ԵԽ Նախարարների կոմիտեի մոնիտորինգի Ագոյի խմբի անդամների հետ հանդիպման ժամանակ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն առաջարկել է խորհրդարանական խմբակցությունների հետ համատեղ քննարկել մարտի 1-ի իրադարձությունները քննարկելու նպատակով ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու մասին հարցը: Նա ասել է, որ դրան կանդրադառնան որոշ ժամանակ անց, երբ արդեն պարզված կլինեն այդ իրադարձությունների հետ կապված հանգամանքները եւ հստակ կլինի, թե ինչ հարցեր են քննարկվելու ժամանակավոր հանձնաժողովում: «Եթե այդ ժամանակ խմբակցություններն անհրաժեշտ կհամարեն ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը, դա կարվի»,- Ագոյի խմբի ղեկավար Պեր Սյորգենի առաջարկին ի պատասխան, վստահեցրել է Տ. Թորոսյանը: ԱԺ հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության համաձայն` Պ. Սյորգենն ասել է, թե «տարբերակներից մեկը խորհրդարանական հանձնաժողովի ստեղծումն է, որի աշխատանքներում պետք է ներառված լինեն նաեւ տարբեր մասնագետներ` հանրության վստահությունն ապահովելու նպատակով»: Անդրադառնալով ԱԺ չորս պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու հարցին, զրուցակիցներն, ըստ հաղորդագրության, նշել են. «Ճշտվեց, որ այդ որոշումն ընդունելով` ԱԺ-ն նպատակ է ունեցել քննության համար պայմաններ ստեղծել միայն, եւ նրանք չեն դադարել պատգամավորներ լինել»: