Նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանի ասելով` Մինսկի խմբի գործունեությունն արդյունավետ է, եւ դա բոլորովին չի խանգարի զուգահեռ բանակցություններ վարել ԼՂՀ-ի հետ եւ նախապատրաստել միջազգային հանրությանը վերջինիս ճանաչմանը: Ա. Մելիքյանի կարծիքով, առաջիկայում բանակցությունների ձեւաչափը կպահպանվի, սակայն Ադրբեջանը մինչեւ նախագահական ընտրությունները, փորձելու համար հայկական կողմի ամրությունն ու Մինսկի խմբի սկզբունքայնությունը, կարող է ինչ-ինչ քայլերի դիմել: Ըստ նրա` պետք է հաշվի առնել, որ իրական գործընթացները կարող են ծավալվել Ադրբեջանում ընտրությունների ավարտից հետո: ՄԱԿ-ում Ադրբեջանի կողմից առաջադրված բանաձեւի ընդունումն էական բարոյական ճնշում կլինի հայկական կողմի նկատմամբ: «Բանաձեւն իրողություն է, եւ դա անտեսել հնարավոր չէ: Այն ունի քաղաքական բարոյական արժեք»,- ասել է Ա. Մելիքյանը` հավելելով, թե տարածքները հանձնելու մասին խոսակցությունները դեստրուկտիվ են: «Պետք է հստակ քաղաքականություն մշակել, եւ ԼՂՀ-ն կճանաչվի սկզբում Հայաստանի, հետո` միջազգային հանրության կողմից»: Ի դեպ, ԼՂՀ ԱԳ նախկին նախարարի դիտարկմամբ` ՀՀ կողմից ԼՂՀ ճանաչվելը վտանգավոր չէ: