աշխատել նույն այդ իշխանության հետ։ Պարզվում է՝ ոչ։ Ա. Բաղդասարյանը նախ հիշեցրեց, որ ինքը ժամանակին սեփական կամքով հրաժարվել է Ազգային ժողովի նախագահի պաշտոնից՝ շեշտելով այդ դեպքի եզակիությունը։ Իսկ հիմա՝ ի՞նչ կա որ, նորից կոալիցիա կկազմվի՝ այս անգամ քառակողմ։ Նույնիսկ զուգահեռ անցկացվեց. այն ժամանակ երեք կուսակցություն էին՝ գումարած Ռոբերտ Քոչարյանը, այժմ՝ քառակողմ՝ գրեթե նույն բանը։ Նա հավաստիացրեց, որ «նոր նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո կլինեն լայնածավալ բարեփոխումներ քաղաքական ու սոցիալական ոլորտներում»։ ՕԵԿ նախագահը հենց սրանով էլ պայմանավորում է իշխանության հետ համագործակցելու իրենց որոշումը. «Մենք հիմա իշխանություն ենք մուտք գործել բարեփոխումների համար»,- ասաց նա՝ համոզմունք հայտնելով, որ մարդիկ, ովքեր ընտրել են իրենց ծրագիրը, քվեարկել են բարեփոխումների իրենց վճռականության օգտին, կտեսնեն, որ դրանք իրականություն են դառնալու:

Անդրադառնալով այն թեմային, որ մարտի 1-ի իրադարձությունների մեջ մարդիկ մեղադրում են նաեւ Ա. Բաղդասարյանին՝ ՕԵԿ նախագահը կարծիք հայտնեց, որ մեղավորն այն քաղաքական ուժերն են, ովքեր այդ ամենը կազմակերպել են, ովքեր «9 օր մարդկանց անծրագիր պահել են Ազատության հրապարակում»։ Զարմանալին այն է, որ երբ Հեղինե Բիշարյանը ելույթ էր ունենում նույն Ազատության հրապարակում` Լեւոն Տեր-Պետրոսյանի համակիրների առջեւ, այդ միջոցառման բացասական երանգները ՕԵԿ-ում կարծես չէին նկատում։

Ամենահետաքրքիրը, թերեւս, իշխանության մեջ կոնկրետ ՕԵԿ-ի զբաղեցրած տեղի մասին պարզաբանումն էր։ Ա. Բաղդասարյանը հայտարարեց, որ առ այսօր կոալիցիոն կառավարության կադրային հարցերը չեն քննարկվել եւ քննարկվելու են նոր նախագահի պաշտոնամուտից հետո: «Որեւիցե ֆորմատով՝ ո՛չ երկկողմ, ո՛չ քառակողմ, որեւիցե քննարկում չի եղել՝ ո՛չ Ազգային ժողովի, ո՛չ կառավարության հետ կապված»։ Թեեւ մի բան պարզ է. Հեղինե Բիշարյանը չի դառնա ԱԺ փոխնախագահ։ «Դա սուտ է»,- ասաց Ա. Բաղդասարյանը։ Կոալիցիոն համաձայնության հասնելու ընթացքում կադրային հարցեր չքննարկելը Արթուր Բաղդասարյանը դրական գնահատեց, քանի որ իրենք առաջնային են համարել, որ լինի քաղաքական հարցերի, նպատակների ու առաջնահերթությունների շուրջ համաձայնություն, եւ կոալիցիոն հուշագրում դրանք նշվեն, եւ ոչ թե պաշտոնները: Շատ գեղեցիկ է հնչում, եւ կարելի էր պարզապես հիանալ մեր պետական այրերի հույժ պետականամետ եւ ազգանպաստ դիրքորոշումներով, եթե գոնե փոքր-ինչ ծանոթ չլինեինք դաժան իրականությանը։ Իսկ այդ իրականությունն այն է, որ Հայաստանում նման կարգի համաձայնությունները, որպես կանոն, կայացվում են «բազարների» արդյունքում։ Իսկ «բազարներն» էլ ոչ թե «քաղաքական ճշտին» հասնելու, այլ կոնկրետ պորտֆելների շուրջ են։ Այս դեպքում ստացվում է՝ մարդիկ բարիշել են՝ առանց կոնկրետ պաշտոնների շուրջ ընդհանուր հայտարարի գալու։ Պատկերավոր ասած, այս վիճակը կարելի է անվանել՝ «քյաստըմ՝ բազարից առաջ»։ Այդպես Հայաստանում չի լինում, որովհետեւ հայերը շատ զգուշավոր են եւ զգուշանում են «քցվելուց»։ Իսկ «քցելն», ինչպես գիտեք, հայ քաղաքական դաշտի բրենդերից մեկն է։

Վերջում անդրադառնանք նաեւ ապագա վարչապետի կերպարին, այն կերպարին, որը պատկերացնում է Ա. Բաղդասարյանը։ Եվ այսպես, նոր վարչապետը պետք է ունենա բարի համբավ, լինի քաղաքականապես փորձառու, քաղաքական դաշտին ծանոթ, միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ աշխատանքի փորձառությամբ մեկը։ Ակնհայտ է, որ այս չափանիշներով առաջնորդվելու դեպքում Հայաստանը կմնա առանց վարչապետի: