Խնդիրը լուծվեց

11/04/2008

«168 Ժամի» նախորդ համարում տպագրված «Սերժ Սարգսյանին հիշեցնում ենք» հոդվածի կապակցությամբ երեկ Երեւանի քաղաքապետարանից նամակ է ստացվել: Հիշեցնենք, որ հրապարակումն Աէրացիայի թիվ 7 հանրակացարանի բնակիչներ Արման եւ Լաուրա Նավասարդյանների մասին էր, ովքեր նույն սենյակում ապրում էին մեկ այլ` բազմազավակ ընտանիքի հետ: Արմանը վստահեցնում էր, որ դիմել են ՀՀ կառավարություն` խնդրելով հանրակացարանում այլ սենյակ հատկացնել, որից հետո ՀՀ վարչապետ Ս. Սարգսյանը քաղաքապետարանին հանձնարարել էր միջամտել հարցին: Սակայն նրանց սենյակի հարցն, այնուամենայնիվ, մնացել էր անփոփոխ: Ստորեւ ներկայացնում ենք քաղաքապետարանի նամակը, որը ստանալուց առաջ մենք արդեն այցելել էինք թիվ 7 հանրակացարան եւ պարզել, որ մայր ու որդուն քաղաքապետարանը թերթի հրապարակումից անմիջապես հետո նոր սենյակ է հատկացրել, ավելին` սենյակը վերանորոգվում է:

«Աէրացիայի հ.7 հանրակացարանային շենքի հ.98 սենյակի բնակիչներ Լաուրիկ եւ Արման Նավասարդյանների բնակարանային պայմանների վերաբերյալ «168 Ժամ» թերթի ս/թ ապրիլի 3-4-ի թիվ 29 (397) համարում հրապարակված Լուսինե Ստեփանյանի հոդվածի առնչությամբ Երեւանի քաղաքապետարանը տեղեկացնում է. ՀՀ վարչապետին հասցեագրված քաղաքացի Լ. Նավասարդյանի 22.01.2008թ. 04975 համարի տակ ՀՀ կառավարության աշխատակազմի ընդհանուր բաժնում մուտքագրված դիմումը Երեւանի քաղաքապետարան է ուղարկվել 29.01.2008թ.: Օրենսդրությամբ սահմանված ժամկետներում Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետի 29.02.2008թ. հ.06/Ն-49 գրությամբ դիմողին տրվել է գրավոր պատասխան եւ ձեռնարկվել են համապատասխան միջոցներ` նշված շենքում առանձնացված բնակելի տարածք ստեղծելու եւ Լ. Նավասարդյանին ու նրա որդուն վերաբնակեցնելու համար»,- ասված է քաղաքապետարանի պատասխան-նամակում:

Աէրացիայի թիվ 7 հանրակացարանային շենքի բնակիչների հավաստմամբ` հանրակացարանում մեծ թվով սենյակներ ազատ են, բնակիչներ չկան: Մեկ սենյակից մյուսը տեղափոխելու համար դժվար է հասկանալ, թե ի՞նչ միջոցներ էին անհրաժեշտ: Երեկ Արմանը չափազանց ուրախ էր, որ իրենց խնդիրն, ի վերջո, թերթի հրապարակումից հետո լուծում ստացավ: