ԱՄՆ-ում լույս տեսնող «Մայամի հերալդ» թերթը կարծիք է հայտնել, որ Հայաստանում նոր դեսպան Մարի Յովանովիչի նշանակումը ամերիկահայերի համար կարող է դառնալ այս տարվա ամենաթեժ հարցը: «Այն, որ Ներկայացուցիչների պալատում տապալվեց Հայոց ցեղասպանությանը վերաբերող բանաձեւը, նշանակում է, որ Յովանովիչի հաստատումը կարող է դառնալ այս տարվա ամենաթեժ հարցը ամերիկահայերի համար, որոնք տարիներ շարունակ բարձրացրել են ցեղասպանության հարցը»,- գրում է թերթը, ըստ որի, «դա կարող է օգտագործվել նաեւ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ժամանակ: Հայերը կազմում են Կալիֆոռնիայի եւ Նյու Ջերսիի ընտրողների մի զգալի մասը, իսկ սենատոր Բարաք Օբաման Սենատի Արտաքին հարաբերությունների կոմիտեի անդամ է, կոմիտե, որը պետք է քննարկի Յովանովիչի թեկնածությունը»: Յովանովիչի համար անորոշ հարցը մնում է այն, թե արդյո՞ք իրեն կհաջողվի խուսափել Ռիչարդ Հոգլանդի ճակատագրից, փաստում է ամերիկյան պարբերականը, հիշեցնելով, որ ամերիկահայ ակտիվիստները եւ Կոնգրեսում նրանց աջակիցները տապալեցին Հոգլանդի նշանակումը, քանի որ նա այդպես էլ չարտասանեց «ցեղասպանություն» բառը: