Top-300. Հայկական բիզնեսի «պատվո տախտակը»

13/05/2005 Գառնիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Տնտեսության վերաբերյալ տարբեր թվեր հրապարակելը մեր իշխանությունների
ամենասիրած զբաղմունքներից է: Պաշտոնական վիճակագրությունն ու տնտեսական
ղեկավարությունը ամեն ինչ անում են իրենց հրապարակած ամենատարբեր
հաշվետվություններում տնտեսական աճի վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի
հայտարարություններին «թվային» տեսք տալու համար: Այս ոլորտի
գլուխգործոցը, իհարկե, Վիճակագրական պետական ծառայության ամենամյա
հաշվետվությունն է, որի խնդիրը ոչ թե տնտեսության իրական վիճակի
արձանագրումն է, այլ տնտեսական աճի «հիմնավորումը»:

Նմանատիպ հաշվետվություններ ժամանակ առ ժամանակ հրապարակում են նաեւ
առանձին գերատեսչություններ՝ Հարկային ու Մաքսային ծառայությունները,
Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը, Կենտրոնական բանկը, եւ այլն:
Այս շարքին պատկանող վերջին հրապարակումը Հարկային պետական ծառայության
այս տարվա առաջին եռամսյակի 300 խոշոր հարկատուների ցուցակն էր: Իհարկե,
դրա նպատակն ավելի շատ «քարոզչական» է, թե տեսեք՝ ովքեր իրենց բիզնեսից
որքան հարկ են վճարում պետությանը: Բացի այդ, միջազգային ֆինանսական
կառույցներն առանձնակի ուշադրությամբ են հետեւում այս խնդրին, քանի որ
նրանց համար կարեւոր է հարկային մուտքերի կառուցվածքը՝ կապված խոշոր եւ
միջին բիզնեսի համամասնությունների հետ: Խնդիրն այն է, որ նրանց
վերլուծություններով Հայաստանում խոշոր բիզնեսը պետք է ապահովեր
բյուջետային եկամուտների ավելի քան 70%-ը, սակայն այսօր այդ ցուցանիշը
30%-ից պակաս է: Այս գնահատականն անուղղակիորեն հաստատում է տնտեսության
մեջ ստվերայնության բարձր մակարդակի առկայությունը եւ նաեւ այն, որ ստվերն
իրականում գտնվում է ոչ թե մանր ու միջին բիզնեսի դաշտում, ինչպես
ներկայացնում են իշխանությունները, այլ հենց խոշոր գործարարների, այսինքն՝
օլիգարխների գործունեության ոլորտում:Հարկային պետական ծառայության
ցուցակում տեղ գտած 300 խոշոր հարկատուներն այս տարվա առաջին եռամսյակի 35
մլրդ դրամ ընդհանուր հարկային եկամուտներից ապահովել են մոտ 27,5 մլրդ
դրամը: Այս համամասնությամբ, փաստորեն, խոշոր հարկատուները վճարել են այս
ժամանակահատվածի հարկային եկամուտների «խոշոր» բաժինը, սակայն որպես կանոն
տարեկան կտրվածքով այդ ցուցանիշը նվազում է, եւ տարեվերջին
համամասնությունը սովորաբար հակառակն է լինում: Իսկ ովքեր են «արժանացել»
խոշոր հարկատու լինելու պատվին: Հարկային պետական ծառայության հրապարակած
ցուցակի, թերեւս, 30% ընկերություններն են, որ ծանոթ են հասարակությանը:
Մինչդեռ ցուցակում կան ձեռնարկություններ, որոնց անունները գրեթե ոչինչ
չեն ասում: Ցուցակը գլխավորում է Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատը,
որն այս տարվա առաջին եռամսյակում պետբյուջե է մուծել 5,8 մլրդ դրամ: Սա
պայմանավորված է, թերեւս, նախորդ տարի այս գործարանի սեփականաշնորհմամբ:
Երկրորդ խոշոր հարկատուն հայ-ռուսական «Հայռուսգազարդ» ընկերությունն է՝
3,1 մլրդ դրամ ցուցանիշով: Խոշոր գործարարներից կամ, ինչպես ընդունված է
ասել, օլիգարխներից այս ցանկի առաջին տասնյակում է հայտնվել միայն Հրանտ
Վարդանյանը: Նրա սեփականություն հանդիսացող «Գրանդ-Տոբակոն» խոշոր
հարկատուների ցուցակում թվով հինգերորդն է, վճարել է մոտ 1,5 մլրդ դրամ
հարկ: Առաջին տասնյակում՝ 9-րդ հորիզոնականում է նաեւ նրան պատկանող
«Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունը, որի տնօրենը Հրանտ Վարդանյանի
որդին է: Խոշոր հարկատուների ցուցակում կարելի է տեսնել նաեւ այլ
օլիգարխների պատկանող ընկերությունների անուններ: Այս ցուցակում են
հայտնվել Միխայիլ Բաղդասարովին պատկանող մի շարք ընկերություններ, Բարսեղ
Բեգլարյանի «Ֆլեշը», Սամվել Ալեքսանյանի «ՖլիտՖուդը», «Նատալի Ֆարմը»,
Գագիկ Ծառուկյանի «Մուլտի-Լեոնը» եւ մի շարք այլ ընկերություններ,
Հարություն Փամբուկյանի «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական» ֆաբրիկան,
Գուրգեն Արսենյանի «Արսօյլը» եւ այլն: Այս ցանկը կարելի է շարունակել:
Գրեթե բոլոր խոշոր գործարարներն էլ այս կամ այն անուններով գրանցված
ձեռնարկություններով հայտնվել են 300 խոշոր հարկատուների ցուցակում:
Սակայն ցուցակում նրանց կողմից ներկայացված հարկային վճարները շատ
դեպքերում չեն համապատասխանում նրանց «խոշորության» մասին հասարակության
մեջ գոյություն ունեցող պատկերացումներին: Այս դեպքում թերեւս խնդիր է
դրվել, որ բոլորն էլ «մտնեն» այս ցուցակի մեջ, եւ այդ խնդիրը լուծվել է:
Հարկային պետական ծառայության հրապարակած ցուցակում կա եւս մի հետաքրքիր
փաստ: 300 խոշոր հարկատուների գրեթե 70%-ը Երեւանում գրանցված եւ գործող
ընկերություններ են: Սա եւս մեկ անգամ վկայում է, որ խոշոր կապիտալը
կենտրոնացված է առավելապես Երեւանում, եւ տնտեսական աճ ասվածն էլ, ըստ
էության, ոչ թե Հայաստանին, այլ Երեւանին է վերաբերում: