ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանը երեկվա ասուլիսում հայտարարել է, թե ներքաղաքական իրադարձություններն անդրադարձել են ինչպես տնտեսության, այնպես էլ հանրապետության արտաքին տնտեսական իմիջի վրա:
Երկխոսության հնարավորություն, Գ.Մինասյանի համոզմամբ, միշտ կա: Ըստ նրա` ցանկացած քաղաքական ուժ ցանկացած իրավիճակում պետք է կարողանա վեր կանգնել նեղ շահերից եւ առաջնորդվել պետական ու ազգային շահերով, գնալ երկխոսության: «Համերաշխության առաջարկ ՀՀԿ-ի կողմից եղել է ընտրություններից առաջ եւ հետո, այդ առաջարկները շարունակվում են կուսակցության տարբեր ներկայացուցիչների կողմից` լինի ղեկավար մարմնի անդամ, թե ոչ: Այդ առաջարկի պատասխանն էր ստեղծված կոալիցիան»,- ասել է նա` վստահեցնելով, թե բացի հայտնի քաղաքական ուժերից, ՀՀԿ առաջարկին կլինեն նաեւ այլ արձագանքողներ, քաղաքական ուժեր, որոնք ներկայացված չեն խորհրդարանում: «Այն համերաշխության մթնոլորտը, որը կայանում է, հնարավորություն կտա տարվա ընթացքում հետ բերել առաջին կիսամյակում կորցրածը: Պետք է համակերպվել այն իրականության հետ, որ ժողովրդի մի ստվար զանգված իր ձայնը տվել է ոչ մեր, այլ Դաշնակցության, ՕԵԿ-ի թեկնածուին, եւ կոալիցիայի ստեղծմամբ նպատակ ունենք համադրելու բոլոր մոտեցումները, քանի որ չկա մի մոտեցում, որը դեմ է երկրի զարգացմանը. ճանապարհներն են տարբեր: Երբ կառավարության ծրագիրը ներկայացվի հանրությանը, այնտեղ տարբեր ճանապարհների համադրումը տեսանելի կլինի: Այս առումով` կոալիցիան լիարժեք պատասխանատվություն է կրելու կառավարության գործունեության համար, եւ պատասխանատվության չափը հավասար է լինելու»,- ասել է Գ. Մինասյանը: