Մեղավոր չի ճանաչել

06/04/2008

Ավան եւ Նոր Նորք համայնքների դատարանն ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք պահելու մեղադրանքով «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Գեղամ Հարությունյանին դատապարտել է մեկուկես տարվա պայմանական ազատազրկման: Գլխավոր դատախազությունից ստացված հաղորդագրության համաձայն, դատարանը փորձաշրջան է նշանակել՝ մեկուկես տարի ժամկետով: «Ես ինձ մեղավոր չեմ ճանաչել: Մտածում եմ՝ ինչպես բողոքարկել վճիռը»,- «Ազատություն» ռ/կ-ի տված հարցազրույցում ասել է Գեղամ Հարությունյանը: Վերջինս ժամանակին եղել է պաշտպանության նախարարի տեղակալ: Ըստ նրա, «այն զենքը, որի ապօրինի պահպանության մեջ ես մեղադրվում եմ, 1998 թվականին պաշտպանության նախարարի հրամանով ինձ պարգեւատրած զենքն է՝ բանակաշինության գործում իմ ունեցած մեծ ավանդի համար»: «Պարզվում է, որ այդ զենքը գրանցված չէ Ոստիկանությունում, եւ ինձ մեղադրել են, որ ես պետք է գրանցեի: Այնուամենայնիվ, մեղադրող կողմն էլ ընդունեց, որ այստեղ որեւէ հանցավոր դիտավորություն չկա, եւ համոզվեց, որ ես պարզապես անիրազեկության պատճառով չեմ գրանցել զենքը»,- ասել է Գ. Հարությունյանը: Պատասխանելով առաջիկայում քաղաքական գործունեությամբ զբաղվելու մտադրության մասին հարցին, Գ. Հարությունյանն ասել է. «Վերջին ժամանակներս ակտիվ քաղաքական գործունեությամբ չեմ զբաղվել, քաղաքականությունը շարունակում է հետաքրքրել ինձ, ես կորոշեմ իմ մասնակցության ձեւն ու չափը»: