Արմավիր քաղաքի Շահումյան փողոցում գտնվող հանրակացարանում, ի տարբերություն բնակիչների` բավականին հարմարավետ «ապրում են» առնետներ, օձեր ու կարիճներ:
Օրեր առաջ բնակիչներից մեկի կատվին կարիճը խայթել է, ու կատուն հիվանդացել է: Այն, որ մահամերձ կատվի վաղաժամ մահվան լուրը որեւէ մեկի մոտ սրտի տրոփյուն չի առաջացնի` բնական է, սակայն կարիճների խայթոցից ապահովագրված չեն նաեւ տեղի բնակիչները: Նկարում պատկերված աղջիկն Օվսաննան է, ով իրենց հետ ապրող օձերի, կարիճների ու առնետների մասին պատմություններ է պատմում, որոնք նման են լեգենդների: Մեկ ամիս առաջ կարիճը խայթել է նաեւ 8-ամյա այս աղջկան: Օվսաննան մանկուց հաշմանդամ է` երեւանյան հիվանդություն ունի: Կարիճի խայթոցից հետո նրա սրտի աշխատանքը կտրուկ վատացել է` 1 րոպեում 120 զարկ: Մայրը հաճախ նրան տեղափոխում է հիվանդանոց, քանի որ առողջականը կտրուկ վատանում է: Օվսաննան մյուս երեխաների պես ի վիճակի չէ բակում խաղալ, թռվռալ. «Ես չեմ կարում դուրս գամ: Մի քիչ քայլում եմ` սիրտս ցավում ա, շունչս կտրվում ա: Վախենում եմ»,- ասում է նա, ում մայրը հետազոտման համար չի կարողանում նրան հիվանդանոց տանել, քանի որ գումար չունի: Բացի սրտի ցավից, աղջիկը վախենում է նաեւ գլխավերեւի կիսափուլ գերաններից, որոնք կորցնելով ամրությունն՝ աստիճանաբար կախվում են օդում: Մայրը` Ռուզաննան, ասում է. «Ամուսինս էս պայմաններից զզված գնաց Ռուսաստան ու էլ հետ չեկավ, տեղեկություն չունեմ: Դարձա միայնակ մայր ու երեխաներիս օրվա հացը չեմ կարողանում հասցնել»: Ռուզաննան 4 տարեկան մյուս աղջկան ուղարկում է գիշերօթիկ մանկապարտեզ, որտեղ երեխան պատշաճ կերպով սնվում եւ տուն է գալիս միայն շաբաթ-կիրակի օրերին: Խանութներից այնքան է պարտքով հաց վերցրել, որ` «Էլ նիսյայով բան չի տալիս աշխատողը: Լացելով, խնդրելով, աղաչելով եմ հաց վերցնում: 80.000-ի պարտք ունեմ»։ Ռուզաննան սկսում է հոնգուր-հոնգուր լաց լինել: Հետո մտնելով մոր թեւի տակ՝ սկսում է լաց լինել նաեւ Օվսաննան, ու հետո էլ սկսում է լաց լինել հարեւանուհին:
«Աղջիներին հարս չեն տանում, տղաներին աղջիկ չեն տալիս»
Արմավիր քաղաքի Շահումյան 13 հասցեում գտնվող հանրակացարան ոտք դնելիս՝ թվում է` պատերազմի դաշտում կամ գետտոյում ես հայտնվել: Փայտաշեն հատակն ու առաստաղն ակամայից «սեղմում» են քեզ, որովհետեւ շենքի ամրաններն այստեղ անվտանգության հավատ չեն ներշնչում: Քայլերիդ հետ մեկտեղ՝ փայտե հատակն իջնում-բարձրանում է ու ծանր դմբդմբոցը ահավոր վախեցնում է: Տասնամյակներ առաջ այս հանրակացարանը կառուցվել է գերմանացի գերիների կողմից: Երկու հարկանի այս շենքում ընդհանրապես ջրատար խողովակներ եւ կոմունալ պայմաններ չկան: Ընդհանուր զուգարանը գտնվում է շենքից մոտ 20 մետր հեռավորության վրա, իսկ լոգարան ընդհանրապես գոյություն չունի: Կենցաղային նողկալի եւ վտանգավոր պայմաններից մարդիկ ահավոր նյարդային ու բարկացած են: Ասում են` այստեղի բնակիչների ոչ տղաներին են հարս տալիս, ոչ էլ աղջիկներին են հարս տանում: «Մեր երեխեքն էս պայմանների պատճառով չեն ամուսնանում: Տղաներին աղջիկ չեն տալիս, իսկ էստեղի աղջիկներին ոչ ոք չի ուզում հարս տանել: Երեխա չի ծնվում»,- պատմում են նրանք` նշելով, որ նոր ընտանիքներ չեն ստեղծվում: Հանրակացարանում բնակվող 17 ընտանիքներից միայն մեկ ընտանիքում տղամարդ կա: Կանանց ամուսինները գնում են Ռուսաստան աշխատելու եւ այլեւս չեն վերադառնում: Պայմաններից են փախչում: «Էստեղից ում ամուսինը գնաց` էլ չվերադարձավ, ոչ էլ տեղեկություն ունենք մեր ամուսիններից: Էնքան զզված էին, որ գլուխներն առան ու փախան, իսկ մենք տառապում ենք»,- ասում են առանց ամուսին մնացած կանայք: Հանրակացարանը Արմավիրի Պահածոների գործարանինն է, որն, ինչպես շատ գործարաններ` սնանկացել է եւ իրացվել: Այս շենքում ապրում են մարդիկ, ովքեր 30-40 տարի շարունակ աշխատել են այդ գործարանում` բնակարան ստանալու հույսով: 1985 թվից այս շենքը համարվում է 4-րդ կարգի վթարայնության շինություն: Դրանից 23 տարի անց կիսափուլ այս շենքում ապրելու համար առնվազն համարձակություն է պետք: Մարդկանց կյանքը վտանգի տակ է, որովհետեւ ամեն պահի կարող է շենքը փլվել: Հանրակացարանի բնակիչները դիմել են բոլոր հնարավոր պաշտոնյաներին` ՀՀ նախագահին, ՀՀ վարչապետին, Արմավիրի մարզպետին, Արմավիրի քաղաքապետին… այս շարքը կարելի է անվերջ թվարկել: «Գերանը կոտրվում-ընկնում ա երեխեքի վրա, ո՞նց կլինի էսպես ապրել: Ախր մի՞թե մեր կյանքը ոչինչ չարժե մեր իշխանությունների համար»,- ասում են նրանք` հավելելով, որ Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը դիմել է ՀՀ կառավարություն, որից հետո վերանորոգել են միայն շենքի տանիքը: «Մենակ շիֆերները փոխեցին, ու վերջ: Բայց մենակ տանիք փոխելով ի՞նչ, տեսնում եք էլի կռիսը, մուկը, օձն ու կարիճն երեխեքին աչքներիս առաջ ուտում են: Ախր էսպես ապրել հնարավոր չէ»,- պատմում են բնակիչները` նշելով, որ քաղաքապետը պատրաստակամ է այս հարցին լուծում տալ, սակայն միայն՝ կառավարությունից գումար փոխանցվելու դեպքում: Բնակիչների բողոքներին ի պատասխան` քաղաքապետն ասում է` երբ կառավարությունը գումար փոխանցի, այն ժամանակ էլ հնարավոր կլինի շենքը վերակառուցել: Սակայն կառավարության` գումար հատկացնելու որոշումը կարող է ուշացած լինել, քանի որ այդ ընթացքում հնարավոր է մարդկային կյանք կորցնել: Շենքի բնակիչները տարվա բոլոր եղանակներին կարիճների ու առնետների որս են անում: Սենյակներից դուրս են բերում երկարապոչ չորացրած կարիճներին ու պատմում են, թե ինչպես են կարողացել վտանգը կանխել:
«Մենակ, անտեր եմ մնացել»
Սեդա Հովհաննիսյանը 40 տարի աշխատել է Պահածոների գործարանում, բնակարան ստանալու համար հերթագրվել է, սակայն ԽՍՀՄ փլուզումից հետո հերթագրվածների ցուցակը դարձել է սովորական թուղթ: «Էս անտանելի սենյակը տվեցին, ասեցին` ապրե՛ք, մինչեւ հերթը հասնի: Մնացինք ու մնացինք»: 72 տարեկան այս ծեր կնոջը հարեւանները հաճախ անգիտակից վիճակում են գտնում: Կաթված է ստացել ու հաճախ գլխացավերից գալարվում է: Սեդա տատը Պահածոների գործարանում աշխատել ու բնակարան ստանալու հույսով ապրել է մի ամբողջ կյանք` 40 տարի: Սակայն նրան մնացել են միայն հանրակացարանի անտանելի պայմանները, որոնք դարձել են նեւրոզի ու հոգեկան խանգարումների սկզբնաղբյուր: Սեդա տատը լաց լինելով նկարագրում է, թե ձմռանն ինչ գնով է փողոցներից աղբի կարտոններն առանձնացնում, բերում վառում, որ մարմինը ջերմացնի: 20.000 դրամ ծերության թոշակով 72-ամյա այս կինը ծերությունը քաղցով է հաղթահարում: Գլխացավերի համար պահանջվող դեղորայքի մեկ հաբն արժե 250 դրամ, իսկ Սեդա տատը հաճախ ստիպված է լինում այդ ցավերին դիմանալ, քանի որ նշանակված՝ օրը 3 անգամ խմելու այդ դեղերի համար գումարը չի հերիքում: «Ո՞ւր էր, թե կարենայի ճաշ եփել: Սոված-ծարավ գոյատեւում ենք»,- ասում է Սեդա տատն, ում հանգուցյալ որդին բռնցքամարտի չեմպիոն Օնիկ Հովհաննիսյանն էր: Պատմում է, թե որդու կենդանության օրոք ինչ ապահով պայմաններում է ապրել, սակայն հիմա… «Մենակ, անտեր եմ մնացել, աղջիկ ջան: Իմ տարիքի կինը ո՞նց կարա ստեղ ապրի` վեդրոներով ջուր կրի, զուգարան գնալու համար եքա ճամփա կտրի: Չեմ դիմանում, մաշվում եմ, ո՞ւր ա կյանք, ո՞ւր ա ստեղ կյանք»,- նեղսրտում է նա` վստահեցնելով, որ բարձրաստիճան պաշտոնյաներն այս շենք ոտք են դնում միայն ընտրությունների ժամանակ: Եկողը խոստանում է հանրակացարանի շենքը վերանորոգել, պայմանները բարելավել, սակայն ընտրություններից հետո Շահումյան 13 հասցեն Արմավիրի քարտեզից ջնջում են: Շենքի բնակիչները մեր իշխանություններին կոչ են անում` «Մի օր գերանները կփլվեն, ու բոլորս տակը կմնանք, էն ժամանակ ուշ կլինի»: