Ընդդիմության եւ արդարության դեֆիցիտ

11/04/2008 Նատաշա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Այսօր ընդդիմադիր գործիչ գտնելը դժվար է` ընդդիմադիրներին կամ արագ պաշտոն են տալիս, կամ ձերբակալում են: Երեկ նախքան ՀՀԿ անդամ Արմեն Աշոտյանի ասուլիսը սկսելը ասուլիսի ոչ բանավեճային ձեւաչափն այսպես բացատրեց «Հայելի» ակումբի ղեկավարը: Իսկ Արմեն Աշոտյանն անդրադարձավ 1998-2008թթ. պետականության մոդելին` նշելով, որ այն հարիր է եղել տվյալ ժամանակահատվածին, եւ որով իրենց հաջողվել է անհրաժեշտ բարեփոխումներ կատարել տարբեր ոլորտներում: Սակայն 10 տարիների արդյունքում կուտակված թերությունների արդյունքում զարգացման այդ մոդելն իր բոլոր առավելություններով ու գրանցած հաջողություններով հանդերձ, ըստ նրա, իրեն սպառել է: Երեկ հրավիրած ասուլիսի ընթացքում պատգամավորը հայտարարեց, որ 2008-ից սկսած` պետությունը պետք է որդեգրի նոր զարգացման մոդել: «1998-2008թթ. ընթացքում կուտակված խնդիրների հանրագումարում հասարակության մի հատվածի մոտ առաջացել է որոշակի սուբյեկտիվ զգացողության` արդարության պակաս: Ես համարում եմ, որ մեզ մոտ խնդիրներն ավելի շատ ոչ թե սոցիալական բնույթից ելնելով են եղել, այլ հենց այդ արդարությունից: Դրա դեֆիցիտից է, որ որոշ հատվածների մոտ առաջացել են ծայրահեղական դրսեւորումներ»,- հայտարարեց Աշոտյանը` համեստաբար չնշելով, որ դրանք Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներն են:

Թեեւ շատերի մոտ մտավախություն կար (եւ կա), որ Սերժ Սարգսյանի` նախագահ ընտրվելուց հետո մենիշխանություն եւ մեկ քաղաքական ուժի գերակայություն կլինի, սակայն հետընտրական զարգացումներն Ա. Աշոտյանին ցույց են տվել, որ այդ մտավախություններն արդարացված չէին: Իսկ իբրեւ դրա ապացույց` պատգամավորը մատնանշում է քառակողմ կոալիցիայի ստեղծումը, որի նպատակը, նրա գնահատմամբ, ոչ թե պաշտոնների ակնկալիքն է, այլ հասարակական-քաղաքական կայունացումն ու իրավունքների ու պարտականությունների վերաբաշխումը քաղաքական վերնախավի ներսում: Իսկ այն հանգամանքը, որ այդ կոալիցիայի մաս կազմող անդամներից ոմանք նախընտրական քարոզարշավի ընթացքում ամենասուր կերպով էին արտահայտվում իշխանության մասին, Ա. Աշոտյանը բնական է համարում. «Ընտրարշավի ընթացքում արվում են տարբեր տեսակի արտահայտություններ, ծայրահեղական գնահատականներ, որոնք ընտրություններից հետո դրվում են մի կողմ` հանուն գերխնդիրների եւ համատեղ աշխատանքի: Ըստ իս` կոալիցիան ոչ թե պաշտոններ բաժանելու, այլ պարտականություններ կիսելու ձեւաչափ է, համենայնդեպս ՀՀԿ-ի համար դա այդպես է»:

Այսօր շատ է խոսվում, թե ով ինչ պաշտոն է զբաղեցնելու նոր ապագա կառավարությունում: Ա. Աշոտյանի կարծիքով` պետք չէ կառավարությանն ու ապագա վարչապետի դերին ավելորդ քաղաքական հնչեղություն հաղորդել: Իսկ թե ով կլինի ՀՀ հաջորդ վարչապետը, Ա. Աշոտյանն առայժմ չի ցանկանում կանխատեսել: Նրա համար կարեւոր են ապագա վարչապետի նշանակման սկզբունքները: «Վարչապետը պետք է լինի քաղաքական թիմի ներկայացուցիչ, բայց ոչ քաղաքականացված կերպար, նա պետք է լինի թիմային խաղացող, հմուտ ղեկավար եւ թոփ-մենեջեր, ունենա համապատասխան քաղաքական ընկալում»,- նշեց Աշոտյանը: Անդրադառնալով մարտի 1-ի իրադարձություններին` Ա. Աշոտյանը նշեց, որ դրանք սառը ցնցուղ չեղան այն մարդկանց համար, որոնք դրանում իրենց մեղքի բաժինն ունեն: «Ինչո՞ւ են մարդկանց արյունը դարձնում դրոշակ: Հասկանալի է` փորձ ունեն: Զուգահեռներ չեմ անցկացնում, բայց հոկտեմբերի 27-ի զոհերի արյունն էլ երկար ժամանակ դարձրեցին դրոշակ: Ինչո՞ւ չեն փորձում հասկանալ, որ այդ ծայրահեղությունը ոչ մի դրական բանի չի բերում: Արտակարգ իրավիճակի վերացումից հետո այն մամուլը, որն այդ ուժերի ամբիոն էր, նորից հեղեղված է ծայրահեղական դիրքորոշումներով, որոնք երկխոսության տեղ չեն թողնում»: Ա. Աշոտյանն իշխանությունների համար իբրեւ երկխոսության թիրախ տեսնում է ոչ թե Լեւոն Տեր-Պետրոսյանին ու նրա թիմակիցներին, այլեւ նրա ընտրազանգվածին: Նրա կարծիքով` պետք է փորձել հասկանալ, թե ինչ խնդիրներ են 350.000 մարդու մղել հրապարակ, այդ խնդիրների համակարգային լուծումները գտնել եւ նորից նրանց վստահությանն արժանանալ: Այս պարագայում, ըստ նրա՝ նրանց առաջնորդն ավելորդ կդառնա: