Եվս մեկ մեղադրանք

06/04/2008

Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում Երեւանի Էրեբունի համայնքի թիվ 13 ընտրատարածքի թիվ 10 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները կեղծելու դեպքի առթիվ հարուցված քր.գործի նախաքննությունը: Թիվ 13 ԸԸՀ նախագահ Սեյրան Մկրտումյանին մեղադրանք է առաջադրվել քվեարկության արդյունքները կեղծելու համար: Գլխավոր դատախազի մամուլի քարտուղարն «Ազատությանը» փոխանցել է, թե նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ փետրվարի 23-ին թիվ 13 ԸԸՀ-ում ՀՀ նախագահի թեկնածուների վստահված անձանց, լրատվամիջոցների ներկայացուցիչների, միջազգային դիտորդի, ինչպես նաեւ թիվ 13/10 ԸԸՀ նախագահի մասնակցությամբ կատարված քվեարկության արդյունքների վերահաշվարկի ընթացքում Սերժ Սարգսյանի օգտին քվեարկված քվեաթերթիկների ծրարում հայտնաբերվել է Լեւոն Տեր-Պետրոսյանին կողմ քվեարկված 151 քվեաթերթիկ: Ս. Մկրտումյանը, արձանագրված անճշտությունը թաքցնելու նպատակով, կեղծել է վերահաշվարկի արդյունքները՝ հանձնաժողովի անդամներից եւ դիտորդներից թաքցրել է Տեր-Պետրոսյանին կողմ քվեարկված 146 քվեաթերթիկների պարունակությամբ ծրարը, իսկ վերահաշվարկի արդյունքների վերաբերյալ արձանագրությունը հաստատել է՝ չմտցնելով թաքցրած ծրարում առկա 146 քվեաթերթիկների վերաբերյալ տվյալները: Ձեռք բերված ապացույցների հիման վրա Մկրտումյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 150 հոդվածով, որով ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելու համար սահմանված է 3-ից մինչեւ 5 տարի ժամկետով ազատազրկում: Ս. Մկրտումյանն ընդունել է առաջադրված մեղադրանքը` տալով խոստովանական ցուցմունքներ: Քր.գործն ուղարկվել է Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար: