Որոշ շրջանակներում շրջանառվող այն լուրը, թե ԱՄՆ-ը աջակցում է ՀՀ առաջին նախագահ Լեւոն
Տեր-Պետրոսյանին, ճիշտ չէ, որովհետեւ ԱՄՆ-ի շահերից չի բխում ՀՀ առաջին նախագահին աջակցելը: Իսկ պատճառը Լեռնային Ղարաբաղի հարցում Լ. Տեր-Պետրոսյանի դիրքորոշումն է:
Երեկ «Հայացք» ակումբում նման տեսակետ է հայտնել ԼՂՀ նախկին արտգործնախարար, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանը: Վերջինիս խոսքերով՝ եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդես գար ոչ թե տարածքները հանձնելու, այլ դրանք պահպանելու օգտին, ապա կունենար ամերիկյան աջակցություն: Թեեւ Ա. Մելիքյանն այդպես էլ չնշեց, թե երբ եւ որտեղ է Լ. Տեր-Պետրոսյանը հայտարարել տարածքները հանձնելու մասին, բայցեւայնպես, նշեց, որ «Տեր-Պետրոսյանի թիմն արտաքին աջակցություն չստացավ, որովհետեւ հանդես էր գալիս տարածքները հանձնելու դիրքից»: Արման Մելիքյանը, ով, բացի ԼՂ նախկին արտգործնախարար լինելուց, նաեւ ԼՂՀ նախագահի նախկին խորհրդական է, ասում է, որ թե՛ ԱՄՆ-ին, թե՛ Ռուսաստանին ձեռնտու չէ, որ Հայաստանը հետ վերադարձնի ազատագրված տարածքները: Այդ տեսանկյունից, ըստ նրա, ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացրած տարբերակը, որտեղ խոսվում է տարածքները հանձնելու մասին, ավելի «եվրոպամետ է»: Ա. Մելիքյանը դա բացատրում է նրանով, որ Կովկասով անցնող հաղորդակցության ուղիները ավելի շատ պետք են Եվրոպային` ասիական երկրների հետ կապվելու եւ տնտեսական նոր շուկաների համար, հետեւաբար Եվրոպան շահագրգռված է խաղաղության հաստատմամբ, որ այդ ուղիները լինեն երաշխավորված անվտանգ եւ գործեն լիարժեք: Իսկ քանի որ այդ դեպքում Եվրոպան կդառնա ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի լուրջ մրցակից, ապա, ըստ Մելիքյանի, վերջիններս շահագրգռված չեն այդ հաղորդակցության ուղիների անվտանգության հարցում, հետեւաբար՝ նրանց շահից է բխում, որ տարածքները չհանձնվեն: Հարցին, թե այդ դեպքում մի՞թե ԱՄՆ-ը եւ Ռուսաստանն այդքան ուժ չունեն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում ներկայացնեն իրենց շահից բխող տարբերակներ, Ա. Մելիքյանը պատասխանեց, թե ԱՄՆ-ը ու Ռուսաստանը դա թողել են «հայկական կողմերին» (նկատի ունի՝ Հայաստանին եւ ԼՂ-ին): Լրագրողներից մեկը նկատեց, որ այդ դեպքում, եթե հայկական կողմերը հետամուտ չեն լինում դրան, ապա ստացվում են այնպիսի տհաճ ու անցանկալի իրողություններ, ինչպիսին է ՄԱԿ-ում ընդունված հայտնի բանաձեւը: Իսկ արդյոք եթե հայկական կողմերը շարունակեն այդպես անտեսել ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի, ինչպես Մելիքյանն է ասում` իրենց վրա դրված շահը, վերջիններս այդ «գործառույթը» չեն հանի հայկական կողմերի իրականացման տիրույթից: Ըստ Արման Մելիքյանի, այդ դեպքում գերտերությունները պարզապես այնպես կանեն, որ հայկական կողմերը պարզապես ստիպված կլինեն իրականացնել այդ առաքելությունը, որը մինչ այդ կարող էին անել կամավոր կերպով: Բանախոսը երեկ անդրադարձավ նաեւ ՀՀ-ի կողմից ԼՂՀ անկախությունը ճանաչելու հնարավորությանը:
Հարցին, թե արդյոք դա վտանգավոր չի՞ կարող լինել Հայաստանի համար, ԼՂՀ նախկին ԱԳ նախարարը պատասխանեց, որ վտանգավորը ոչինչ չանելն է, ինչն էլ, նրա հավաստմամբ, տեղի է ունեցել անցած տարիների ընթացքում: Նա նպատակահարմար է համարում սկսել Ղարաբաղի ճանաչման գործընթաց: Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, թե պետք է ճանաչել ԼՂ-ն կամ վերջինիս հետ ստրատեգիական պայմանագիր ստորագրել, ապա Մելիքյանը տեղեկացնում է, որ դա իր համար ընդունելի կլիներ, եթե այդօրինակ հայտարարություն աներ վարչապետ Սերժ Սարգսյանը: Բանն այն է, որ Ա. Մելիքյանի դիտարկմամբ՝ Ռ. Քոչարյանը հեռացող նախագահ է, եւ եթե նա նման բան անելու միտք ուներ, այդ մասին պետք է խոսեր նախորդ 10 տարիների ընթացքում, ոչ թե պաշտոնավարման վերջին տասնօրյակում: Ըստ նրա, եթե Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի իշխանության ժառանգորդն է, ապա նա պետք է աներ այդպիսի հայտարարություն, մինչդեռ Ս. Սարգսյանը, նրա խոսքերով, հիմա անում է հակառակը, ասելով, թե ինքն առաջիկայում չի անդրադառնալու Ղարաբաղի ճանաչման խնդրին:
Ա. Մելիքյանն անդրադարձավ նաեւ իշխանական լրատվամիջոցներով տարածվող այն թեզին, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժումն ապակայունացրեց ՀՀ ներքին վիճակը, թուլացրեց պետությունը, ինչի հետեւանքով Հայաստանի վրա Ղարաբաղի հարցում կարող են ուժեղանալ ճնշումները, հատկապես ամերիկյան կողմից, որպեսզի մեր երկիրը ստիպված գնա տարածքային զիջումների: Ըստ Ա. Մելիքյանի, դա ապակողմնորոշող մոտեցում է: Նրա կարծիքով՝ պետք է իշխանությունն անի հնարավորը, որպեսզի ձեւավորվի երկխոսության մթնոլորտ, որպեսզի երկրում ստեղծվի մի վիճակ, երբ իշխանությունը կորցնելը չդիտվի որպես տիեզերական ողբերգություն: Արման Մելիքյանը նաեւ արմատական ընդդիմությանը կոչ արեց պատրաստակամ լինել իրական երկխոսության եւ դրսեւորել հանդուրժողություն: Եթե երկխոսություն չլինի, եթե իշխանությունն ու ընդդիմությունը մնան անզիջում եւ կարծր դիրքերում, ապա, Ա. Մելիքյանի կարծիքով, դա կարող է բերել աղետալի հետեւանքների: Իսկ հարցին, թե արդյոք իրեն արվե՞լ է որեւէ պաշտոն ստանձնելու առաջարկ, եւ ինչպե՞ս ինքը կվարվի այդ դեպքում, Ա. Մելիքյանը պատասխանեց, թե ինքը Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին իր մոտեցումները պատրաստվում է մանրամասն ներկայացնել ապրիլի 8-ին հրապարակվելիք հայտարարության մեջ: Ա. Մելիքյանը տեղեկացրեց նաեւ, որ Սերժ Սարգսյանի՝ ապրիլի 9-ին կայանալիք երդման արարողությանը մասնակցելու հրավեր չի ստացել: